«Հայաստանը՝ որպես քաղաքակիրթ քրիստոնյա աշխարհի առաջամարտիկ, այսօր իրականացնում է շատ կարևոր գործառույթ՝ ընդդեմ ահաբեկչության». Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Սա ի՞նչ վտանգներ է պարունակում, Թուրքիան ընդլայնո՞ւմ է իր իր մասնակցությունը ռազմական գործողություններին։

– Թուրքիայի կողմից ներկայումս իրականացվող քայլերը, ըստ էության, նրա՝ արդեն տարիների, հատկապես վերջին ամիսներին թեժացած քաղաքականության կոնկրետ օրինակ են։ 

Այն, որ Թուրքիան այս տարածաշրջանում վարում է ապակառուցողական քաղաքականություն, հայտնի է։ Շատ հաճախ թուրքական պաշտոնական քաղաքականությունն ահաբեկչական կառույցին հարիր քաղաքականություն է։ Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան, ոտնահարելով միջազգային տարատեսակ չափանիշները, ինչպես նաև ստանձնած պարտավորությունները, վարում է ագրեսիվ քաղաքականություն։ 

Եվ շատ կանխատեսելի էր, ցավոք սրտի, ես առիթներ ունեցել եմ կանխատեսելու, որ չի կարելի բացառել Թուրքիայի ուղղակի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, քանի որ նա նմանատիպ ուղղակի ագրեսիա է իրականացնում տարածաշրջանային տարբեր երկրների նկատմամբ՝ Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի և այլն։

Եվ սա, ըստ էության, խոսում է Թուրքիա պետության մասին՝ որպես տարածաշրջանային ապակառուցողական գործոնի։ Ես կարծում եմ՝ Հայաստանն այժմ դիմագրավում է ահաբեկչությանը և դիմագրավում է թուրքական սպառնալիքին՝ ոչ միայն որպես առանձին պետություն, այլև որպես քաղաքակիրթ աշխարհի առաջամարտիկ։ 

Սա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլև քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է՝ կասեցնել թուրքական նկրտումները, կասեցնել թուրքական ապակառուցողական քայլերը և կասեցնել թուրքական ահաբեկչական մտածողության գործնական օրինակ հանդիսացող հարձակումները։

Ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես քաղաքակիրթ քրիստոնյա աշխարհի առաջամարտիկ, այսօր իրականացնում է շատ կարևոր գործառույթ՝ ընդդեմ ահաբեկչության, ընդդեմ ազգայնամոլական մտածողության և ընդդեմ քաղաքակիրթ աշխարհի չափորոշիչների ոտնահարման։

Իսկ քաղաքակիրթ աշխարհն ինչո՞ւ է լուռ, այս անգամ էլ է հավասարության նշան դրվում ագրեսորի ու հայկական կողմերի միջև։

– Քաղաքակիրթ աշխարհի գործելաոճն ու պահվածքը, ցավոք սրտի, տասնամյակներ ու դարեր շարունակ նույն ձեռագիրն ու ոճն ունեն։ Մենք նմանատիպ օրինակներ կարող ենք տեսնել տարբեր պատմական իրադարձությունների ժամանակ։ Եվ, ցավոք սրտի, քաղաքակիրթ աշխարհի արձագանքը փոփոխության չի ենթարկվում։ 

Եվ սա ոչ միայն այս պահին վնասում է Հայաստանին ու հայ ժողովրդին, այլև հերթական հարվածն է հենց նույն այդ քաղաքակիրթ աշխարհին և ընդհանրապես քաղաքակրթությանը, քանի որ թուրքական քաղաքականության նկատմամբ ամեն անգամ նման անատամ արձագանքները, հերթապահ հայտարարությունները խրախուսում ու քաջալերում են թուրքական նոր ու հերթական ոտնձգությունները քաղաքակիրթ աշխարհի ու մարդկության կողմից ընդունված չափորոշիչների նկատմամբ։ 

Վաղուց ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը՝ կոնկրետ Եվրոպան, արևմտյան պետությունները և Ռուսաստանը, ի վերջո գիտակցեն, որ սա ոչ միայն Հայաստանի և հայության խնդիրն է, այլևս համաշխարհային խնդիր է՝ կասեցնել այն միտումները, որոնք դեմ են միջազգայնորեն ճանաչված ու ընդունված մոտեցումներին, այն մոտեցումներին, որոնք կազմում են քաղաքակիրթ աշխարհի ընկալումների ու մտածողության հիմքը։

– Հայկական կողմը դիվանագիտական դաշտում կարողանո՞ւմ է այս ամենը պատշաճ ներկայացնել միջազգային հանրությանը։

 – Քանի որ Հայաստանն այս պահին բախվել է թուրք-ադրբեջանական լայնածավալ հարձակման, կարծում եմ՝ դեռ անհնար է այս ամենը դիվանագիտական խողովակներով հավուր պատշաճի ներկայացնել։ 

Չնայած ճիշտ կլինի նրանք ռազմական դիմագրավմանը զուգահեռ իրականացնեն նաև դիվանագիտական համապատասխան աշխատանք։ Բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս հայկական դիվանագիտությունը հավուր պատշաճի և, համագործակցելով իր դաշնակիցների ու գործընկեր երկրների հետ, համաշխարհային ու միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու է այն անառարկելի փաստերը, որոնք վկայում են, որ Թուրքիան, ըստ էության, այլևս չի կարող որևէ առնչություն ունենալ միջազգայնորեն և քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված չափորոշիչների հետ։ 

Իհարկե, հայկական դիվանագիտության վրա մեծ պատասխանատվություն է դրվում՝ այդ ամենը հավուր պատշաճի ներկայացնելու միջազգային հանրությանը, բայց դա, կարծում եմ, նաև հայկական առաքելությունն է։ 

Ինչպես այս պահին մեր բանակը դիմագրավում է թուրքական սպառնալիքին, այնպես էլ, վստահ եմ, դիվանագիտությունը հավուր պատշաճի դա ներկայացնելու է համաշխարհային հանրությանը՝ հետևությունները թողնելով նրան, բայց, միաժամանակ, շարունակելով լինել առաջամարտիկը միջազգայնորեն ու քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված չափորոշիչների պաշտպանության հարցում։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am