«Երեխեքս ինձ ուժ են տալիս»․ Ռատխա Ավագիմյանը ամուսնու և եղբոր զոհվելուց հետո ապրում է հիշողություններով

«Ամեն ինչ կարանք նորից ստեղծենք, մի բան կարանք անենք, բայց որ գիտես՝ ամուսինդ հետ չի գալու, եղբայրդ հետ չի գալու, էդ մտքից խեղդվում ես ու տանջվում»,- ցավից մորմոքում է 39-ամյա Ռատխա Ավագիմյանը, որի ամուսինն ու եղբայրը զոհվել են Արցախյան պատերազմի ընթացքում, Հադրութում ունեցած տունն ու ապրուստն էլ հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ:

Ռատխա Ավագիմյանի ամուսինը՝ Նվեր Գալստյանը, սպա է եղել, 20 տարի զինվորական ծառայության մեջ է եղել, զոհվել է հայրենիքի պաշտպանելիս՝ 2020-ի նոյեմբերի 7-ին՝ ամուսնության 20-ամյակի օրը։

«Ամուսինս ու իրենց զորքը շրջափակման մեջ են ընկել, ամուսինս զորքը հանել է շրջափակումից, կարողացել է 40-60 զինվորի փրկել։ Փրկված զինվորները պատմում են, որ ամուսինս վիրավորվել է և զինվորներին հորդորել է գնալ, որ չկոտորվեն։ Ինքը՝ արյունաքամ, մինչև ուժերը հատելը զինվորներին շալակած տարել ա սկորի, էնտեղ պայթեցրել են, ինքը զոհվել է։

Էդ տղաների ծնողները որ եկան ամուսնուս հուղարկավորությանը, լացեցին, պատմեցին, որ իր արյան գնով փրկել է իրենց երեխաներին։

Ինքը շատ սրտաբաց, շատ նվիրված էր զորքին ու էդպես էլ նվիրված զոհվեց,- պատմում է կինը ու շարունակում,- տղաս էլ էր զինծառայող, Մարտակերտի կողմն էր՝ թեժ մարտերի մեջ։ Չգիտեի՝ որ մեկի համար մտածեմ։ Հետո տղայիս բաց թողեցին, եկավ, ասեց՝ մամ, պապային զանգում եմ, զանգ չի գնում, անհասանելի ա: Ես էլ չէի կարում սկզբում ասել, ո՞նց ասեի՝ հերդ չկա։ 

Երեխեքս, որ լսեցին լուրը, գոռացին, ասում էին՝ չի կարող էդպիսի բան լինի, որ մեր հերը զոհվի, չենք կարողանում պատկերացնել։ Ասեցի՝ երեխե՛ք ջան, հասկացեք, արդեն գնում ենք սգո սրահ: Որ գնացինք, տեսան, շատ դժվար տարան, միջնեկ աղջիկս մտքում էր լացում»։

Ռատխա Ավագիմյանի ամուսնու և եղբոր նկարներով անկյունը

Ռատխա Ավագիմյանը պատմում է, որ եղբայրն էլ զոհվել է հայրական գյուղում՝ մինչև վերջ մնալով Իշխանաձորում՝ որպես կամավոր, փորձել է օգնել տեղում օգնության կարիք ունեցողներին: 

«Դուրս չեկավ գյուղից, ասեց՝ բոլորը դուրս գան, ո՞նց կլինի, ինքը չէր ուզել լքել գյուղը, մնացել էր, որ ինչ-որ մեկին պետք լինի՝ օգնի։ Իրեն ահագին ման եկանք, գիտեինք, որ զոհվել ա, բայց մարմինը չէինք գտնում, 3 ամիս հետո տղաս գտավ»,- հուզմունքով ասում է նա։

Ռատխա Ավագիմյանի և ընտանիքի կյանքը գլխիվայր շրջվել է պատերազմի հետևանքով, ասում է՝ մինչ պատերազմը ամեն ինչ շատ լավ էր, երջանիկ էին, նպատակներ ունեին:

«Ամուսինս աշխատում էր, ես աշխատում էի, ճաշարանում խոհարարների մենեջերն էի։ Ամուսինս հպարտանում էր տղայիս հաղթանակներով ու հաջողություններով. տղաս բռնցքամարտիկ է, մտածում էինք՝ ոնց անենք, որ ավելի առաջ գնա։ Աղջիկներս մեծանում էին, մտածում էինք՝ ուսումը շարունակեն, երազանքներ ունեինք։ Հադրութում ամեն ինչ լավ էր, աշխատանք կար, ժողովուրդն իրենց համար ապրում էր: Մենք չէինք մտածում, որ պատերազմ կսկսվի, մենք չէինք մտածում, որ Հադրութը կանցնի նրանց ձեռքը»,- ասում է Ռատխան։

Ռատխա Ավագիմյանը՝ աղջիկների հետ

Ռատխա Ավագիմյանի տղան՝  բռնցքամարտի առաջնությունում մրցանակ ստանալիս

Ռատխա Ավագիմյանը նշում է, որ կարոտով են հիշում Հադրութը, ամեն օր նայում են նկարները, տեսանյութերը, երազում են, որ Հադրութը վերադարձվի հայերին, ու իրենք նորից գնան իրենց հայրենիք։ 

«Մեր հայրենիքը միշտ ձգում ա, հոտը ու բույրը կանչում ա, կարոտությունը շատ ա խեղդում, ասում եմ՝ երանի հենց էսօր էլ Հադրութը տան, գնանք էլի։

90-ական թվականներին փոքր երեխա էի, տեսել եմ պատերազմը, մեր կյանքը նկուղներում է անցել, դպրոց չկար։ Հիշում եմ՝ պապաս ոնց էր գնում կռիվ, չէինք պատկերացնի, որ կարա 30 տարի անցնի, ամուսնանաս, ու քո երեխեքը էդ ցավը տեսնեն։

Բայց վախ չունեմ, ես ուզում եմ գնանք, թեկուզ չորս պատ լինի, կստեղծենք, կդնենք, մեր հայրենիքն ա, կվերականգնենք։ էդ վախը էլ չկա, սարսափելին էն ա, որ զոհ ենք տվել, որ էլ հետ չենք կարա բերենք»,- ասում է Ռատխան։

Նա նշում է, որ, ճիշտ է, այլևս առաջվա պես չի լինի, ամուսինն իրենց հետ չէ, բայց կփորձեն ուժերը հավաքել ու նորից ապրել:

«Երեխեքս ասում են՝ մա՛մ, մենք չպիտի պարտվենք, մեր պապան հերոս ա, մեր պապայի հիշատակը վառ պահենք: Իրենք շատ հասկացող են, ես ուրախ եմ, որ երեխեքս էդպես են հասկացել կյանքը, ասում են՝ մենք հերոսի երեխաներ ենք ու պետք է վառ պահենք հիշատակը: Եթե ինքն էնտեղից իմանա, որ մենք ընկճվում ենք, տանուլ ենք տալիս, ինքը չի ների, ինքը չի սիրում ընկճված լինելը։ Իրենք ինձ ուժ են տալիս»,- ասում է Ռատխան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am