Կյանքն առանց պլաստիկ թափոնների՞. Իմ հետաքրքիր փորձի պատմությունը, կամ ինչպես կրճատել մեր արտադրած աղբը

Կյանքն առանց պլաստիկ թափոնների՞. Իմ հետաքրքիր փորձի պատմությունը, կամ ինչպես կրճատել մեր արտադրած աղբը
Կյանքն առանց պլաստիկ թափոնների՞. Իմ հետաքրքիր փորձի պատմությունը, կամ ինչպես կրճատել մեր արտադրած աղբը

– Վա՜յ, մամա՛, տե՛ս՝ վաճառողը միսը դրեց ցելոֆանի մեջ,- ահազանգում է հնգամյա դուստրս: Ես բացատրում եմ, որ մսի համար հատուկ աման մեզ հետ չենք վերցրել: Աղջիկս իմ անփութությունից դժգոհ է, իսկ ես գոհ եմ, քանի որ առաջին անգամ տեսնում եմ երկու ամիս առաջ սկսած իմ նախաձեռնության իրական արդյունքը: Դա հնգամյա երեխան է, ով արդեն առնվազն «խաղի կանոներից» դուրս է համարում ինչ-որ բան պոլիէթիլենային տոպրակի մեջ դնելը:

Ապրել՝ հնարավորինս խուսափելով պլաստիկ աղբ կուտակելուց: Այս գաղափարը հաճախ էր անցնում մտքովս, հատկապես երբ կարդացի Ամերիկայում բնակվող ֆրանսիացի մի կնոջ` Բեա Ջոնսոնի մասին, նրա ընտանիքը հաջողացնում էր մեկ տարվա ընթացքում ընդամենը մեկ բաժակի չափ աղբ կուտակել:

Դա, կարծում եմ, պարզապես հոյակապ է: Հայաստանում, սակայն, նման ապրելակերպն ինձ անհնարին էր թվում, ես անգամ չէի էլ ուզում փորձել: Ամեն ինչ փոխվեց, երբ մի օր սուպերմարկետում գեղեցիկ ապակե ջրի տարա տեսա: Մտածեցի՝ աղջկաս համար ամեն անգամ պլաստիկե շշով ջուր գնելու փոխարեն վատ չէր լինի նման մի բան ձեռք բերել և պարբերաբար օգտագործել: Սա եղավ սպառողական նոր վարքագիծ մշակելու առաջին ազդանշանը:

Հայաստանում, ըստ տարբեր աղբյուրների տեղեկատվության, ամեն տարի գոյանում է մոտ 6000 տոննա պլաստիկ աղբ: Այս նյութը քայքայվում է հարյուրավոր տարիների ընթացքում`լցվելով, ես կասեի՝ ծածկելով շրջակա միջավայրը: Համեմատության կարգով` թուղթը հողում քայքայվում է 2-3 ամսում:

Թե ինչ քանակի է հասնում մեր երկրում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների սպառումը, կարելի է պատկերացնել առանց թվերին ծանոթանալու: Հայաստանի անգամ ամենագողտրիկ անկյունում, մի ծառի ճյուղից դրոշակի պես կախված տոպրակ հաստատ բոլորս ենք տեսել:

Մեր երկրում պլաստիկի վերամշակման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց բնապահպաններն ահազանգում են, որ դրանք չնչին են: Խնդրի վրա իրական ազդեցություն կարող է ունենալ սպառողական մշակույթի փոփոխությունը: Մասնավորապես` հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և ընդհանրապես խուսափել պլաստիկից: Սա կբերի նրան, որ առօրյայում, սննդամթերքի և մարմնի խնամքի ոլորտում կարող են լուրջ փոփոխություններ արձանագրվել:

Աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ «առանց թափոնների» խանութներ են բացվել: Այստեղ ամեն ինչ, անգամ սպասք լվանալու հեղուկը, վաճառում են քաշով: Եթե մենք փոխենք սպառողական մեր վարքագիծը և խուսափենք պոլիէթիլենային տոպրակներից ու մթերքի ավելորդ փաթեթավորումից, վաղ թե ուշ մեզ մոտ էլ կբացվեն նման խանութներ: Արդյունքում՝ կունենանք շատ ավելի մաքուր միջավայր:

«Բա աղբը ո՞նց եք թափում»

Այս ամառ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ մեր երկիրը փուլ առ փուլ հրաժարվելու է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից: Սա մի շարք երկրներում ընդունված և իրագործվող քաղաքականություն է: Բնականաբար, շատերի մոտ հարցեր առաջացան, թե դա ինչպե՛ս է իրականացվելու: Ես ամենահաճախ լսում եմ` բա աղբն ինչպե՞ս ենք թափելու: Նախապես պատասխանեմ` խորհրդային ժամանակներում կիրառվող հին ու բարի մեթոդով`դույլով:

Երբ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու այս արշավը հասնի Երևան, իմ ընտանիքի վրա այն զրո ազդեցություն կունենա, քանի որ մենք արդեն տևական ժամանակ փորձում ենք ապրել առանց պոլիէթիլենային տոպրակների և ընդհանրապես հնարավորինս խուսափել պլաստիկից: Առաջին հայացքից դժվար գործ է թվում, բայց արդյունքները, որոնց կարող եք հասնել նման վարքագծով, իրոք արժեն, որպեսզի մի քիչ ջանք գործադրեք այդ ուղղությամբ:

Ինչպե՞ս առևտուր անել առանց պոլիէթիլենային տոպրակի

Լուծումն իրականում շատ հեշտ է: Պարզապես հիշեք մեր ծնողների մանկությունը և երիտասարդությունը: Ես հիշում եմ` մայրս անգամ հավկիթ գնելու համար հատուկ ձվաբնիկներ ուներ: Կտորից տոպրակներ, ցանց «ավոսկաներ» գտնել, գնել, կարել, գործելը, կարծում եմ, բարդ չէ: Իսկ հավկիթի կամ, ասենք, հատապտղի համար կարող եք գեղեցիկ դույլ վերցնել:

Հմտությունը գալիս է փորձի հետ: Երբ առաջին անգամ որոշեցի կտորից տոպրակով սուպերմարկետ մտնել, դուրս եկա այդ նույն պայուսակով և ևս երկու պոլիէթիլենային տոպրակներով, քանի որ ամբողջ գնած ապրանքս իմ տոպրակում չտեղավորվեց: Հետո, երբ ուսումնասիրեցի խնդիրը, պարզվեց, որ մեզնից շատերը հենց խանութում են կողմնորոշվում, թե ինչ գնել այսօր: Սա սխալ մոտեցում է, քանի որ այդպես մենք, խաբվելով գեղեցիկ փաթեթավորված մթերքի տեսքին, գնում ենք շատ ավելի շատ, քան մեզ հարկավոր է: Հատկապես, երբ մի քիչ էլ սոված ենք լինում: Արդյունքում՝ մեր աղբի քանակը կրկնապատկվում և անգամ եռապատկվում է:

Հիմա ամեն անգամ նախքան առևտուր անելը ես նայում եմ, թե տանն ի՛նչ կա, և ինչի՛ պակաս ունենք: Ցուցակ եմ կազմում: Սա օգնում է հստակ հասկանալու, թե քանի՛ տոպրակ և տարա հետս պետք է վերցնեմ: Եթե ձու, լոլիկ կամ, ասենք, ելակ ենք նախատեսում գնել, վերցնում ենք նաև դույլը: Ցավոք, եթե որոշում եք կայացրել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից, ապա չեք կարող միրգն ու բանջարեղենը սուպերմարկետներից գնել:

Այստեղ անգամ երկու գլուխ սոխը նախ դնում են պոլիէթիլենի մեջ, վրան գնապիտակը փակցնում, հետո գումարն անցկացնում են համակարգչի մեջ: Ինձ ասացին` այլ կերպ հնարավոր չէ աշխատել: Հակառակ դրան` լոկալ պտուղ-բանջարեղենի խանութում ձեզ ամենայն հավանականությամբ կընդառաջեն և անգամ կօգնեն միրգը ճիշտ տեղավորելու կտորից տոպրակի մեջ: Հացը նույնպես ճիշտ է գնել փոքր խանութից կամ փռից:

Սուպերմարկետում հացը հիմնականում փաթեթավորված է: Պանիրը մենք գնում ենք շուկաներում գործող պանրի կետերից: Այստեղ վաճառողը հաճույքով տեղավորում է մեր ընտրած կտորը մեզ հետ բերած բազմակի օգտագործման պլաստիկե տարայի մեջ:

Հյութ, կաթ, մածուն, թթվասեր գնելիս նախապատվությունը տալիս ենք ապակե տարաներով ապրանքին: Սուպերմարկետներում սուրճը, հացահատիկը, մակարոնեղենը հաճախ կարելի է կիլոգրամով կամ գրամով գնել: Պարզապես ձեզ հետ տարեք փոքրիկ կտորե տոպրակներ կամ բազմակի օգտագործման համար նախատեսված պլաստիկե, ապակե տարաներ:

«Առանց պլաստիկի» կյանքի լավ կողմերը

Այս ամենը սկզբում մի տեսակ ծանրաբեռնող, դժվար իրականանալի է թվում, բայց երբ ամեն ինչ ընկնի հունի մեջ, դուք կնկատեք մի շարք առավելություններ, հանուն որոնց արժի մի փոքր նեղություն կրել:

Առաջինը, ինչ շուտով կնկատեք, տան աղբի կտրուկ կրճատումն է: Պարզվում է`մեր առօրյա աղբի զգալի մասը կազմում են մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային մանր-մունր տոպրակները, պլաստիկե տարաները, ձվաբնիկները, բրնձի, պանրի և այլ մթերքների փաթեթավորման համար նախատեսված տոպրակները:

Երկրորդ առավելությունն այն է, որ առևտրի նման միջոցը թույլ է տալիս ավելի շատ սատարել տեղական արտադրողին, փոքր և միջին բիզնեսը: Չէ՞ որ շատ բաներ այլևս չեք կարող գնել սուպերմարկետներից և ստիպված եք դիմել փոքր, հաճախ մասնագիտացված խանութներ: Օրինակ` քաղցրավենիքի մի զգալի մասը մենք գնում ենք լոկալ հացաբուլկեղենի խանութից: Ես անձամբ եմ ճանաչում այն հաճելի կնոջը, ով թխում է մեր բլիթներն ու էկլերները:

Երրորդ հետաքրքիր փոփոխությունը, որ նկատեցի, շրջապատող աշխարհին բոլորովին այլ տեսանկյունից նայելու կարողությունն էր: Պարզապես, երբ սկսում ես խուսափել ավելորդ աղբից, հասկանում ես, թե որքան շատ է այն մեր շրջապատում: Աղբ, որը դեռևս աղբ չէ, բայց բավական է գնել այս կամ այն ապրանքը, և դրա մի մասը վայրկյաններ անց աղբի է վերածվում:

Չորրորդ ազդեցությունն անսպասելի էր: Պարզվեց՝ առանց թափոնների կյանքը ձեռնտու է նաև ֆինանսապես: Ազնվորեն ասեմ, սկզբում ինձ թվում էր, որ նման փոփոխություն ես հաստատ չեմ նկատի, քանի որ, օրինակ՝ երբ պլաստիկե շշով ձեթի փոխարեն ապակե տարայով ձեթ ես գնում, դա հաստատ չի օգնում գումար տնտեսելուն: Սակայն երբ ցուցակով ես գնում խանութ, երբ փորձում ես խուսափել պոլիէթիլենի մեջ փաթեթավորված ապրանքից, ծախսերն անկախ քեզնից կրճատվում են:

Եվ, իհարկե, հինգերորդ գլխավոր առավելությունը`սկսում ես գիտակցել, որ մասն ես դարձել մի շարժման, որն օգնում է ձևավորելու սպառողական նոր, կառուցողական և ավելի մաքուր մշակույթ: Դու դառնում ես օրինակ, որը տեսնում են երեխաները: Մեր վարքը նրանց համար ամենամեծ օրինակն է: Եվ եթե մենք այսօր պետք է ճիգ գործադրենք մեր կարծրացած սովորությունները փոխելու համար, նրանց համար միջավայրը չաղտոտելը կդառնա բնական մի բան, դա կստացվի ինքնըստինքյան, այնպես, ինչպես այսօր սուպերմարկետի վաճառողուհիներն են արագ-արագ մթերքը լցնում պոլիէթիլենային տոպրակի մեջ: Առանց գիտակցելու:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարները՝ էմմա Գրիգորյան

MediaLab.am