«Ոնց որ ինձ մեղավոր զգամ, որ ես կամ, իսկ տղերքը՝ չէ». Ահարոնն ասում է՝ պատերազմից հետո ամեն օր երկնքում ինչ-որ բան է փնտրում

Պատերազմից հետո երկնքին նայելը դժվար է դարձել Ահարոն Հակոբյանի համար։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հրետանավորն ասում է՝ ամեն գիշեր սովորություն է դարձել մի քանի րոպե աստղերին նայել ու երկնքում ինչ-որ բան փնտրել։ 

«Նայում եմ՝ հանկարծ ինչ-որ շարժ չլինի, ոնց որ անօդաչու եմ ուզում գտնեմ, բայց չի ստացվում»,- փորձում է ժպտալ 20-ամյա Ահարոնը։

«Մերը Օմարի թևն էր, ըտեղ ենք պոստ պահել։ Սեպտեմբերի 24-ին մեզ սովորական հերթափոխով դիրքեր բարձրացրին, իսկ 25-ի գիշերը՝ տագնապով առաջնագիծ, որովհետև թշնամին մեծ թվով կուտակումներ էր արել էդ հատվածում»,- հիշում է Ահարոնը և հավելում, որ իրենց համար սպասելի էր այդ հարձակումը, որովհետև մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանը արդեն ուժեղ ինժեներական աշխատանքներ էր իրականացնում։ 

«Հենց 27-ի առավոտ վնասել էին մեր հեռախոսալարերը, ու մենք տեղյակ չէինք, թե ինչ է կատարվում Արցախի մնացած հատվածներում, անգամ Մարտակերտից ու «Եղնիկներից» տեղեկություն չունեինք, չնայած դրանք ամենամոտն էին Քարվաճառին։ Մեզ թվում էր՝ հարձակումը մենակ մեր մոտ է եղել, բայց կապի վերականգնումից հետո իմացանք, որ լայնածավալ պատերազմ է սկսվել»։

Առաջին օրը ականանետը պայթել է Ահարոնի կողքին, ասում է՝ 20 րոպե անգիտակից ընկած է եղել.

«Արթնանալուց հետո ականջներումս խշշոց էր, մինչև հիմա էլ խնդիրներ ունեմ ու դեռ բուժվում եմ»։

Պատերազմի առաջին մի քանի օրը Քարվաճառում թեժ մարտեր են եղել, որովհետև Քարվաճառն այն ռուբիկոնն էր, որը հաղթահարելուց հետո ադրբեջանական ուժերը կարող էին կարճ ժամանակում գրավել ամբողջ Արցախը։

«Առավոտվա 7-ից մինչև ցերեկվա 4-ը հրետանիով ու օդային հրետակոծությամբ էին աշխատում, հետո արդեն փորձում էին մարդկային ուժով առաջանալ, բայց տենց էլ չկարողացան»,- հպարտորեն պատմում է Ահարոնը։

Ասում է՝ միակ դիրքը, որ հակառակորդը վերցրել է, եղել է Աղդակ կոչվող դիրքը, որն իրենց դիրքի հետ նույն գծի վրա էր։ Աղդակը գրավել է  ամսի 27-ին, իրենք հոկտեմբերի 4-ին են հետ վերցրել՝ չորրորդ փորձից։

«Էդ դիրքի համար մենք 50-60 զոհ տվեցինք, իրանք՝ կրկնակին»,- պատմում է Ահարոնը՝ նշելով, որ Քարվաճառում իրենց դեմ կռվողների մեծ մասը ադրբեջանական համազգեստով վարձկաններ էին։

«Դրանց փորին կրակում էինք, չէին մեռնում, մի րոպե հետո հելնում կանգնում էին։ Մենակ գլխին կրակելու դեպքում կարող էինք վերացնել, որովհետև լրիվ ինչ-որ դեղերի ազդեցության տակ էին»։

Պատերազմի կեսերին Ադրբեջանը ուժերը սկսել է կենտրոնացնել հարավային ուղղությամբ, սակայն նոյեմբերի 9-ին Քարվաճառը կրկին հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում։ Օմարի թևը շրջափակման վտանգի առաջ է կանգնել։

«Մարտակերտի կողմից տեղեկություն ունեինք, որ անցում պիտի լիներ, թիկունքից էլ՝ հարձակում։ Բացի էդ, սպառազինության պակասն արդեն զգալ էր տալիս։ Պատրոններն ու հրետանու արկերն էին քչացել կռվի սկզբի օրերի համեմատ։ Մեր հրետանին առաջին օրը 200 արկ էր կրակել ու դեռ մեծ պաշար ուներ, իսկ վերջին օրը մեր ընդհանուր պաշարն էր 200։ Հենց էդ ժամանակ էլ իմացանք, որ պայմանագիր էր ստորագրվել։

Չգիտեմ՝ ինչ կլիներ պայմանագիր չկնքելու դեպքում, պատկերացում չունեմ,- խոր շունչ քաշելով` ասում է Ահարոնը, ապա ավելացնում,- մեզնից ամեն մեկն իր բրոնեժիլետի հետևի գրպանում իր առանձին նռնակն ուներ, որ շրջափակման մեջ ընկնելու դեպքում ինքներս մեզ պայթեցնեինք»։ 

«Ավելի լավ կլիներ մեր ձեռքով գնայինք, քան ինչ-որ թուրքի… բայց, դե, մենք մինչև վերջին պահն էլ հավատում էինք, որ հաղթելու ենք։ Մենք ամեն օր սպասում էինք, որ մեզ առաջ գնալու հրաման էին տալու, բայց տենց սպասելով էլ մնացինք»,- պատմում է Ահարոնը ու հավելում՝ խաղաղ բնակչությանը վնասելու մասին նույնիսկ չէին մտածում, ուղղակի ուզում էին իրենց վերահսկողության տակ պահել էդ տարածքները։

Պատերազմի հետքերից ամենածանրը Ահարոնի համար մանկության ընկերոջ կորուստն է, որի մասին իմացել է պատերազմի ընթացքում․

«Ես անընդհատ մեր տնեցիներից հարցնում էի իր մասին ու բոլոր ընկերներիս մասին, որովհետև իրար հետ կապ չունեինք։ Երբ զանգում էի, համարն անհասանելի էր, ասում էին՝ լավ ա, բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ ընկերոջս հետ մի բան էն չի։ Հետո զանգեցի մյուս ընկերոջս, որ էդ ժամանակ դրսում էր, ասեցի՝ կապ կա՞ Սասունի հետ, ասեց՝ նորմալ ա սաղ, բայց ես էնքան ազդեցի իրա վրա, որ ասեց՝ Սասունը էլ չկա»։

Հիշում է՝ 3 օր ոչինչ չի կերել ու ոչինչ չի խոսել, միակ ցանկությունը, որ ունեցել է, ընկերոջը գոնե վերջին հրաժեշտ տալն է եղել․

«Նույնիսկ մտածում էի ինչ-որ ապօրինի ճանապարհով թողեի պոստերն ու գնայի գյուղ, էդ արարողություններին մասնակցեի, հետո նորից հետ գնայի, բայց ծառայակից ընկերս չթողեց, բացատրեց, որ էդ սխալ ա»։

Հիմա, երբ արդեն զորացրվել է, ամեն շաբաթ գյուղ գնալիս պարտադիր գերեզման է այցելում։

«Ինքը որ ծխում էր, ես դեռ չէի ծխում ու իրա պատճառով սովորեցի ծխել։ Նույն սիգարետից ենք միշտ ծխել, մինչև հիմա էլ նույն սիգարետն եմ ծխում ու որ գնում եմ գերեզման՝ իրա մոտ, բացի իմ սիգարետից մի հատ էլ իրա համար եմ վառում, դնում իրա կողքը, ու մինչև սիգարետը չի պրծնում, չեմ հելնում»։

Իսկ Եռաբլուր գնալու ուժ Ահարոնն իր մեջ չի գտնում, ինչքան էլ փորձում է իրեն տրամադրել։

«Ոնց որ ինձ մեղավոր զգամ, որ ես կամ, իսկ տղերքը՝ չէ։ Էդ միտքը ինձ անընդհատ հետապնդում ա, անգամ իմ զոհված ընկերների ծնողների աչքերին շատ չեմ կարողանում նայեմ, մեղավոր եմ ինձ զգում, չնայած իրականում գիտեմ, որ ես մեղավոր չեմ»։

«Ապրելը հիմա խոշոր շահում ա դարձել իմ համար, ոնց որ սովորական մեկը հիմա մի միլիարդ դոլար շահի ինչ-որ մրցանակաբաշխությունում։ Ես հիմա սովորական ապրում եմ, դրսում քայլում եմ։

Առաջ լիքը բաների ուշադրություն չէի դարձնում, մտածում էի՝ հա, դե, ժամանակը կգա, ամեն ինչ էլ կլինի, իսկ հիմա ինչ հնարավորություն ունենում եմ՝ օգտագործում եմ, փորձում եմ կառչել ամեն փոքր բանից։

Ամեն վայրկյանը իմ համար թանկ ու իմաստավորված ա դարձել, որովհետև չգիտես, թե վաղը քո հետ ինչ կլինի։ Էս խոսքերի իմաստը պատերազմից հետո եմ սկսել հասկանալ, պատերազմն ա ինձ էս ամենը սովորացրել»,- ասում է Ահարոնը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am