«150 հոգանոց դիվերսիոն խմբին դուրս են շպրտել, հետ գալու ճանապարհին անօդաչուի հարվածից զոհվել»․ քույրն ասում է՝ Մասիսի զոհվելուց հետո կյանքը գլխիվայր շրջվել է

«Հոկտեմբերի 23-ին իրենց տագնապով իջեցրել են Մարտունու գյուղեր։ Իրենց դասակով դուրս են շպրտել 150 հոգանոց դիվերսիոն խումբ, հետ գալու ճանապարհին անօդաչուի հարվածից զոհվել»,- կսկիծով 19-ամյա Թեհմինե Միրաքյանը, որը պատերազմում կորցրել է եղբորը՝ 24-ամյա Մասիս Հարությունյանին։

Մասիս Հարությունյանը պայմանագրային զինծառայող էր, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստացել լեյտենանտի, ապա՝ ավագ լեյտենանտի կոչում։ Ծառայել է Մարտունի 2 զորամասում։

«Չէր սիրում, երբ իրեն պարոնով էին դիմում, ինքը զինվորների համար ավագ ընկեր էր, ու բոլորն իրեն սիրում էին»,- ասում է քույրը։

Թեհմինեն պատմում է, որ հուլիսին եղբայրը կնոջ հետ Մարտունիից եկել էր Երևան, քանի որ որդին պետք է ծնվեր։ Որդու ծնվելուց անմիջապես հետո Մասիսին տագնապով կանչել են Արցախ, Մասիսը մեկնել է Արցախ ու այլևս չի վերադարձել։

«Հուլիսի 13-ին, երբ սկսվեցին տավուշյան դեպքերը, Մասիսն արձակուրդում էր, քանի որ իր տղան էր ծնվում: Ճիշտ է, հարձակումը Հայաստանի վրա էր, բայց դիրքերն ամրապնդելու համար իրեն կանչեցին Ղարաբաղ։ Որդուն ընդամենը մի քանի րոպե է տեսել։ Գնաց, հետո էլ սկսվեց 44-օրյա պատերազմը, ու էդպես իրեն էլ չտեսանք»,- հուզմունքով ասում է քույրը։ 

Վերջին անգամ Թեհմինեն Մասիսի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին, ասում է՝ այդ զրույցը երբեք չի մոռանա: «Ասեցի՝ քեզ լավ նայի, որ շուտ գաս, ասեց՝ գալու եմ, հո ստեղ չե՞մ մնալու»,- հուզվում է քույրն ու ասում, որ չի դադարում սպասել եղբորը։

Թեհմինեն ասում է՝ եղբայրը շատ էր կարոտում որդուն, որին ընդամենը մի քանի րոպե էր տեսել․ «Ասում էր՝ երանի ձեզ, որ տեսնում եք»։

Քույրը հուզմունքով է հիշում այն օրը, երբ եղբայրը որդի էր ունեցել: Մեծ ուրախությամբ տոնել էին, սակայն ցավով ասում է՝ եղբայրը չվայելեց երջանկությունը, երազանքները կիսատ մնացին։

«Ամենածանր հիշողությունը, որ իմ մեջ մնացել ա, երբ տղան ծնվեց, բոլորս մեր տանն էինք: Երբ Մասիսը ներս մտավ, մենք շամպայնը պայթացրեցինք, իրան ամբողջությամբ շամպայն արեցինք… ինքն էլ չէր հասկանում՝ ինչ ա կատարվում, ուրախությունից տեղը չէր գտնում։ Գնացինք իրանց տուն, ամբողջ գիշեր պարեցինք, ուրախացանք, էդ ամեն ինչը անընդհատ աչքիս առաջ ա գալիս։ Հիշում եմ ու ափսոսում, նեղվում, որ ինքը չկա, չի տեսնում իր երեխու մեծանալը։ Անարդար ա, երբ որ երեխեն գնում ա, քարն ա գրկում ու ասում՝ պապա։ էդպես չպետք ա լիներ»,- հուզմունքով ասում է Թեհմինեն։

Քույրն ասում է՝ չնայած եղբայրը հուլիսից տուն չէր եկել, շատ էր կարոտել որդուն, և ընտանիքն էլ հորդորում էր, որ վերադառնա, որ որդին իրեն է սպասում, բայց եղբայրը ոչ մի վայրկյան չթողեց դիրքը․ «Ասում էր՝ բա որ գամ, էս երեխեքի աչքերին ո՞նց եմ նայելու, ի՞նչ պատասխան եմ տալու»։ 

Մասիսի զոհվելու մասին ընտանիքն իմացել է հոկտեմբերի 23-ին, Թեհմինեն ասում է՝ այդ օրվանից իրենց կյանքը գլխիվայր շրջվեց։

«Շատ ծանր է, ախր Մասիսն ուրիշ էր, ինքը տարբերվում էր ընկերասիրությամբ, հոգատարությամբ, միշտ օգնում էր, ով օգնության կարիք ուներ, օգնում էր իր հնարավորության սահմանում ու դրանից էլ դուրս»։

Ասում է՝ եղբայրը երազում էր Մարտունիում խաղաղ ապրել կնոջ ու որդու հետ:

«Ուզում էին գնային Մարտունիում ապրելու, որտեղ Մասիսն էր ծառայում: Հիմա կինը միայն երեխայի համար ա ապրում, ապրում ա, որ իր երեխան էլ ապրի, կնոջ համար ավելի ծանր ա։ Պատերազմը փշրեց նրանց երազանքները»,- նշում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am