Factor tv Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված ասուլիսում հրապարակեց երկրորդ նախագահի հայտարարությունը:
«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։
Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է, գործը քննող դատավորն ընտրվել է օրենքի և ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլն առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։ Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա իմ և ընտանիքիս հանդեպ։
Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցածս արդյունքները, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում ինչպես նաև քաղաքական հեռանկարներս, ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ և երկիրը ղեկավարելու անընդունակ ղեկավարին»,- ասվում է Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրությունում։