Սգո սրահները աշխատում են գերծանրաբեռնված, համավարակի կանոնների պահպանման վերահսկողություն չկա․ «Չկա որոշում, վերահսկում չենք իրականացնում»

Երևանի արվարձաններից մեկում ապրող Մարինե Համբարձումյանն մեկ ամիս առաջ վարակվել է կորոնավիրուսով, ասում է, որ հիվանդությանը նախորդող օրերին հոգեհանգստի է մասնակցել։

«Շատ հարազատ մարդու էինք հրաժեշտ տալիս, կորոնավիրուսից էր մահացել, ընտանիքի անդամներն էլ ասեցին, որ արդեն առողջ են, մտածեցինք, որ անհարմար է հոգեհանգստի չգնալ, վերջին հրաժեշտն է, մեր ընտանիքին շատ մոտ մարդիկ են»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Հոգեհանգստից օրեր հետո Համբարձումյանների ողջ ընտանիքի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մեկ ամիս տևած բուժումներից հետո էլ, ասում է՝ որ հետևանքները դեռ զգալ են տալիս, չի հաջողվում լիովին ապաքինվել։ 

«Օրեր առաջ մեր հարևաններից մեկի հոգեհանգիստն էր, կրկին կորոնավիրուսից էր մահացել, տեսնում էինք, որ մարդիկ խմբերով բարձրանում են, ցավակցում, և մտածում էի, թե ա՞յս անգամ քանի հոգի պիտի վարակվի։ Հասկացել եմ, որ սխալ է, պիտի խիստ վերահսկողություն լինի։ Ընտանիքիս անդամներին ասեցի՝ վե՛րջ, բացառվում է, այս անգամ տնից դուրս չենք գալու, հոգեհանգստի չենք գնալու, թաղման արարողության չենք մասնակցելու: Բոլորն ինձ հետ համաձայն էին, մենք, լավ է՝ հաղթահարեցինք, սակայն կլինեն դեպքեր, որ ողբերգական ավարտ կունենան, վերահսկողությունը պետք է ուժեղանա»,- ասում է Մարինեն։ 

 Նոյեմբերի 5-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ։ 

Ի տարբերություն նախորդ տարվա մարտ ամսից ի վեր երկրում գործող լուրջ սահմանափակումների, երբ փաստացի արգելված էին հանրային հավաքները, հարսանիքներն ու սգո արարողությունները, իսկ ոստիկանները աչալուրջ հսկողություն էին սահմանում, այսօր որևէ կերպ այս դաշտը, կարելի է ասել՝ չի վերահսկվում։ 

Կորոնավիրուսային համավարակի տարածման ակտիվ փուլում, երբ օրական մահանում է 50-60 մարդ, արձանագրվում վարակման 2000-ից ավելի դեպք, հուղարկավորության և թաղման հատուկ կարգի մասին առողջապահության նախարարի հրամանը չի պահպանվում. սգո սրահներում բազմամարդ է, մարդիկ առանց դիմակի են, իսկ կարգի պահպանման պահանջով վերահսկողություն չի իրականացվում:

Վերահսկողության և մարդկանց կողմից հակահամաճարակային կանոններն արհամարհելու մասին խոսակցությունները սրվեցին հատկապես հայտնի երգիչ, կորոնավիրուսից մահացած Հայկոյի հոգեհանգստից հետո, երբ լրատվամիջոցներով հեռարձակվող ուղիղ եթերից պարզ դարձավ, որ մարդիկ անարգել, մեծ մասամբ՝ առանց պաշտպանիչ դիմակների մասնակցում էին հոգեհանգստի և թաղման արարողությանը։ 

«Իսկ ինչ-որ նոր որոշում կա՞: Չկա որոշում, վերահսկում չենք իրականացնում, կլինի՝ կիրականացնենք»,- «Մեդիալաբի» հարցին, թե ինչո՞ւ հուղարկավորության և թաղման արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողություն չի իրականացվում արձագանքում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն՝ հիշեցնենք, համավարակով պայմանավորված սահմանվում էր հուղարկավորության ու թաղման արարողության հատուկ կարգ:

Նախարարի կողմից սահմանված կանոնները նախատեսված էին հոգեհանգստի և թաղման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից: Ի թիվս այլ կանոնների, սահմանվում էր, որ հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցների միջև պետք է պահպանվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն, արարողության մասնակիցները կրեն դիմակներ, ու նրանց թիվը չգերազանցի 20-ը: Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

Ոստիկանությունից «Մեդիալաբին» փոխանցում են՝ քանի որ այսօր հստակ հրահանգ չկա, իրենք չեն կարող իրականացնել այն գործառույթը, ինչն անում էին անցյալ տարի, երբ առողջապահության նախարարության ու գործադիրի հստակ որոշում ու հրահանգ կային: 

2020, սգո սրահ, գարնան ամիսներին, երբ խիստ վերահսկողություն էր սահմանված։

«Այժմ, քանի որ որոշում չկա, չենք կարող գնալ սգո սրահներ ու հետևել, անհրաժեշտության դեպքում՝ միջամտել, որպեսզի թե՛ սրահի պատասխանատուն, թե՛ արարողության մասնակիցները պահպանեն հակահամաճարակային կանոնները»,- նշում են ոստիկանությունից:

«Գիտե՞ք, եթե հարսանիքի զալ լինի, ինչ-որ ձևով կկարողանաս վերահսկել, իսկ թաղումը չես կարող վերահսկել, հնարավոր չէ: Հա, գրված է, որ պետք է 20 հոգի լինի, բայց, դե, հիմա մարդիկ գալիս են՝ ի՞նչ անենք»,- «Մեդիալաբին» ասում են մայրաքաղաքում գործող «Էդեմ» սգո սրահից: 

Մեկ այլ՝ «Անգել» սգո սրահից «Մեդիալաբին» ասում են՝ փորձում են ինքնուրույն, առանց ոստիկանության միջամտության պահպանել հակահամաճարակային կանոնները. 

«Կոնկրետ զանգ, զգուշացում չենք ստացել, բայց անցած տարվանից տեղյակ ենք սահմանված կանոնների մասին, փորձում ենք մենք մեզանով դրանք պահպանել, որ ոստիկաններն անցած տարվա պես չգան անընդհատ հսկեն այստեղ»: 

Այստեղից նաև նկատում են, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի մարդիկ ավելի ուշադիր են, իրենք էլ են հետևում կանոններին՝ դիմակներով են լինում, ալկոգելից են օգտվում ու ներսում շատ չեն հավաքվում, հիմնականում դրսում են կանգնում:

«Այնպես չէ, որ ոստիկանությունից կամ թաղապետարանից գալիս-հսկում են: Մեզ մոտ և՛ սրահում, և՛ մուտքերի մոտ ունենք ախտահանիչներ, մարդիկ էլ դիմակով են էլի»,- «Մեդիալաբին» ասում են «Մատուռ» սգո սրահից:

Սգո սրահի ներկայացուցիչների խոսքով՝ արարողությունների թիվը շատ է, իրենք էլ ծանրաբեռնված են աշխատում:

«Իհարկե շատ են, ոնց կարող է շատ չլինել էս պարագայում, երբ օրական 40-ից պակաս մահվան դեպք չի գրանցվում»,- ասում են «Մատուռ» սգո սրահից:

Սրահի աշխատակիցների խոսքով՝ իրավական առումով այդ սահմանափակումները գործում են, բայց վերահսկողություն չկա՝ ի տարբերություն անցյալ տարվա, երբ կանոնների պահպանմանը հետևում էին և՛ կառավարության, և՛ առողջապահության նախարարության, և՛ ոստիկանության ներկայացուցիչներ:

Այն, որ վերահսկողություն չի իրականացվում պատկան մարմինների կողմից, ու ամեն ինչ թողնված է պատասխանատուների ու այցելուների հայեցողությանը, նկատելի է անզեն աչքով, երբ հոգեհանգստի ու հուղարկավորության արարողության ժամանակ շատ քչերն են դիմակ կրում, իսկ սոցիալական հեռավորության պահպանման մասին ոչ ոք չի էլ մտածում:

«Իհարկե, դեռ կա այդ սահմանափակումը, բայց միայն իրավական առումով, այսինքն` եթե անցյալ տարի և՛ ոստիկանությունից էին գալիս, և՛ նախարարությունից, հիմա ոչ մեկը չի գալիս։ Օրենքը կա, բայց վերահսկող չկա»,- «Մեդիալաբին» ասում են սգո սրահի աշխատակիցները։

Երևանի Հարավարևմտյան թաղամասի բնակիչ 72-ամյա Լալա Հարությունյանն ասում է, որ չի հասկանում նման անլրջությունը համավարակի և իրավիճակի հանդեպ։ Նա նշում է, որքան էլ ժամանակները ծանր են ու դժվար, պետք է ապավինել գիտությանն ու խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Սրտի ցավով եմ ասում, ամիսներ առաջ ստացա ամենամոտ ընկերուհուս մահվան բոթը, կորոնավիրուս։ Մինչև հիմա չեմ ուզում հավատալ, որ նա այլևս չկա։ Բայց ընկերուհուս որդին խնդրեց՝ տիկին Լալա, շատ ծանր է բոլորիս համար, սակայն հանկարծ մտքներովդ չանցնի մտածեք հրաժեշտի մասին, մամաս էլ մի նման տեղ գնալուց վարակվեց ու չկա, ձեզ թույլ չենք տա։ Շատ հուզվեցինք, խոսեցինք, բայց հասկացանք, որ այլ իրավիճակում ենք ապրում և պետք է ավելի սթափ լինել»։ 

Լալա Հարությունյանն ասում է, որ պատվաստվել է, սակայն, այդուհանդերձ, շատ զգույշ է, քանի որ հանուն երեխաների և թոռների պիտի զգույշ լինի, որ նրանց կողքին լինի։ 

«Կառավարությունը պիտի խստացված ռեժիմով աշխատի, և պետք է պահեն հակահամաճարակային կանոնները և մարդկանց գրագետ և մատչելի բացատրեն պատվաստումների կարևորությունը, ինչը, ես կարծում եմ՝ լավ չի արվել»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Սակայն, ՀՀ ԱՆ նախարարությունն «Մեդիալաբի» հարցին ի պատասխան նշում է, որ «շարժվում են պահի թելադրանքով»։

«Համավարակի երկրորդ ալիքի ժամանակ նախարարությունը սահմանեց հատուկ կարգ հանրային միջոցառումների անցկացման վերաբերյալ,  որը տարածվում էր նաև հուղարկավորության և հոգեհանգստյան արարողության վրա։ Այդ ժամանակ վերահսկողություն իրականացնում էին Ոստիկանության ու Տեսչական մարմինների աշխատակիցները։ Այս պահին, այդ որոշումը չի թարմացվել, ԱՆ֊ն նոր բան չի առաջարկել, բայց այս պահին միայն, որովհետև, գիտեք, շարժվում ենք պահի թելադրանքով»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am