Հայկ Մարության. Կարգին սևը

Մհեր Արշակյան

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այն էլ ինչպիսի զավակների: Հայկ Մարությանից սկսվեց մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելը: Հեղափոխության հաղթանակի օրերին Հայկը կարգին սպիտակ էր: Այսօր նա քյոմուր սև է՝ ըստ իր հեղափոխական եղբայրների: Քաղաքապետի աթոռը նա կկորցնի:

Հայկի քաղաքական թիմը բարեհաջող անցկացրեց ՏԻՄ ընտրությունները, չկեղծեց ոչ մի տեղամասում, ոմանց գերադասեց ձերբակալել հաղթելուց հետո, բայց հաղթանակին որևէ կերպ չխոչընդոտեց: Իշխանությունը թույլ է տալիս, որ հաղթեն իր կամքին հակառակ, բայց նա թույլ չի տա, որ իր կամքին հակառակ մնան: Հայկը կհեռանա զուտ բյուրոկրատական ճանապարհով: Նա այլևս քաղաքական թիմի մաս չէ:

Նրանից դժգոհությունները մեծ չէին, Հայկը հաղթեց կռիվը «Սանիտեկի» հետ, հաջողությամբ անցկացրեց Ֆիրդուսի թաղամասի բնաջնջումը, որն այնքան անհրաժեշտ էր «Քաղաքացիական պայմանագրին»: Բայց պատերազմից հետո Հայկը կորցրեց ոգևորությունը հեղափոխության նկատմամբ: Որոշ տեղեկություններով՝ մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, չեն ընդունել: Հիմա ուզում են հեռացնել, եթե նորից չգրի:

Փաշինյանի անձնական լրատվամիջոցը փորձեց երևանցիներին կերցնել Հայկի քյոմուր սևական լինելը նրանով, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ և նույնիսկ ամեն ինչ արել է, որ Քոչարյանի գրքի պաստառները հայտնվեն Երևանի փողոցների գովազդային խոշոր վահանակներին: Պարզվեց՝ երկու տեղեկությունն էլ 100-տոկոսանոց սուտ է:

Եվ այսպես, հեղափոխությունը խժռում է Հայկ Մարությանին: Բայց սա, ուզենք թե չուզենք, տրամաբանական է, Փաշինյանն ազատվում է Հայկից, որովհետև Երևանը Գյումրի կամ Վանաձոր չէ, Երևանը Հայաստանի կեսն է, Երևանի բյուջեն խոշոր բյուջե է, Հայկը մեծ փողերի վրա է «նստած»: Իսկ այդ փողերը չի կարելի թողնել «դավաճաններին»:

Հայկին իշխանությունից հեռացնում է միանգամայն լեգիտիմ քաղաքական ուժը միանգամայն լեգիտիմ ճանապարհներով, եթե նույնիսկ պատճառները բնավ լեգիտիմ չեն: Հայկի համար մարդիկ փողոց դուրս չեն գա, որովհետև երևանցիները չեն Հայկին իշխանության բերել, այլ «Քաղաքացիական պայմանագրին», որը իշխանություն չի կորցնում Հայկի հեռանալով:

Փաշինյանը դաժան է վարվում իր «զավակի» հետ, Փաշինյանն անխնա է վարվում, բայց նա այդպես է վարվում մեկի հետ, որը մի քանի անգամ ցույց է տվել, որ կառչած չէ իշխանությունից: Իսկ ի՞նչ պիտի աներ Հայկը, որ չկորցներ քաղաքապետի աթոռը: Մեծ հաշվով` ոչինչ: Չի կարելի մտածել իշխանությունը պահելու մասին՝ քաղաքական թիմի դեմ դուրս գալով:

Քեզ կարող է նույնիսկ ամբողջ երկիրը սիրել, բայց քաղաքականությունը մի փոքր տարբերվում է դերասանությունից, Հայկը մենակ է մնացել քաղաքականության մեջ, Հայկը բացարձակապես գնալու տեղ չունի, այս անգամ բոլոր նետերն ուղղված են նրա դեմ: Ու այդպես էլ պետք է լիներ, որովհետև ամենասպիտակ քաղաքական ուժի քարոզչական խոսափողը, պարզվեց, դեղին մամուլ է: Հենց այդպես բնորոշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը «Հայկական ժամանակը», այսինքն՝ նաև Մարիամ Փաշինյանին, որն այդ լրատվամիջոցի ղեկավարն է:

Հայկին իսկապես սիրում են, ու նրա պաշտոնանկությունը Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն է այդ սիրուն: Առայժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում այդ պաշտոնանկության հանդեպ միասնականություն չկա, բայց դա ժամանակի հարց է, Փաշինյանը կստանա Հայկի «գլուխը»: Միակ խնդիրը մնում է այն, որ պաշտոնանկությունների ձեռագիրը հեղափոխական իշխանությունը արտագրում է նախկիններից՝ մարդուն հեռացնում են առանց բացատրություն տալու, թե ինչն այն չի արել:

Մհեր Արշակյան

MediaLab.am