Հետմահու մեդալ՝ «Մարտական ծառայության համար» կամավոր մարտի դաշտ մեկնած Գոռ Ավագյանին․ որդեկորույս մայր՝ «ուղղակի գոյատևում ենք»

52-ամյա Գայանե Թովմասյանը որդու մասին խոսելիս չի կարողանում հուզմունքը զսպել, ասում է՝ չեն կարողանում հարմարվել կորստի հետ. «Գոռիցս հետո ուղղակի գոյատևում ենք, ստից կյանք ա»։

Գայանեի որդին՝ 25-ամյա Գոռ Ավագյանը, պատերազմի լուրը լսելուն պես ընկերների հետ կամավորագրվել և մեկնել է պատերազմ։

Մայրն ասում է՝ որդուն կորցնելու վախն ունենալով՝ խնդրում էր չգնալ, բայց որդին իր որոշումը չփոխեց։

Սեպտեմբերի 29-ին Գոռն ու ընկերներն արդեն առաջնագծում էին, սկզբում՝ Հադրութում, այնուհետև՝ Մարտունիում են մարտնչել թշնամու դեմ։

Մոր խոսքով՝ հոկտեմբերի 29-ին տղաները արդեն պետք է վերադառնային, 60 կմ քայլել են և սպասել մեքենայի, որը պետք է իրենց տեղափոխեր։ Սակայն մեքենան չի եկել, ու այդ օրն էլ դեպքը տեղի է ունեցել։

«Իրանք սպասել են, որ մեքենա գար, հոգնած են եղել և հանգստացել են, կարծես թե արդեն տանն էին, իրանց վրա ինչ էղել է՝ հանել են։ Էդ ժամանակ էլ անօդաչու թռչող սարքի հարվածից բոլոր ընկերները զոհվել են, 6 ընկեր էին, 3-ը՝ մանկության ընկերներ»,- հուզմունքով ասում է մայրը։

Գոռ Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

Գոռը դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թերլեմեզյանի անվան քոլեջում՝ գեղանկարչության բաժնում։ Այնուհետև ժամկետային ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Բանակից վերադառնալուց հետո կրթությունը շարունակել է Գեղարվեստի ակադեմիայում՝ անվճար ընդունվելով համակարգչային գրաֆիկայի բաժին։

Գոռը սիրել է նկարել, նրա նկարներում բնապատկերներ են, դիմանկարներ։ Մայրն ասում է՝ արվեստի նկատմամբ սերը Գոռը ժառանգել է պապից, որը քանդակագործ է եղել։

«Չարաբաստիկ պատերազմի պատճառով Գոռիս նպատակները, պլանները մնացին օդում, շատ երազանքներ ուներ՝ ուսումը շարունակել, աշխատել․․․»- ասում է մայրն ու հուզվում։

Գայանեի խոսքով՝ Գոռն առանձնահատուկ էր, տարբերվում էր իր պահվածքով, բնավորությամբ։ «Ինքը ուրիշ ձևի երեխա էր։ Շատ բարի, մարդկային, սաղի մասին մտածող։

Չէր սիրում ոչ մեկին նեղություն տալ, եթե պետք էր ինչ-որ բան բան անել, ոչ մեկին նեղություն չէր տա, նույնիսկ հաց ուտելը՝ ինքն իրան կպատրաստեր, կդներ, կուտեր, կամ եթե պետք էր շոր արդուկել, կարդուկեր, կհագներ»,- հիշում է մայրն ու ասում՝ շատ է կարոտում որդուն, ամեն վայրկյան ապրում հիշողություններով։

«Մտնում էր տուն, առաջին բառը՝ մա՞մ, ինչ կա, միշտ ականջներումս ա իրա ձայնը»,- ասում է որդեկորույս մայրը։

Գոռ Ավագյանը հուղարկավորված է Եռաբլուրում։ Մայրն ասում է՝ հաճախ է այցելում որդու գերեզման, խոսում նրա հետ:

«Գնում եմ, պատմում մեր տան, մեր օրվա մասին։ Թոռնիկս միշտ սպասում ա իրա հոպարին, մենք բոլորս ենք սպասում, չենք համակերպվում»,- արցունքների միջից ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am