Լրագրողները ԱԱԾ-ի եւ տեղեկատվական աղբյուրների արանքում. Ըստ իրավապաշտպանների` սահմանափակումներն անթույլատրելի են

Լրագրողները ԱԱԾ-ի եւ տեղեկատվական աղբյուրների արանքում. Ըստ իրավապաշտպանների` սահմանափակումներն անթույլատրելի են
Լրագրողները ԱԱԾ-ի եւ տեղեկատվական աղբյուրների արանքում. Ըստ իրավապաշտպանների` սահմանափակումներն անթույլատրելի են

Լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ ժողովրդավարական երկրում լրագրողի աշխատանքի սահմանափակումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած քննարկմանը։

«Հասկանում ենք, որ «Իմ քայլի» պատգամավորները խնդիրներ են տեսնում իրենց քննարկումների վերաբերյալ արտահոսքի հետ կապված, բայց ես չեմ ընդունում նրանց մոտեցումը։ Ոչ թե պետք է փակ լինեն նիստերը, այլ ընդհակառակը, պետք է փորձել ինչքան հնարավոր է բաց աշխատել»,- ասում է Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը հերթական փակ նիստում քննարկել է նաև լրագրողների մուտքը ԱԺ 334 դահլիճ սահմանափակելու հարցը։ Հենց այս դահլիճում են «Իմ քայլի» պատգամավորները պարբերաբար փակ նիստեր անցկացնում, և նրանք փորձում են ճանապարհներ փնտրել լրագրողներին հեռու պահելու իրենց քննարկումներից։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, ըստ Factor.am-ի, նիստում նշել է, որ պետք է դիմել ԱԱԾ և պարզել, թե ո՛վ է իրենց փակ հանդիպումներից «սլիվ» անողը: Լրատվամիջոցի հետ զրույցում Ավետիսյանն ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որ ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով: Ասել է, որ պարզապես ինքը դա քննարկել է նեղ շրջանում։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն: Լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել էր, որ փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որ պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին եւ հասկանան, թե ինչպե՛ս է նրանց տեղեկատվություն փոխանցվում:
Այս խնդիրը սրվել է հատկապես վերջին շրջանում, քանի որ «Իմ քայլի» փակ նիստերից լրատվամիջոցներն աղբյուրներով լուրեր են հրապարակում։ Իսկ Aravot.am-ն էլ օրերս փակ նիստից մանրամասներ էր հրապարակել՝ հղում անելով, որ դռան հետևից լսվում էր պատգամավորների բանավեճը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ պատգամավորների փակ քննարկումներից տեղեկատվության արտահոսքն իրականում հանրության տեսակետից տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովում է։ Եվ հանրային շահը տվյալ դեպքում ավելի գերակա է, քան մեծամասնություն կազմող ուժի՝ այդ ենթադրյալ տեղեկատվության արտահոսքը կանխելու ցանկությունը։
«Երկրորդ՝ կարևոր է ոչ միայն այն տեղեկատվության ստացումը, թե նիստում վերջնական ի՛նչ են որոշել, այլ նաև ընթացքը։ Շատ կարևոր է իմանալ նրանց տեսակետները, տեսնել քննարկման բնույթը, ոճը։ Վերջին հաշվով, խոսքը վերաբերում է ժողովրդավարական կառավարմանն ու ժողովրդավարական մարմնին, առավել ևս խորհրդարանական խմբակցությանը, որը որևէ կերպ չի կարող թափանցիկ չլինել հանրության առաջ»,- ասում է Սաքունցը։

Ավելին, նրա խոսքով, եթե կան ինչ-որ հարցեր, որոնք պետական գաղտնիք են պարունակում, ապա այդ տարբերակն էլ կա, թե ինչպես պահել գաղտնիությունը։

«Եվ չեմ կարծում, որ ինչ-որ կուսակցություն պետական գաղտնիք կքննարկի։ Բայց եթե նույնիսկ պետական գաղտնիքի մասին է խոսքը, ապա դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե լրագրողի մեջ, ով հնարավոր բոլոր մեթոդներով տեղեկատվություն է հայթայթում, այլ պետք է խնդիրը գտնել սեփական շարքերում, թե ով է բացահայտում պետական գաղտնիքը։ Բայց նորից եմ կրկնում՝ կուսակցության քննարկման առարկան որևէ գաղտնիություն չի կարող ունենալ։ Պատկերավոր ասած՝ լրագրողներին դուրս են հանում դռնից, պետք է մուտք գործեն երդիկով»,- ասում է Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ անթույլատրելի է այն վարքագիծը, որը կարող է այս կառավարումը նմանեցվել նախորդ կառավարման ներկայացուցիչներին կամ նրանց բնույթին։ Որպես հանրային գործիչ՝ պատգամավորները պետք է պատրաստ լինեն հանրային ուշադրության կենտրոնում լինել, այդ թվում՝ նրան, որ լրագրողը կարող է ինֆորմացիա ստանալ իրենց համար անցանկալի ձևերով։

«Եթե խոսքը վերաբերում է հավաստի տեղեկատվությանը, ապա նշանակում է, որ իրենք ավելի ջանքեր պետք է գործադրեն՝ հանրությանը ամենատարբեր հարցերի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ տրամադրելու համար։ Բայց այս դիսկուրսը հենց այն մասին է, որ հասարակության պահանջած տեղեկությունները միշտ չէ, որ համընկնում են քաղաքական ուժի տրամադրելիք տեղեկատվության հետ։ Իսկ դրա անհամապատասխանության վերաբերյալ պարզաբանումը ապահովում են լրագրողներն ու լրատվամիջոցները»,- նշում է նա։

Իսկ եթե, ըստ Սաքունցի, իրապես կան անբարեխիղճ, ոչ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրողներ, ապա դա ևս պաշտպանվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով և միջազգային նորմերով։ Եվ դրան հակադարձելու տարբերակը ոչ թե ապատեղեկատվություն տարածողների հետևից ընկնելու տարբերակն է, այլ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմամբ զբաղվելը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ եթե քաղաքական ուժը փակ քննարկում է անցկացնում, ուրեմն պետք է նաև հոգ տանի, որ դա իսկապես փակ լինի և հասանելի չլինի հանրությանը, այդ թվում՝ լրագրողներին։ Բայց «Զանգվածային լրատվության մասին» օրենքը նախատեսում է, որ այդ պարագայում յուրաքանչյուր ոք բավարար միջոցներ է ձեռնարկում լսելի ու տեսանելի չլինելու համար։

«Տվյալ պարագայում այնպես է ստացվել, որ խորհրդարանում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի փակ նիստի կամ խորհրդակցության բովանդակությունը լսելի չլինի լրագրողների համար։ Լրագրողներին դրանք հասանելի են եղել դռան հետևից։ Եվ այստեղ արդեն լրագրողի իրավունքը և խնդիրն է՝ օգտագործե՞լ այդ լսած ինֆորմացիան, թե՞ ոչ։ Այսինքն՝ տվյալ դեպքում լրագրողներն այդ տեղեկատվությունն ստացել են՝ չխախտելով օրենքը»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, եթե պատգամավորները գտնում են, որ իսկապես քննարկվելիք հարցը լսելի չպետք է լինի լրատվամիջոցների համար, նրանք կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

«Եվ այստեղ չպետք է լրագրողների գործունեության սահմանափակում տեսնել։ Քաղաքական ուժն էլ իր հերթին իրավունք ունի փակ քննարկում անցկացնելու և ապահովելու դրա գաղտնիությունը։ Տվյալ պարագայում, կրկնում եմ, լրագրողները որևէ խախտում չեն կատարել թե՛ օրենքի, թե՛ իրավունքի տեսանկյունից, բայց մյուս կողմից, եթե քաղաքական ուժը լրացուցիչ միջոցներ ձեռնարկի, որպեսզի լսելի չլինի քննարկման բովանդակությունը, դա էլ նրա իրավունքն է»,- ասում է Մելիքյանը։

Անդրադառնալով պատգամավորների՝ տեղեկատվության աղբյուրները բացահայտելու համար ԱԱԾ դիմելու առաջարկին, Աշոտ Մելիքյանն ասում է, որ առհասարակ լրագրողից կամ լրատվամիջոցից աղբյուր պահանջել կամ բացահայտել կարող է միայն դատարանը, այն էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու նպատակով։ Ընդ որում, այդ պարագայում լրագրողն իրավունք ունի պահանջելու դռնփակ դատական նիստ։

«Իսկ մյուս իրավապահ մարմիններն աղբյուրներ բացահայտելու պահանջ կամ գործողություններ չպետք է անեն։ Եվ եթե որևէ նման քայլ արվի, դա «Զանգվածային լրատվության մասին» օրենքի խախտում կլինի։ Ուղղակի այստեղ կարևոր է, թե որքանո՛վ է դա պաշտոնական դիրքորոշում։ Այդ խոսքերի հեղինակն ասում է, որ դա ընդամենը գործընկերոջ հետ քննարկման տարբերակներից մեկն է։ Կարծում եմ՝ դա խմբակցության տեսակետը չէ և չարժի դրան լուրջ վերաբերվել»,- ասում է Մելիքյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am