Մեկ տարուց ավելի Սիրիայում զարգացող ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը և օրերս ստեղծված թեժ վիճակը շատ սիրիահայերի կտրել են արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորությունից:
Թեժ դրության հետևանքով շատերը չեն կարողանում լքել Սիրիան, քանի որ ազգային ավիափոխադրող «Արմավիան» մի քանի օր առաջ դադարեցրեց թռիչքները Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ:
Վտանգավոր ու լարված իրավիճակում ինքնակազմակերպմամբ զբաղվող հայ համայնքը Հալեպի Հայ մարմնամարզական ընդհանուր միության գրասենյակում բացել է հայկական «շտապ օգնություն»:
Հայկական երեք ավանդական կուսակցություններն այնտեղ են տեղակայել իրենց ներկայացուցիչներին, որոնք էլ ստեղծել են արագ արձագանքման խումբ: Այդ խմբի խնդիրն է տեղեկություններ հավաքել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հազարավոր հայերի մասին, կարիքավորներին սնունդ և հագուստ ուղարկել, անընդհատ տեղեկանալ իրադարձությունների մասին:
Հալեպաբնակ 23-ամյա Մկրտիչ Ներսեսյանը, ով կես տարի առաջ եղբոր հետ գաղթել է Երևան, ասում է, որ չափազանց անհանգիստ է: Մկրտիչը Հալեպում է թողել հորն ու մեծ եղբորը:
Երիտասարդ սիրիահայը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է Երևանի արագ սննդի սպասարկման կետերից մեկում որպես գանձապահ, ասում է, որ վերջին 3 օրերին նույնիսկ հեռախոսով գրեթե չի կարողանում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
«Եվ ինտերնետով, և հեռախոսով կապը շատ վատ է, Հալեպում հայրս ու մեծ եղբայրս են մնացել, իսկ մայրս վերջերս է եկել մեզ մոտ Երևան: Նրանք ուզում են գալ, բայց անձնագրի ու վիզայի խնդիրներ կան, վիճակը շատ լարված է, պատերազմ է, օվիրը անգամ տեղում չի լինում, որ գնան-վերցնեն»,- ասում է Ներսեսյանը:
Նա նշում է, որ օրեր առաջ «Արմավիա» ավիաուղիների տարածած հայտարարությունը, որ ժամանակավորապես դադարեցնում է չվերթերը Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ, նույնպես անհանգստություն է պատճառել հարազատներին:
«Արմավիան», ում անվան շուրջ բուռն քննադատությունները չէին դադարում այն բանից, հետո երբ Հալեպ-Երեւան տոմսի գները թռիչքային աճ ապրեցին, օրերս հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ դադարեցնում է Սիրիայի ուղղությամբ թռիչքները:
Ըստ «Արմավիայի», թռիչքների դադարեցման պատճառը, «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցյալ շաբաթ հնչեցված սպառնալիքներն են, որ իրենք կոչնչացնեն Հալեպի և Դամասկոսի օդային տարածքում հայտնված բոլոր օդանավերը:
«Քանի որ դեռ սպառնալիք կա, ամեն ինչ անում ենք մեր ուղևորների անվտանգության համար և, դրանից ելնելով, դադարեցրել ենք չվերթերը»,- ասել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Սակայն ի տարբերություն հայկական ազգային փոխադրող ավիաընկերության, «Սիրիական ավիաուղիներից» «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ իրենք շարունակելու են չվերթերը մինչև հոկտեմբերի վերջը, որից հետո նոր չվացուցակ կհաստատվի:
Մտահոգող այս իրավիճակում սակայն ՀՀ սփյուռքի նախարարության սիրիահայերի հետ կատարվող աշխատանքների համակարգող խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ կապի հետ խնդիրներ չկան: Նա նշում է, որ Հայաստանում ճամբարի մասնակցող 140 սիրիահայ երեխաների մեծ մասը պարբերաբար կապ է հաստատում Սիրիայում գտնվող իրենց ծնողների հետ, եւ այս ոլորտում խնդիրներ չկան:
«Իսկ ինչ վերաբերում է վիզաներին, ըստ կառավարության որոշման, արդեն հանձնարարական կա, որ այն հայրենակիցները, որոնք Հայաստան են ժամանում` ելնելով իրենց երկրում տիրող արտակարգ իրավիճակից, ազատվում են վիզայի ու կացության տուգանքներից: Այսինքն` այն սիրիահայերը, որոնց վիզայի կամ կացության կարգավիճակի ժամկետն անցել է, պետական տուրքի կամ տուգանքի չեն ենթարկվի»,- ասում է Զաքարյանը «Մեդիալաբին»:
Հիշեցնենք, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով բազմահազարանոց հայ համայնքից Հայաստան ժամանողների պաշտոնական թիվն առ այսօր 5200 է: 5200 սիրիահայերից սակայն ընդամենը 1700-ն են նախընտրել մնալ հայրենիքում, մյուսները որոշ ժամանակ Հայաստանում անցկացնելուց հետո հեռացել են կամ Սիրիա, կամ երրորդ երկիր:
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ մինչ այժմ իրենց են դիմել 58 սիրիահայ ընտանիքներ (126 անձ)` փախստականի կարգավիճակ ստանալու համար, իսկ 24 ընտանիք (54 անձ) ապահովվել է ժամանակավոր կացարանով:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am