Սամվել Սարգսյանն արդեն չի հիշում՝ իր կյանքի ընթացքում քանի~-քանի գայլի հախից է եկել ու մարդկանց ազատել նրանց ավերածություններից:
Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին գայլերի թվաքանակի շեշտակի աճը` այսօր կառավարությունը պարգևատրում է սահմանել ամեն մի ոչնչացված գլխի համար` հարյուր հազար դրամ:
Սակայն փորձառու որսորդի համար գումար վաստակելը չէ, որ միշտ մղել է դեպի անտառները:
Ֆիոլետովոյի հանդամասում տարիներ առաջ սպանած գայլի 1,82 սմ երկարություն ունեցող մորթին քանի տարի է՝ խնամքով պահում է. ինքը սպանել է, ինքն էլ քերթել:
53-ամյա վանաձորցին 12 տարեկանից որսորդությամբ է զբաղվում: Դեռ մանկուց այստեղից-այնտեղից հրացան էր ճարում, գնում որսի: Ճարած հրացանների մեծ մասն էլ տնեցիները թաքցնում կամ փչացնում էին. չէին ուզում վտանգել նրա կյանքը:
Այժմ, սակայն, 41 տարվա փորձառու որսորդի համար բնությունը կարծես կյանքի իմաստ է դարձել:
«Որսի դուրս գալու առաջին նպատակս բնության մեջ քայլելն է, բնությամբ ապրելը: Բնությունը կենդանի է, Աստծո տված ամենամեծ հարստությունը: Առանց նրա ես գոյություն չեմ ունենա»,- ասում է նա:
Ամուսնության հաջորդ օրն անգամ ընկերների հետ երեք օրով սար է գնացել որսի:
Հիշում է. երբ առաջին անգամ՝ 12 տարեկանում, բաց դաշտում դեմ առ դեմ կանգնեց գայլի առջև ու ցանկացավ կրակել, հրացանը լռեց. եղբայրը մտածված փչացրել էր զենքը, որ Սամվելը որսի չգնա:
«Առաջին անգամ էր: Ոչ թե վախ առաջացավ, այլ խուճապի կարճատև պահ էր դա. զենքը չէր կրակում, գայլերն էլ չէին փախչում»,- հիշում է նա:
Սակայն շուտով գայլերը հեռանում են՝ ճանաչելով զենքը:
Փորձառու որսորդի հիշողության մեջ տպավորվել է հատկապես մի օր, երբ որսի ժամանակ վեց գայլ է սպանել:
«Գայլերի հետքով գնալիս բաց տարածության մեջ 23 գայլ հաշվեցի: Շրջան էին կազմել: Մեկ էլ տեսնեմ` երեք եղնիկ հինգ գայլի առջևից փախչում են ուղիղ դեպի մնացած գայլերը: Մեզ տեսնելով՝ եղնիկները թեքվեցին մեր կողմը՝ կարծես փրկություն փնտրելով մարդու մոտ: Եղնիկներին շրջափակելու փորձ անելիս էլ գայլերը նկատեցին մեզ»,- պատմում է որսորդը:
Վեց սպանված ու մի քանի վիրավոր թողնելով՝ գայլերը փախչում են:
«Որսորդն իրեն որսորդ է զգում գայլերի դեմ պայքարում»,- նկատում է Սամվել Սարգսյանը: Այդ է պատճառը, որ վանաձորցի որսորդը հիմնականում գայլերի որսի սիրահար է:
Նրա կարծիքով` գայլն է մարդուն որս անել սովորեցրել:
Գայլերի փորձված որսորդը, սակայն, հասցրել է նաև բարեկամանալ նրանց հետ: Արդեն չորս տարի է՝ տան բակում պահում է սիբիրյան Կայոտ տեսակի գայլի ու սիբիրյան Լայկա տեսակի շան խառնուրդին՝ Ջինային:
Տիրոջ ձայնը լսելուն պես Ջինան ուրախության ձայն է հանում ու ցատկում դեպի նա: Թաթերը հեզությամբ դնում է տիրոջ ափի մեջ և ուղիղ նայում լուսանկարչական ապարատին:
2 ամսականից Ջինան Սարգսյանների տանն է ապրում, ծանոթ է տան բոլոր անդամներին, բայց որպես տեր ընդունում է միայն որսորդին:
«Ճանաչում է նրան, ում ընդունում է որպես իր վաժակ, առաջնորդ: Այսինքն՝ նրա մեջ առաջնորդին ենթարկվելու ոհմակային բնազդը պահպանվել է»,-Ջինայի մասին պատմում է Սամվելը:
Ասում է, որ նա հավատարիմ, բարի կենդանի է, երբեք ոչ մեկի չի կծել:
«Չի հաչում: Ձայներ է հանում, խոսում հետս: Գլխի եմ ընկնում նրա լեզուն»:
Որսորդը գայլ էլ է պահել, ընտելացրել: Սակայն, ասում է, որ մարդիկ նրան թունավորել են: Մինչ օրս տնեցիների համար մութ է մնացել այդ պատմությունը:
Սամվելը տարիների փորձառությամբ հասկացել է, որ եթե մարդը գայլի բնավորությունը չիմանա, շատ դժվար կլինի նրան որսալ:
Փորձառու որսորդի համար գայլն արդեն սարսափելի չէ. նրանից շատ բաներ է սովորել:
«Շատ խելացի են, բայց արդեն դրանց բնավորությունն իմանալով՝ ինձ համար դժվար չէ»,- ասում է:
Չնայած այս ամենին՝ տարիների ընթացքում Սամվելն արդեն սկսել է խղճալ նրանց:
«Որ իրենց բնավորությանը, խելքին ծանոթացա, խփելիս սկսեցի խղճալ նրանց, բայց որ մարդկանց վնաս են տալիս, ողջ տարվա ապրուստը փախցնում-տանում, ստիպված խփում ես»,- ասում է Սամվելը:
Ըստ նրա՝ կենդանիները և, հատկապես, գայլերը, միայն բնազդով չէ, որ գոյատևել են այդքան դարեր:
«Բնության մեջ մարդուց խելացի են, խորամանկ: Բնական պայքարի մեջ մարդը չի կարող դիմանալ այնպես, ինչպես գայլերը: Իր խելքի շնորհիվ մարդու հետ այդքան դարեր պայքարի մեջ է մտել ու պահպանվել: Մենակ բնազդը չէ, խելք ունեն, քայլ անելու մտածելակերպ ունեն: Ո՞նց կարող է կենդանին միայն բնազդով գոյատևել»,- տարակուսում է որսորդը:
Վանաձորցի որսորդն իր տղային ու սանիկին էլ է որսորդության ճանապարհով տանում, սովորեցնում է այն ամենը, ինչ գիտի գայլերի ու գիշատիչների մասին:
Նրա որդին՝ 19-ամյա Տիգրանը, 3 տարեկանից որսորդ հայրիկի հետ սարերն է գնացել ու մանկուց սովորել որսի գաղտնիքները: Նա էլ է գայլի որսի սիրահար:
Տիգրանն էլ հոր նման դաստիարակվել է մեկ սկզբունքով՝ տղամարդը զորեղ պետք է լինի, չպիտի վախենա վտանգներից:
41 տարվա որսորդը, սակայն, իր սերը բնության ու որսի նկատմամբ երբեք չի դարձրել գումար աշխատելու միջոց: Նրա հրացանի ձայնը խախտել է անտառի հանգիստը միայն բնակչությանը վնաս տված գայլերի դեմ պայքարում:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
© Medialab.am