Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դուրս է եկել Հանրապետական Կուսակցության շարքերից, բայց որպես գյուղապետ շարունակում է պաշտոնավարել:
«Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ հրաժարվել է կուսակցության անդամը լինելուց, քանի որ շուրջ 270 բնակիչ ունեցող Քաջարան գյուղը վերացնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու նպատակով, իսկ իր ուղղած դիմումներին ոչ մի դրական արձագանք չեն տալիս:
Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման, ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի ու որ Քաջարանի գյուղապետը կատարել է իր ընտրությունը:
Քաջարանի գյուղապետն իր հերթին հավատացնում է, որ ամեն ինչ անում է ի նպաստ գյուղացիների:
«Այստեղ կան ընտանիքներ, որոնք զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և այդպես են հոգում իրենց ապրուստը: Բայց այսօր նրանց քշում են գյուղից, խլում են հողատարածքները, վերացնում գերեզմանները»,- ասում է Աթայանը:
Նա նշում է, որ մայիսի 6-ի ընտրություններին չի ընտրելու ՀՀԿ-ին, քանի որ հրաժարվել է այդ կուսակցության անդամը լինելուց, իսկ կուսակցության ներկայացուցիչ ՀՀ վարչապետը ոչինիչ չի անում գյուղի ժողովրդին պաշտպանելու համար:
«Եթե գյուղը քանդեն, հայրենիքն էլ կքանդեն: 500 հեկտարն արդեն վերցրել են: Ես ամեն կերպ պահելու եմ գյուղը ու չեմ թողնելու, որ նրանք վերացնեն այս հողերը»,- ասում է Աթայանը:
Ռաֆիկ Աթայանն արդեն մեկ տարի է, ինչ պայքարում է կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման դեմ` Քաջարան գյուղի 181,7 հեկտար հողատարածքը, որի մեջ նաև գյուղի գերեզմանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հատկացնելու համար հանքարդյունաբերական նպատակով:
Այս առիթով նա մեկ անգամ նույնիսկ հրաժարական էր տվել գյուղապետի պաշտոնից ու վերականգնվել Սյունիքի մարզպետի հորդորով: Նա քաջարանցիների հետ պահանջում է, որ Սյունիքի մարզի` Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը չտրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որոնք թունավոր թափոնների արտանետման և բաց հանքի ընդլայման շահագործամանն են հանձնված:
Քաջարանցիները բազմիցս պայքարել են գյուղ մտցրած տեխնիկայի դեմ, իրենց ուժերով հեռացնելով տարածքից: Եվ մի քանի անգամ նամակով դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետին, սակայն ոչ մի դրական արձագանք:
«Այս հարցով կրկին նամակ եմ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և սպասում է պատասխանի: Նախընտրական շրջան է, գոնե հիմա ինչ որ լուծում տան»,- ասում է Ռաֆիկ Աթայանը:
Լուսանկարում՝ Ռաֆիկ Աթայանը
© Medialab.am