«Եթե դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչի, դա արդեն լուծում է այս խնդիրը. իր լիազորությունները կդադարեն». Կարապետ Բադալյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է փաստաբան Կարապետ Բադալյանը:

Պարո՛ն Բադալյան, Հրայր Թովմասյանն ասում է, որ գնալու է մինչև վերջ և պայքարելու է: Մյուս կողմից՝ արդարադատության նախարարը պնդում է, որ շուտով լուծվելու է Սահմանադրական դատարանի խնդիրը և լուծվելու է սահմանադրական փոփոխություններով: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որ ձևավորվել է, պետք է դեռ 1 տարի աշխատի: Այս պայմաններում ըստ ձեզ՝ շուտ լուծում նշմարվո՞ւմ է: Մի փոքր չի՞ շտապում իշխանությունը նման գնահատական տալով: Հանգուցալուծումը դուք տեսնո՞ւմ եք:

– Իշխանությունները քաղաքական գնահատական են տվել, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, և իրենք՝ որպես օրինական իշխանություն, պարտավորություն ունեն լուծելու դա: Այս ամբողջ հայտարարությունների տրամաբանության աղբյուրը դա է: Բացի այդ, ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքում սահմանված ժամկետին դեռ մոտ 1 ամիս կա, և գուցե նրանք վաղաժամ գնան կենսաթոշակի: Այսինքն՝ այս պահին կա գործողություն, եթե դա չաշխատեց, գործի կդրվեն այլ օրինական գործիքներ:

Ամեն դեպքում, երբ Հրայր Թովմասյանն ասում է, որ գնալու է մինչև վերջ և չի ընկրկելու, սա ավելի չի՞ բարդացնում խնդիրը:

– Սա ուղղակի քաղաքական մանիֆեստացիա է: Իշխանություններն ասում են՝ քաղաքական դիրքորոշում ունենք, որ դուք լեգիտիմ չեք և պետք է հեռանաք: Հրայր Թովմասյանն էլ ասում է՝ ես համաձայն չեմ, քաղաքական հայտարարություն է անում, որ չեմ գնալու։ Սա, ըստ էության, իրավական չէ, քաղաքական հայտարարություն է։

Եթե իրավական առումով դիտարկենք, ո՞րն է այն քայլը, որ կստիպի Հրայր Թովմասյանին նահանջել:

– Հիմա կա կոնկրետ քրեական գործ: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, դատավճիռ լինի, դա արդեն լուծում է այս խնդիրը, իր լիազորությունները կդադարեն։ Հարցն այստեղ նրան ձերբակալել կամ կալանավորելը չէ, այլ պետք է լինի դատարանի վճիռ, որով նա կամ մեղավոր կճանաչվի քրեական արարքի համար, կամ կարդարացվի։ Այսինքն ձերբակալությունը լիազորությունների դադարեցում չի ենթադրում։

Հակառակ դեպքում պետք է գնան սահմանադրական փոփոխությունների ճանապարհո՞վ։

– Մյուս տարբերակն էլ դա է։ Միգուցե այն անորոշությունը, որ ստեղծել է Սահմանադրության 213-րդ հոդվածը, փոփոխվի և որոշակիություն մտնի այդ հարցում։

Ամեն դեպքում դուք մոտ ապագայում այս խնդրի լուծումը տեսնո՞ւմ եք։ Որովհետև իշխանությունն այն ժամանակ էլ էր ասում՝ մենք լուծումներ ունենք, տարբերակներ ունենք ու հիմա էլ վերահաստատում է, որ շուտով կհանգուցալուծվի խնդիրը, բայց այդ «շուտով» վերջը չի երևում կարծես։

– Երևում է, կոնկրետ քայլեր անում են։ Այդ օրենսդրական պրոցեսը այդքան արագ չէ, բայց դա հստակ արդյունավետ պրոցես է։ Ես վստահ եմ, որ շուտով այդ լուծումները լինելու են։

Դուք ինչ-որ տեղեկատվությա՞ն եք տիրապետում այդ առումով։

– Ո՛չ, ուղղակի այն հետևողականությունը, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում, վկայում է, որ այդ լուծումը կստանան։ Ես նաև գիտեմ օրինական ճանապարհները՝ այդ լուծումը ստանալու համար։ Դա բոլորը գիտեն, դրա մասին հրապարակային քննարկումներ էլ են եղել։ Այդ տարբերակներից որն էլ ընտրեն, լուծում կստանան։

ՍԴ այս կազմը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, վտա՞նգ է ներկայացնում։

– Անձի մեջ չի խնդիրը, այլ ընդհանրապես դատարանի կազմի լեգիտիմության մեջ է։ Հրայր Թովմասյանի փոխարեն ուրիշն էլ լիներ, դրանից իրավիճակը չէր փոխվում։ Ուղղակի ինքը շատ է կենտրոնացել իր անձի վրա, զոհի կերպարի մեջ է մտնում, որ պաշտպանվի։ Մեր խնդիրն ընդհանրապես դատարանի օրինականությունն է։ Ոչ թե իր դեմ է որևէ գործողություն արվում, այլ արվում է, որ ունենանք օրինական դատարան։

Բայց մյուս դատարաններում ևս կա լեգիտիմության խնդիր, այդպես չէ՞։

– Իհարկե, այդ ամենը փոխկապակցված է, ամբողջ համակարգն այդ խնդիրն ունի, բայց քանի որ իրենք ամենաբարձրն են, ամենակարևոր լիազորություններն ունեն, այնտեղ ավելի ցայտուն է ամեն ինչ, ավելի շատ ենք ուշադրություն դարձնում։ Բայց ընդհանրապես ամբողջ համակարգն այդ խնդիրներն ունի։

Նախօրեին հաստատվեց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը։ Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է այդ կազմը, որ կարող են իսկապես սահմանադրական լրջագույն փոփոխություններ իրականացնել։ Մյուս կողմից՝ իշխանությունը կարծեք թե կառավարման համակարգի փոփոխության հարց չի դնում, միայն դատաիրավական համակարգի փոփոխության վրա է շեշտադրում անում։

– Նախնական հայեցակարգը կա, թե ինչի՛ վրա են ուշադրություն դարձնելու, բայց խնդիրների, կարիքների և դրանց լուծման միջոցների բացահայտում կլինի նաև պրոցեսում։ Իսկ հանձնաժողովն ընդամենը մասնագիտական ուղեկցումը պետք է ապահովի այդ ամբողջ գործընթացի։ Իրենք չեն որոշելու, թե ինչ անել, իրենք որոշելու են, որ այն, ինչ պետք է արվի, ոնց անել, որ ճիշտ լինի, օրինական լինի, խնդիրներ չառաջացնի։ Իրենք չեն որոշելու, իրենք ուղղակի ուղեկցելու են պրոցեսը, որ ճիշտ հունով գնա։

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեո՞վ պետք է լինեն, որովհետև շատ է խոսվում, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կարող են առանց հանրաքվեի կատարել սահմանադրական փոփոխություններ։

– Նախ՝ եկեք սահմանադրական փոփոխությունները չնույնացնենք ՍԴ-ի խնդրի հետ, որովհետև եթե խոսքը 213-րդ հոդվածի փոփոխության մասին է, ապա հենց օրենքով է սահմանված, որ դա կարող է կատարվել առանց հանրաքվեի, ԱԺ պատգամավորների 3/5-րդ-ով։ Այսինքն՝ այդտեղ հստակ այդ կարգավորումը կա։ Իսկ եթե Սահմանադրության մեծ փոփոխություն է արվում, դա, բնականաբար, հանրաքվեով պետք է լինի։

Այսինքն՝ հնարավոր է՝ նախ լուծվի ՍԴ-ի հարցը, հետ նո՞ր սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն։

– Հաստատ այդպես էլ լինելու է։ Սահմանադրական փոփոխությունները շատ երկար ժամանակ են պահանջելու, որպեսզի նախ մշակվեն, դրվեն քննարկման, ապա նաև՝ հանրաքվեի։ Իսկ դատարանի կազմի փոփոխությունը շատ ավելի արագ լուծվող հարց է։

Մանե Հարությունյան
MediaLab.am