«Ամենայն հավանականությամբ, լինելու է հրադադարի նոր ռեժիմ, ակտիվ ջանքեր հիմնականում գործադրվում են այդ ուղղությամբ». Փորձագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր իր հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչներ է ուղարկել Արցախի սահման։ Ի՞նչ եք կարծում, սա Թուրքիայի հակառակո՞րդ երկրի հայտարարություն էր, թե՞ նա ունեցել է դրա համար բավարար փաստեր, տեղեկություններ։ 

– Բաշար Ասադի հայտարարությունը պետք է դիտարկել երեք հարթության մեջ.
առաջինը՝ արդեն շուրջ մեկ տասնամյակ նույն ահաբեկչական սպառնալիքից տուժած, ընդ որում՝ նույն Թուրքիայի գործողություններից տուժած պետության նախագահի հայտարարություն էր։ 

Երկրորդ՝ որպես Հայաստանի Հանրապետության և որպես հայ ժողովրդի բարեկամ երկրի բարեկամ նախագահի հայտարարություն էր։ Բարեկամություն, որն ավելի է ամրապնդվել մի կողմից՝ Սիրիայի համար այս պատմական վատթարագույն ժամանակահատվածում մեր պետության և մեր ժողովրդի դրսևորած վերաբերմունքով, մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության իրականացրած քայլերով, մյուս կողմից էլ՝ սիրիահայերի դիրքորոշմամբ։ 

Եվ երրորդ՝ Ասադի նման հայտարարությունը, անշուշտ, քաղաքական շահեր ևս հետապնդում էր, որովհետև Թուրքիան մինչ այժմ շարունակում է օկուպացիայի մեջ պահել սիրիական որոշ շրջաններ, հովանավորել տարբեր ահաբեկչական խմբավորումներ, հովանավորել Սիրիայում իր համար տարբեր կենսական խնդիրներ։

– Այսօր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ս. Նարիշկինը հայտարարել է, որ մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջահբաթ ան Նուսրայից», «Ֆիրքաթ ալ Համզայից», «Սուլթան Մուրադից» Թուրքիան ահաբեկիչ վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան, մասնավորապես, ղարաբաղյան սահման։ Կներկայացնե՞ք ինչ կազմակերպություններ են դրանք։

– Ռուսաստանի իշխանությունները Սիրիայի, Իրանի իրենց գործընկերների հետ շատ լավ են տիրապետում ու քաջատեղյակ են Թուրքիայի գործելաոճին, որովհետև արդեն մի քանի տարի հետևողականորեն պայքարում են Թուրքիայի ահաբեկչական գործողությունների դեմ։

Այն խմբավորումները, որոնց մասին նշել է ձեր նշած պաշտոնյան, հիմնականում Սիրիայի հյուսիսում գործող խմբավորումներն են, որոնց մի մասը ահաբեկչական է, որոնք որոշակի անկախություն ունեն, բայց նաև վերահսկվում են Թուրքիայի իշխանությունների կողմից։

Իսկ մյուսները, օրինակ՝ «Սուլթան Մուրադ» խմբավորումը և Սիրիական ազգային բանակ կառույցի ներսում եղած այլ խմբավորումներ, բացառապես ենթարկվում են Թուրքիայի իշխանություններին։

Այսինքն՝ Թուրքիայի իշխանությունները և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ այլ երկրներում ունեցած իրենց խնդիրները լուծում են հենց այս խմբավորումների զինյալների միջոցով։ Ընդ որում, երկու եղանակով՝ վարձկանների միջոցով, որոնք ուղարկվում են առաջնագիծ և կարող են թնդանոթի միս դառնալ՝ նման կերպ պակասեցնելով ադրբեջանական բանակի կորուստները։

Իսկ երկրորդ եղանակը զինյալներին օգտագործելն է, որոնք ուղղակիորեն կատարում են Թուրքիայի հատուկ ծառայությունների պահանջները՝ իրականացնելով ահաբեկչական գործողություններ՝ ինչ-որ բնակավայրի, կառույցի, պետական միավորի վնաս հասցնել, բնակիչների թիրախավորում և այլն։ 

Դուք՝ որպես փորձագետ, ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտության նկատմամբ արաբական աշխարհի տրամադրվածությունը։ 

– Անշուշտ հետևել եմ տեղեկատվությանը որքանով հասցրել եմ։ Արաբական երկրների արձագանքը պետք է գնահատել երկու հիմնական հարթություններում՝ միջպետական և տեղեկատվական-վերլուծական։ Պետական անդրադարձը, իհարկե, սահմանափակ է եղել և հիմնականում եղել է չեզոք, հակամարտությունը դադարեցնելու, խաղաղություն հաստատելու բովանդակություններ են պարունակել։

Իսկ ահա տեղեկատվական-վերլուծական դաշտում հրապարակումները առավել հայամետ դիրքորոշում են ունեցել, ինչը պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանի ղեկավարած վարչակազմի ահաբեկչական, ցեղասպան գործողությունների նկատմամբ արաբական աշխարհում տիրող վերաբերմունքով։

Այսինքն՝ այն գործողությունները, որ Թուրքիան իրականացնում է արաբական աշխարհում, հստակ թշնամական վերաբերմունք է առաջացրել արաբական մի շարք պետությունների հասարակությունների շրջանում, որը դրսևորվում է նաև տեղեկատվական ու վերլուծական անդրադարձներում և, բնականաբար, նաև հասարակական տրամադրություններում։ 

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները երեկ հանդես եկան հայտարարությամբ, այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնեց Բաքու։ Այս զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս…

– Արդեն երեկ երեկոյան հնչած մի շարք ուղերձներից պարզ էր, որ միջազգային բազմաշերտ ակտիվ ջանքեր են իրականացվում հրադադարի ռեժիմ սահմանելու նպատակով։ Ամենայն հավանականությամբ, լինելու է հրադադարի նոր ռեժիմ, և ակտիվ ջանքեր հիմնականում գործադրվում են այդ ուղղությամբ։

Դրան են ուղղված Ալիևի, Էրդողանի հայտարարությունները տարածքներ գրավելու, միմյանց դրա համար շնորհավորելու մասին։ Այս առաջնորդները այս մեսիջներով իրենց հասարակություններին պատրաստում են հնարավոր հրադադարի ռեժիմի, որը մերժելու հնարավորություն այլևս չկա։ 

– Քիչ առաջ էլ հաղորդագրություն տարածվեց, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը։ Սա ի՞նչ է նշանակում, արդյոք ցանկանում է մա՞ս դառնալ այդ հակամարտությանը։ 

– Այո՛, այս ռազմական գործողությունների ժամանակ փաստացի Թուրքիան դարձել է հակամարտության մասնակից։ Իսկ Թուրքիայի նման հայտարարությունները պարզապես միտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նոր ձևաչափի ստեղծմանը, այսինքն՝ կա՛մ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխմանը, կա՛մ դրա չեղարկմանը և նոր՝ իրենց ներկայացմամբ՝ ավելի «կենսունակ» ձևաչափի ստեղծմանը, որի մասին, ի դեպ, խոսում են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ու խոսում են դեռևս 2017 թվականից, երբ Սիրիայի տարածքում ստեղծված հակամարտությունը կարգավորելու նպատակով ձևավորվեց, այսպես կոչված, Աստանայի ձևաչափը, որի անդամակցում էին ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։ Այդ ձևաչափը ակնհայտ հաջողություններ ունեցավ ստեղծված հակամարտային իրավիճակը թուլացնելու հարթությունում։

– ԱՄՆ-ն, Ֆրանսիան մղվում են երկրորդ պլան…

– Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը այս պահին դա է։ Եվ սա պայմանավորված է որոշ օբյեկտիվ իրողություններով։ Առաջինն այն է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ակնհայտ կերպով Հարավային Կովկասը դուրս է մնացել ամերիկյան շահերի ուղղակի գոտուց, և երկրորդ՝ Ֆրանսիան Էմանուել Մակրոնի նախագահության շրջանում ցուցաբերում է բացահայտ հայամետ դիրքորոշում։

Նման կերպ փաստացի թուրք-ադրբեջանական դաշինքը նպատակ ունի ձևավորելու նոր, իրենց համար շատ ավելի ձեռնտու բանակցային ձևաչափ, որտեղ հարցերը կլուծվեն ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների, առավել բազմազան միջազգային շահերի համատեքստում, այլև շատ ավելի նեղ՝ որոշ անձերի քաղաքական նպատակահարմարության տիրույթում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am