«Տեղի է ունենում ադրբեջանա-թուրքական տանդեմի վրա ուժեղ ճնշում աշխարհի տարբեր ուժային կենտրոնների կողմից». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարոն Սաֆրաստյան, Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շարունակվում է։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի դադարեցնում հարձակումները, ո՞ր փուլում ենք գտնվում։

– Տեղի է ունենում ադրբեջանա-թուրքական տանդեմի վրա ուժեղ ճնշում աշխարհի տարբեր ուժային կենտրոնների կողմից, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Դիվանագիտական առումով Ֆրանսիան ակտիվություն է ցուցաբերում։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանը նույնպես մեծ ակտիվություն է ցուցաբերում, բայց ավելի չերևացող դիվանագիտություն է վարում։

Եվ այդ ճնշման իմաստն այն է, որ ոչ միայն ռազմական գործողությունները դադարեցվեն, այլ նաև կարևոր հանգամանք է Մերձավոր Արևելքից բերված վարձկանների խնդիրը, որոնց Թուքիան բերել ու տեղակայել է Ադրբեջանում։ Սա այն խնդիրն է, այն բնագավառն է, որտեղ աշխարհի առաջատար բոլոր երկրները կարող են ընդհանուր հայտարարի գալ։

Դա մեծագույն վտանգ է ներկայացնում ոչ միայն այս հակամարտության ու պատերազմի տեսանկյունից, այլև ընդհանրապես տարածաշրջանի։ Եվ ես այստեղ այս տեսակետից ակնկալում եմ Ռուսաստանում ավելի ակտիվ գործողություններ, մասնավորապես, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի։ 

– Նարիշկինն արդեն հայտարարեց, որ հազարավոր վարձկաններ են ուղարկվում ղարաբաղյան հակամարտության գոտի։

 – Այո, այդ հայտարարությունից հետո գործողություններ եմ ակնկալում։ Կան տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստության մեջ է դնում իր օդային և տիեզերական զինված ուժերը։ Այնպես որ, սա շատ լուրջ գործոն է։ Եվ ես կարծում եմ, որ հենց դրանով էր պայմանավորված Չավուշօղլուի արագ այցը Բաքու։

Այստեղ պետք է փորձել հասկանալ՝ ինչ է դրա հետևում թաքնված, ինչ նպատակներ ունի այդ այցը։ Եվ պատահական չէ, որ նախքան այդ այցը կարծես թե ադրբեջանական կողմն ակտիվ ռազմական գործողությունների չէր դիմում, բայց որոշ ժամանակ հետո նորից սկսեցին թիրախավորել Ստեփանակերտն ու հարձակվել Արցախի հարավային ճակատում։

Սա նշանակում է, որ թուրքերը հերթական անգամ Ադրբեջանին մղեցին ագրեսիվ գործողությունները շարունակելու։ Ինչո՞ւ դա արվեց, ես կարծում եմ, որ, ի վերջո, սա Թուրքիայի կողմից շանտաժի փորձ է, որովհետև հասկանում են, որ իրենց դեմ արդեն ստեղծվում է միասնական ճակատ։

Նրանք հասկանում են, որ Ռուսաստանն արդեն իսկ սկսում է ավելի վճռական գործել։ Եվ դրա համար փորձում են Ադրբեջանին հերթական անգամ առաջ մղելով ու ադրբեջանական բանակն իրենց նպատակների համար օգտագործելով՝ հասնել նրան, որ եթե բանակցությունները վերսկսվեն, այդ բանակցություններում իրենց համար ավելի նպաստավոր դիրք ապահովեն, փորձեն ինչ-որ կերպ սողոսկել բանակցությունների մեջ։

– Չավուշօղուն այսօր բացեիբաց հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների թվում լինել։

– Այո, ես կարծում եմ՝ Թուրքիայի կողմից առևտուր է գնում, ավելի շուտ՝ փորձում են առևտուր անել։ Ադրբեջանցիներին գցում են առաջ, որ հետո ասեն՝ թողեք, որ մենք մտնենք բանակցային գործընթացի մեջ։

Եվ այստեղ մենք տեսանք Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականության ողջ սնանկությունը։ Դա մի քաղաքականություն է, խոսքն արտաքին քաղաքականության մասին է, որը ղեկավարվում է այսպիսի ամբիցիոզ գործչի կողմից, բայց որն ունի շատ փոքր ու նեղ աշխարհընկալում։ Խոսքն Էրդողանի մասին է։

Էրդողանը փորձում է այնպիսի մեծ խաղեր խաղալ, որ իր գլխից բարձր են։ Եվ հիմա մենք հերթական անգամ տեսնում ենք, որ Թուրքիան հայտնվում է մեկուսացման մեջ։ Բայց նախորդ ավանտյուրաների համեմատ առանձնահատկությունն այն է, որ այստեղ օգտագործվում է մեկ այլ պետություն։

Ադրբեջանն է օգտագործվում Էրդողանի այդ ավանտյուրիստական, ագրեսիվ, պանթյուրքիստական ցնորքներն իրականացնելու համար։

– Դուք ասում էիք՝ հոկտեմբերի 5-ը բեկումնային էր մեզ համար, այս ամբողջ զարգացումնե՞րը նկատի ունեք։

– Այո, ես արդեն որոշ նախանշաններ զգացի ու տեսա, որ գնում են գործընթացներ, որոնք չէին երևում։ Բայց եթե համեմատում ես որոշ դետալներ, զգում ես, թե այս գործընթացներն ինչ ուղղությամբ են գնում։ Եվ այդ գործընթացներով էր պայմանավորված Չավուշօղլուի այսօրվա այցը Բաքու։

Այսինքն՝ նրանք Բաքվին էլի մեկ անգամ գցում են առաջ, որ իրենց համար ինչ-որ տեղ ապահովեն բանակցային գործընթացում կամ դրա դիմաց ինչ-որ բան կորզեն։ Դա է Էրդողանի քաղաքականությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am