Եթե չկան հստակ ապացույցներ, ճիշտ չէ հայ-վրացական միջպետական հարաբերությունները դնել հարվածի տակ․ Վրացագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի պահվածքը, երբ հարևան Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում։

– Վրաստանն ունի երկու հարևան, որոնք միմյանց դեմ պատերազմում են։ Վրաստանի դիրքորոշումը այս պահին չեզոքությունն է, իրենք էլ այդ մասին բարձր մակարդակով հայտարարել են, հետևաբար այդ հարցին պետք է նայել այս համատեքստում։

Նրանք ունեն ռազմավարական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ և քանի որ ունեն երկու խոշոր համայնքներ, ցանկություն չունեն և իրենց ազգային շահերից չի բխում, որ տարածաշրջանում լինի կոնֆլիկտ։

Չէ՞ որ այդ կոնֆլիկտը հարված է նաև նրանց տնտեսությանը՝ ներդրումներ չեն կատարվում, զբոսաշրջության անկմանը, և չի բացառվում՝ նույն կոնֆլիկտը ներթափանցի նաև նրանց տարածք։ 

– Մենք տարբեր աղբյուրներից տեղեկություններ էինք ստանում, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռներ են տեղափոխվում Ադրբեջան․․․

– Տեսեք՝ այդ տեղեկությունները, որ գալիս են հայկական տեղեկատվական դաշտ, նույն տեղեկությունները նաև ադրբեջանական լրատվական դաշտում են հայտնվում։

Վերջին անգամ վրացական կողմը ստիպված եղավ, այսպես կոչված՝ ապօրինի ռազմամթերք տեղափոխելու մասին ադրբեջանական մեղադրանքներին արձագանքել։

Միգուցե, եթե չկան հստակ ապացույցներ, ճիշտ չէ հայ-վրացական միջպետական հարաբերությունները դնել հարվածի տակ։ Կան չվերթեր, որոնք երևում են, և վրացական կողմը հայտարարում է, որ ԻԿԱՕ-ի նորմերով են իրականացվում դրանք՝ այն պետությունը, որը խնդրում է Վրաստանի օդային տարածքը, ներկայացնում է փաստաթղթեր հումանիտար կամ քաղաքացիական բեռներ տեղափոխելու մասին, ստանում է համաձայնություն։

Վրացական կողմը արդեն հայտարարել է, որ եթե որևէ կողմ կատարել է խախտում, իրենք սանկցիաներ կկիրառեն։ Շատ կարևոր է հասկանալ, որ, բացի իրական պատերազմից, ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որտեղ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ այլ երկրներ թե՛ հայկական տարածքում, թե՛ այլուր կարող են ակտիվ ապատեղեկատվություն տարածել՝ հակավրացական ալիքներ բարձրացնելով։ Ի վերջո, մեզ մոտ մի քիչ բացասաբար են վերաբերվում չեզոք լինելու մասին Վրաստանի հայտարարություններին, բայց նույն կերպ է վարվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ուղղակի Իրանի և Վրաստանի միջև տարբերությունն այն է, որ Իրանը չի փակել օդային տարածքը։ 

– Օրինակ՝ ջավախահայերը ցանկանում էին գալ Հայաստան, մասնակցել պատերազմական գործողություններին, չկարողացան։ Դա ևս հակավրացական տրամադրություններ արթնացրեց Հայաստանում։

– Այդ հարցը եկեք փակենք՝ Վրաստանում 2014-15 թվականների օրենսդրական նորմ կա, որով արգելվում է, որ Վրաստանի քաղաքացին մասնակցի այլ երկրների կոնֆլիկտներին։ Նա նման իրավունք չունի։ Հակառակ դեպքում նրան սպառնում է 5-7 տարի ազատազրկում։

Վրացական կողմն այդպիսով, ֆիքսում է, որ եթե չեզոք է, իր համար շատ կարևոր է, որ իր քաղաքացին չլինի մասնակից այդ կոնֆլիկտին, քանի որ նա այդպիսով թույլ չի տալիս, որ այդ կոնֆլիկտը ներթափանցի իր երկիր։

Այս պահին Վրաստանի շահերից է բխում, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Շատ կարևոր էր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, ինչը ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերություններում կոնկրետ այս հարցի շուրջ կա կոնսենսուս, և երկու կողմերը իրար հասկանում են։ Կարող է հանրության համար դա ընդունելի չլինի, բայց վրացական կողմը, իր շահերից ելնելով, նման դիրքորոշում է որդեգրել։ 

– Դուք Հայաստանում տեսնո՞ւմ եք հակավրացական տրամադրություններ առաջացնելու միտում։

– Այո՛, պարբերաբար առաջանում են նման ինֆորմացիոն հոսքեր։ Սոցցանցերում մենք տեսնում ենք՝ տարածում են լուսանկարներ, որտեղ Թբիլիսիի Խաղաղության կամուրջը կամ հեռուստաաշտարակը ադրբեջանական դրոշի գույներով են լուսավորվել, և տարածողներն էլ հարցադրում են անում, թե ինչու հայկական գույներով չեն լուսավորվում։

Մինչդեռ Հայաստանի Անկախության օրը դրանք լուսավորվել էին մեր եռագույնով։ Մեր Անկախության օրը մեր դրոշի գույներով են պատվում, նրանց երկրի անկախության օրը՝ այդ երկրի դրոշի գույներով։

Նման տեղեկությունները շատ արագ են տարածվում, որպեսզի հակավրացական տրամադրություններ առաջանան։

Իսկ Էդուարդ Աղաջանյանն իր հայտարարությամբ հստակ արձանագրեց, որ որոշ ուժեր, խմբեր երկրի դրսից և ներսից իրավիճակները օգտագործում են հակավրացական տրամադրություններ առաջացնելու համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am