«Կարևոր զգացողություն է, որ դու ինչ-որ բանով օգուտ ես բերում». ՏՏ ոլորտում աշխատող երիտասարդների նախաձեռնությունը՝ հանուն Հայրենիքի

Հեռախոսի, օծանելիքի, սպասքի, անգամ ավտոմեքենայի վաճառք․ երիտասարդ ծրագրավորող ընկերները Հայրենիքին օգնելու նպատակով նախաձեռնությամբ են հանդես եկել. իրենց աշխատավայրի սենյակներից մեկը պահեստի են վերածել, Facebook-ում և Instagram-ում Sale4fund անվանումով էջ ստեղծել և սկսել են քաղաքացիներից ընդունել տարբեր իրեր և առցանց վաճառքի հանել՝ հասույթն ամբողջությամբ ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով թիկունքում հանրությունը միավորվել և ամենատարբեր նախաձեռնություններով փորձում է օգտակար լինել Հայրենիքին։

Sale4fund նախաձեռնության անդամ Լուսինե Կարապետյանը «Մեդիալաբին» պատմում է, որ պատերազմն սկսվելուն պես մտածում էին, թե ինչ օգտակար նախաձեռնությամբ կարող են հանդես գալ, և աշխատավայրում որոշ իրեր տեղափոխելիս ծագեց գաղափարը։

«Գրասենյակում սենյակից սենյակ էինք տեղափոխվում, դարակներում ինչ-որ բաներ կային, ինձ մոտ օծանելիք կար՝ լրիվ նոր, «Արմանի» օրիգինալ, սակայն հոտն ինձ դուր չէր գալիս: Ընկերոջս ասացի, որ օծանելիք ունեմ, նվիրեմ քեզ, դու մեկին կտաս: Նա էլ ասաց՝ եթե վաճառեինք, լավ կլիներ, հանգանակություն կանեինք հիմնադրամին։ Ու էդտեղից իդեան ստեղծվեց, առաջին իրը, որ դրեցինք էջում, դա էր։ Խանութում 40․000 դրամ էր, մենք 25․000 դրամով դրեցինք, ու դնելու հենց երկրորդ օրը վաճառվեց»,- պատմում է Sale4fund նախաձեռնության անդամ Լուսինե Կարապետյանը։

Կարապետյանը նշում է, որ նախաձեռնությունը համախմբում է քաղաքացիներին, որոնք ուզում են որևէ ապրանք անվճար հանձնել, որն իրենք չեն օգտագործում, և գնորդներին, որոնք ուզում են ձեռք բերել այդ իրը՝ գումարն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մինչ այս պահը վաճառված ապրանքի հասույթը կազմել է 460․000 դրամ, որը փոխանցվել է հիմնադրամին։

Կարապետյանը նշում է, որ մարդիկ հանձնում են տարատեսակ ապրանքներ. «Այսօր հեռախոս վաճառեցինք, եղել է մեքենայի վաճառքի առաջարկ, որը գնահատվել է 2 մլն 900 հազար, որի ամբողջ գումարը գնալու է հիմնադրամ, ունենում ենք զարդեր, կոսմետիկա, սպասք և այլն»։

Լուսինե Կարապետյանի խոսքով՝ քաղաքացիներն ապրանքը բերում են պահեստ, որտեղ ապրանքի արժեքը գնահատվում է, համաձայնեցվում է նրանց հետ և վաճառքի հանվում։

«Բերում են մեզ մոտ, թողնում են, իրը ֆիզիկապես գտնվում է մեր պահեստում, բայց համարվում է այդ մարդու սեփականությունը, քանի դեռ չի վաճառվել։ Գինը այդ պահին համաձայնեցնում ենք տրամադրողի հետ, ձգտում ենք ավելի ցածր գնով դնել, քան ինքը ձեռք է բերել կամ նախընտրում է, որ վաճառվի։ Տեղադրում ենք մեր էջերում՝ Ինսթագրամում, Ֆեյսբուքում։ Վաճառվելու դեպքում գնորդը մոտենում է մեզ՝ պահեստ, տեղում կատարում է հանգանակություն: Եթե ինչ-ինչ պատճառներով օնլայն հնարավորություն չունեն կատարելու, մենք նրանց փոխարեն մեր հաշիվներից անում ենք հանգանականությունը, նրանք թողնում են գումարը, որը հետ ենք գցում հաշվին»,- մեխանիզմը բացատրում է նախաձեռնության անդամը։

Կարապետյանը նշում է, որ իրերը կարող են լինել և՛ նոր, և՛ օգտագործված, բայց ընդունելու պայմանը մեկն է՝ ապրանքը պետք է լինի լավ վիճակում։ Ապրանքի և գնի սահմանափակում չկա։

Կարապետյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում գտնվող մարդկանց համար։

«Կարևոր զգացողություն է, որ դու ինչ-որ բանով օգուտ ես բերում, ինչ-որ կերպ մասնակցում ես այդ ամեն ինչին։ Մենք ինքներս էլ նախաձեռնելուց առաջ ամեն վայրկյան նորություններ թերթելու վիճակում էինք, էս նախաձեռնությունը մեզ սկսեց հույս տալ, մի քիչ հեռացանք անընդհատ նորություններ թերթելուց ու սկսեցինք ռեալ գործ անել, մանավանդ որ, գումարային արդյունքն արդեն տեսնում ենք, շատ ենք ոգևորվում։

Ուրախանում ենք, որ տեսնում ենք՝ մարդիկ իրենց լավագույն իրերն են բերում, մարդիկ կան, որ իդեալական վիճակում գտնվող իրեր են բերում։ Եղել են դեպքեր, երբ գնահատել ենք ապրանքը, օրինակ՝ 5000 դրամ, բայց փոխանցել են 10․000 դրամ, որովհետև գնալու է հիմնադրամին, նման դեպքեր էլ ենք ունեցել, ինչը շատ ոգևորում է»,- ընդգծում է Կարապետյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am