«Գիրքը՝ զենք»․ գրքերի վաճառքից ստացված հասույթը՝ համահայկական հիմնադրամին

«Անժամանակ», «Կյանքի ջութակը», «Կորիր ինձ հետ»՝ «Դարակ» հրատարակչությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում ներկայացրել է գրքերի ընտրանի, որոնց վաճառքից ստացված գումարն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Դարակ» հրատարակչությունը, միանալով այս օրերին թիկունքում իրականացվող նախաձեռնություններին, մեկնարկել է «Գիրքը՝ զենք» ակցիան։

«Առաջին քայլն իհարկե եղել է «Դարակ» հրատարակչության ներդրումը՝ հիմնադրամին գումար փոխանցելը, սակայն ընթացքում հասկացանք, որ միայն դրանով բավարարվելը քիչ է։ Որոշեցինք այսպիսի ծրագիր սկսել, որ հենց մարդիկ իրենց ձեռքով փոխանցում անեն, որոշեցինք որոշակի քանակով գրքեր ներդնել ծրագրի մեջ, որոնց գումարը կուղղվի հիմնադրամին»,- «Մեդիալաբին» պատմում է «Դարակ» հրատարակչության մենեջեր Հասմիկ Ավագյանը։

Ավագյանն ասում է, որ գրքերն ընտրվել են ամենավաճառվածների ցանկից, որ հետաքրքրությունն ավելի մեծ լինի։ Նա նշում է, որ ներառվել է և՛ հայ, և՛ արտասահմանյան գրականություն։

«Հովիկ Չարխչյանի գիրքն է, քանի որ շատ ընթերվող հեղինակ է, Աննա Ազբեկյանի գիրքը, Կարա-Դարվիշի, այնպիսի գրքեր են, որոնց նկատմամբ այսօր հետաքրքրությունը մեծ է։ Հիմնականում ժամանակակիցներին ենք ներառել»,- նշում է Ավագյանը

Գնորդը Ֆեյսբուքի էջում ընտրում է գիրքը, հիմնադրամին փոխանցում գրքի գումարը, ապա կտրոնն ուղարկում է հրատարակչություն, որից հետո հրատարակչությունը փոստով առաքում է հասցեատիրոջը։

«Աշխատում ենք օրական մեկ գրքով հավելում ունենալ, և որպեսզի ծրագրի տեմպը չնվազի, օր օրի նոր գիրք ավելացնելով՝ կարողանում ենք ավելի շատ մարդկանց ներգրավել ծրագրում։ Հետաքրքրություններն էլ տարբեր են, տարբեր ոճերի գրքեր ենք ներառում»,- ասում է Ավագյանը։

Մինչ այժմ 120 և ավելի գրքերի վաճառք է եղել, վաճառքից փոխանցված գումարը գերազանցել է 400000 դրամը։

Ավագյանն ընդգծում է, որ նման նախաձեռնությունները շատ կարևոր են, և այդպիսի ծրագրերի կարևորությունն էր, որ դարձավ «Գիրքը՝ զենք» ծրագիրն սկսելու հիմքը:

«Կարծում եմ, որ սահմանը պետք է ուժեղ լինի, նույնքան էլ թիկունքում պետք է փորձենք ամեն ինչ անել թե՛ հիմնադրամի համար և թե՛ վիրավոր զինվորների համար, որպեսզի այն մարդիկ, որոնք չեն կարող զենք բռնել, ուրիշ տարբերակներով կարողանան աջակցել այս պայմաններում գտնվող մեր երկրին»,- հավելում է Հասմիկ Ավագյանը։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

«Կարևորը պիտանի կամ օգտակար լինելու զգացումն է, մի բան անելու ժեստը»․ Գեղանկարիչները վաճառքի են հանել նկարները՝ հանուն հայրենիքի

«Կարևոր զգացողություն է, որ դու ինչ-որ բանով օգուտ ես բերում». ՏՏ ոլորտում աշխատող երիտասարդների նախաձեռնությունը՝ հանուն Հայրենիքի

«Ես զարդը զենք եմ դարձնում»․ ստեղծագործող կանայք զարդերը վաճառքի են հանել՝ հանուն հայրենիքի

«Կոմիտասով» և Սայաթ-Նովայով». Հայրենիքի համար 10000 դոլար է հավաքվել` YouTube-ի տեսանյութերի դիտումներից

Արփինե Արզումանյան

MediaLab.am