Տանը պատրաստված կարկանդակներ, ժենգյալով հաց, սեր և հոգատարություն՝ կամավորներին. Հելենա Մելքոնյանը «հանուն հայրենիքի» նվիրվելու իր ձևն է գտել

8 ժամ անդադար գազօջախի առաջ լինելուց Հելենայի ձեռքերը կոշտացել են ու մի քիչ էլ կարմրել. 500 հատ կարկանդակ է պատրաստել կամավորների համար, որոնք այս օրերին կազմակերպում են Արցախից Հայաստան եկած մարդկանց և զինվորի համար օգնությունը։

32-ամյա Հելենա Մելքոնյանը մասնագիտությամբ կինոռեժիսոր է, սակայն շատերին հայտնի է իր քաղաքացիական դիրքորոշմամբ, նախկին տարիներին պայքարի տարբեր կիզակետերում ձայնը լսելի դարձնելու համառությամբ։ Եվ չնայած 2020 թվականը շատ ծանր էր Հելենայի համար, նա իր մեջ ուժ է գտել առաջ նայելու և օգտակար լինելու նաև մեկ ամիս առաջ պատերազմի մեջ հայտնված Հայրենիքին։ 

«Իմ կյանքում այս տարի շատ վատ տարի էր, ամռանը երեխաս մահացավ, ու էմոցիոնալ առումով շատ վատ եմ տանում այս ամեն ինչը, ու եթե ինչ-որ դրական բան կարող ես անել, պետք է անես, ես մտածում եմ՝ եթե չանես, հետո շատ ես փոշմանելու»,- ասում է Հելենան։

Այս օրերին կամավորական աշխատանք կատարողներին սննդով ապահովելու գաղափարը Հելենայի մտքում պատահական չի առաջացել։ Նրա խոսքով՝ կամավորները հաճախ ահռելի աշխատանք են կատարում՝ մոռանալով իրենք իրենց մասին։ Հելենան էլ փորձել է իր կարեցածին չափ նրանց համար սնունդ պատրաստել և առաքել՝ որոշ չափով հոգալով նրանց սննդի հարցը։ Հելենայի հոբբին է խոհարարությունը, մինչև պատերազմը խոհարարական վիդեոբլոգ էր սկսել, պատերազմն սկսելուն պես որոշում է իր ունակություններով սերն ու հոգատարությունը հասցնել մարդկանց։

Կարկանդակներ և քաղցրավենիք կամավորների համար

«Սկզբում տորթեր էի պատրաստում, մարդկանց ասում էի՝ գումարը փոխանցեք հիմնադրամին, ես ձեզ կառաքեմ տորթը: Հետո մարդիկ սկսեցին ասել, որ տորթի գումարը կփոխանցեն ինձ, և ես չիզքեյթեր էի սարքում Արցախից եկած երեխեքին։ Հետո ուրիշ բան մտածեցի. քանի որ ամբողջ օգնության հոսքը գնում է դեպի Արցախից եկած մարդիկ, և մի մասն էլ զինվորների համար է գործ անում, որոշեցի հենց կամավորների համար ինչ-որ լանչ բոքսերի պես բան պատրաստել։ Գիտեմ, որ էն երեխեքը, որ շատ գործ են անում, ինքնամոռաց լիքը գործ են անում ու մոռանում են հաց ուտել։

Ես հիացած եմ բոլոր մարդկանցով, որոնք այսքան շատ գործ են անում, իմ արածը ոչինչ է։ Միայն իմանամ, որ իմ արածով մի քիչ կուշտ կլինեն կամ մի փոքր կուրախանան, որ ինչ-որ մեկն իրենց մասին է մտածել, դրանից ես ինձ լավ կզգամ»,- ասում է Հելենա Մելքոնյանը։

Վստահ է՝ էական չէ՝ ինչպես ես օգնություն ցուցաբերում, կարևորը որևէ օգտակար բան անելն է։

Հելենան իր պատրաստած չիզքեյքն է փոխանցում Արցախից եկած երեխաների համար

Հելենան ՀՕՖ-ի «Այո» հարթակի համայնքների հետ կապերի ղեկավարն է, աշխատանքից հետո՝ ազատ ժամանակը և հանգստյան օրերը լիովին նվիրում է այս գործին։ Այս կիրակի պատրաստել է 50 ժենգյալով հաց, նախորդող հանգստյան օրերին՝ 500 կարկանդակ։

Ալյուրով ուտեստներ պատրաստելու Հելենայի նախընտրությունը բացատրություն ունի. նա դրա մեջ մոգականություն է տեսնում և, ինչպես ինքն է նշում, խմորը հունցելիս կարող է իր դրական էներգիան փոխանցել։ Հաճախ պատրաստելիս նաև երգում է՝ դրական խոսքեր օգտագործելով։

«Երգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ չհուսահատվեն, որ մեր երեխեքը չեն տեսնելու էն, ինչ մենք ենք տեսնում»,- ասում է նա։

Սննդի տոպրակները, որոնցով առաքում է կամավորներին, ևս դրական տրամադրություն են հաղորդում՝ տոպրակների վրա «Լավ ա լինելու» գրառումներով։

Սնունդը մոտեցնում է տարբեր վայրեր, որտեղ կամավորներ են  աշխատում՝ լինի դրսում թե որևէ կենտրոնում։ Ոմանք արդեն ճանաչում են նրան, ոմանք անգամ չեն նկատում, թե ինչպես եկավ ու գնաց։ Ասում է, որ չի ուզում իր կատարածը որպես տարբերվող երևույթ ընկալվի, ընդհակառակը՝ միմյանց օգնելն այժմ ամենասովորական երևույթը պետք է լինի։ 

«Գնում եմ ու բաժանում կամավորներին, ոչ միայն փողոցներում աշխատող երեխեքին, այլև տարբեր տեղերում հրաշալի մարդիկ կան և գործ են անում, օրինակ՝ Թատերական ինստիտուտում քնապարկեր և վրաններ-թիկնոցներ են պատրաստում, նրանց եմ տանում, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ցանցեր են գործում, «Արեգնազանում» նույնպես, որտեղ հասցնում եմ՝ տանում եմ։ Օրինակ՝ հրապարակի անձրևանոցների տակ նստած երեխեքը գիտեն, որ իրենց միշտ տանում եմ»։ 

Ասում է, որ ընկերներն էլ հաճախ տեղափոխման հարցում են օգնում.  «Ամսվա վերջին, որ զգում եմ՝ էլ չեմ կարողանում ֆինանսապես ձգել, ընկերներս գրում են՝ ես քեզ կգամ, կբերեմ, տաքսու փող մի տուր, մի տեղից տանում են մյուս տեղ, ես Չարբախում եմ ապրում, իսկ մնացած կետերը կենտրոնում են»։

Հելենան ասում է՝ իհարկե հեշտ չէ աշխատանքից հետո, առանց հանգստի, ժամերով անցկացնել գազօջախի առաջ, առաքումը կազմակերպել, ֆինանսական ներդրումն էլ քիչ չէ, բայց մտքով էլ չի անցնում ձեռքերը ծալած նստել, հակառակը՝ կարծում է, որ եթե այժմ որևէ ձևով օգտակար չլինի, հետագայում միայն ափսոսալու է։

«Ամեն մեկս պիտի մեր փոքր ներդրումն ունենանք, սա մեր լինել-չլինելու հարցն ա, եթե չանենք, շատ ենք փոշմանելու։ Եթե ինձնից պահանջվելու է օրերով կանգնել գազօջախի առաջ, ես կանեմ, ինձ դա միայն հաճելի է: Չեմ ուզում վատնվի էն ժամանակը, որը կարող է մի լավ բանի նպաստել։ Ամենալավ զգացողությունն այն է, որ մեծ, հսկայական պրոցեսի մաս ես կազմում։

Մենք պիտի իրար օգնենք, որովհետև էս օրերին, բացի իրարից, ոչ ոք չունենք։ Երբ կհասկանանք, որ բացի իրարից ոչ ոք չունենք, էդ ժամանակ գիտեք ինչ հրաշքներ տեղի կունենան, ես վստահ եմ, որ լավ է լինելու»,- ընդգծում է Մելքոնյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am