«Ղարաբաղի խնդրի շուրջ նոր փուլ է սկսվում․ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցություն կա՝ անկախության ճանաչման հարցով». Կայծ Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, հայտնի է, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Վերին պալատը՝ Սենատը, քննելու է Արցախի անկախության ճանաչման հարցը։ Ի՞նչ սպասել այս գործընթացից։

– Նախ ասեմ, որ դա բանաձևի նախագիծ է, և շատ հավանական է, որ անցնի։ Կարևոր է, որ այդ փաստաթուղթը գոյություն ունենա։ Տեսնենք, թե ինչ կեցվածք կդրսևորի Ֆրանսիայի կառավարությունն այդ հարցի շուրջ։ Շատ հավանական է, որ Ադրբեջանը կդժգոհի, բայց կարևոր է, որ գոնե Ղարաբաղի կարգավիճակի հարցը սեղանին լինի։ Եվ հետևաբար, Վերին պալատի որոշումը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ։ Բայց քաղաքական մասն էլ կա։

– Ի՞նչ քննարկումներ կան այս հարցի շուրջ Ֆրանսիայում այս փուլում։ Ասում եք՝ քաղաքական հարց կա, դա ինչպե՞ս կարող է ազդել։

– Վերջնական որոշում ընդունողը կառավարությունն է՝ գործադիր իշխանությունը։ Քանի որ դիվանագիտական նշանակություն ունի այդ առաջարկը, վերջին խոսքը պատկանում է կառավարությանը, նախագահին։

Մենք գիտենք, որ Մակրոնը շատ հետաքրքրված է Ղարաբաղի կարգավիճակով, որովհետև նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը ինչ-որ տեղ խանգարում է Փարիզին ու Վաշինգտոնին, որովհետև վիրավորական փաստաթուղթ է։

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն ստորագրել այդ փաստաթուղթը, հետևաբար, դա շտկելու համար, ինչպես նաև Թուրքիային ու Ադրբեջանին պատժելու համար, վստահաբար, Փարիզն ու Վաշինգտոնն ուզում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեջտեղ բերել, որպեսզի հայերն ու Հայաստանն արձանագրեն քաղաքական հաղթանակ։

Այսինքն՝ Ղարաբաղի խնդրի շուրջ նոր փուլ է սկսվում։ Պատերազմի վտանգը, շատ հավանական է, որ հետևում մնաց, բայց քաղաքական բաղադրիչն էլ կա։ Եվ կարծես թե մրցակցություն պետք է սկսվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով։

Պուտինը, ինչպես գիտեք, վերջերս ասաց, որ շուտով պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Եվ նա ասաց՝ «ես չեմ հասկանում, թե ո՞նց Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։

Բայց, կարծում եմ, որ դա նա պահում է Ադրբեջանի գլխին՝ որպես միջոց, որ «եթե սադրանք լինի, ես կճանաչեմ Ղարաբաղի անկախությունը»։ Դա կանի, որպեսզի հայերը ծափահարեն ռուսներին՝ ասելով՝ եթե Ռուսաստան չկա, ուրեմն մենք էլ չկանք։ Եվ Ռուսաստանը դա կանի, որովհետև Պուտինը գիտի, որ Արևմուտքը կարող է այդ քայլն անել ու Ղարաբաղը ճանաչել։ 

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, շտկելու համար իրենց վիրավորված կեցվածքը, ուզում են այդ քայլն անել, որովհետև հրադադարի փաստաթուղթը ցույց է տալիս, որ Արևմուտքը կա՛մ անկարող է, կա՛մ անտարբեր է, կա՛մ ուղղակի նստած է, կարծես թե կարևորություն չունի։ Եվ դա շատ վիրավորական է նրանց համար։

Շատ հավանական է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ուզում են հավասարակշռություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Եթե Ադրբեջանը հաղթեց ռազմական ուղղությամբ, հայերը կարող են հաղթել քաղաքական ուղղությամբ։ Եվ դրանով հավասարակշռությունը կպահպանվի։ Եվ Պուտինն ասաց՝ մենք Ղարաբաղում ոչ հաղթող, ոչ պարտվող կողմ չունենք։ 

– Արցախի անկախության ճանաչումը կարո՞ղ է անվտանգությունը երաշխավորել։

– Եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, կերաշխավորվի անվտանգությունը։ Նախ՝ այսօր արդեն դե ֆակտո երաշխավորված է այդ անվտանգությունը, քանի որ ռուս զինվորներ կան Արցախի տարածքում։ Եվ սա էլ է կարևոր, ենթադրենք՝ Ադրբեջանը շատ դժգոհ է, ի՞նչ պետք է անի, պետք է հարվածի Ստեփանակերտի, Ասկերանի կամ Մարտակերտի ուղղությա՞մբ, բայց այնտեղ ռուսներ կան։ Այսինքն՝ հարվածել Ստեփանակերտին՝ նշանակում է հարվածել Ռուսաստանին։

Նշվում է, որ Արցախի հարցի շուրջ հետագա բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ստորագրված փաստաթուղթը դուրս է այդ ձևաչափից, բայց ընդունելի ձևաչափը մնում է Մինսկի խո՞ւմբը։

– Այո, բայց լավ գիտեք, որ Մինսկի խումբը չի ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Այսինքն՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն չեն ստորագրել այդ փաստաթուղթը, միայն Ռուսաստանն է ստորագրել՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Փաստաթուղթը ստորագրեցին Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, բայց դա համաձայնություն չէ, դաշնագիր չէ, միայն զինադարար է։

Իսկ հնարավո՞ր է այդ փաստաթղթում փոփոխություններ կատարել։

– Եթե Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ուզում են մրցակցության մեջ մտնել Ղարաբաղի ճանաչման հարցում, այդ պատճառով պետք է փոփոխություն լինի։ Զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի բառ չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ադրբեջանն այլևս չի խոսում կարգավիճակի մասին, վերջացած է։

Բայց ռուսներն ու հայերը և, վստահաբար, Արևմուտքը ուզում են շեշտը դնել կարգավիճակի վրա։ Այսինքն՝ հարցը մնում է կարգավիճակը։ Ինչպես մինչև սեպտեմբերի 27-ն էր Ղարաբաղի կարգավիճակը մնում ամենակարևոր հարցը, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո նորից կարգավիճակի հարցը մնում է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am