«Մենք կեղտի մեջ ենք ընկել, բայց ո՞նց դուրս գանք, սուվերենություն չունենք, պիտի ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը մեզ վերջնական չտապալի». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, պատերազմում պարտությունից հետո Հայաստանում փոխադարձ մեղադրանքներ են հնչում, ներկաները նախկիններին են մեղադրում, նախկինները գործող իշխանությանը «դավաճան» են անվանում։ Ի՞նչ վիճակում ենք հայտնվել, ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից։

– Բոլորն էլ մեղավոր են այս իրավիճակի համար՝ սկսած հասարակ մարդուց, պահեստապետից, ով գողանում էր, վերջացրած երկրի նախագահներով։ Կասկած չկա՝ այսպես էլ պիտի լիներ։ Բայց քանի որ մեզ խաբել են, որ մենք աշխարհի ամենաուժեղ բանակն ունենք, խաբար չէինք։

– Իշխանությունն էլ կարծես նպաստում էր այդ կեղծ ինֆորմացիայի տարածմանը։ Պատերազմի օրերին մենք գիտեինք, որ մեր բանակը հաղթում է, քանի որ հանրությանը նման պաշտոնական տեղեկություն էր փոխանցվում։

– Դե ապուշ են, համ մենք ենք ապուշ, համ՝ իշխանությունները։ Ջայլամի քաղաքականություն տարանք։ Արծրունը վերջին 5 օրերին ջոկեց, հիվանդացավ։ Հենց Արծրունը հիվանդացավ, մենք էլ ջոկեցինք, որ ինչ-որ բան էն չէ՝ կարո՞ղ է չենք հաղթում։

Այսօր քաղաքական ուժերը պահանջում են, որ վարչապետը հրաժարական տա։ Պե՞տք է հեռանա պարտված, հողեր հանձնած իշխանությունը։

– Ինձ արդեն քիչ է հետաքրքրում՝ կմնա՞ այդ վարչապետը, թե՞ չի մնա։ Դեռ պարզ էլ չէ, թե ով է գալու։ Ես այնպիսի ապատիայի մեջ եմ, որ ինձ չի հետաքրքրում։

– Ինչպե՞ս պետք է դուրս գանք այս վիճակից։

– Չգիտեմ, այս վիճակը ես չեմ ստեղծել, որ իմանամ ինչպես դուրս գանք։ Եթե ինձնից որևէ բան կախված լիներ, ինչ-որ լուծում կառաջարկեի։

Մենք ապուշ վիճակի մեջ ենք այսօր։ Նա, ով ինչ-որ ռեցեպտներ է ասում, սուտ է ասում։ Ես մտածում եմ՝ մեր գերիներին ո՛նց հետ բերենք։ Թքած ունեմ վարչապետի և մյուսների վրա, որ ուզում են գալ իշխանության։

– Կան կանխատեսումներ, որ եթե սահմանները բացվեն, շատ մարդ կարտագաղթի երկրից։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։

– Այո՛, 100 տոկոսով այդպես է լինելու։ Մարդիկ այստեղ ապագա չեն տեսնում։ Սաղ տվեցին, Թուրքիան առիթավորվել ու Մեղրիով ճանապարհ է գցում։ Այս մի իդիոտը գնա, էն անասուններն են գալու։ Ես չգիտեմ՝ ի՞նչ է լինելու։

– Պարտություններից հետո պետությունները նաև առաջ են գնում, զարգանում են։ Ի՞նչ պետք է անենք մենք։

– Պետությունները գնում են առաջ, երբ ունենում են Չերչիլներ, Վիլսոններ, Աթաթուրքեր… Մենք ի՞նչ ունենք, մի հատ չորսբոլորդ նայիր։

– Այսինքն՝ լավ առաջնորդնե՞ր են պետք։

– Դե իհարկե։ Բայց լավ առաջնորդները ստեղծվում են լավ հասարակություններից։ Մենք նախանձ, մանրախնդիր, ձեն տվող, ձեն բերող, իրար երեսի թքող ազգ ենք։

Հենա, տեսեք՝ 17 կուսակցություն դուրս են եկել, իրենց թվում է՝ լուրջ բան են անում։ Մեր գերիները՝ այնտեղ, գերիներին պառադի են հանելու, թքեն երեսներիս, էդ խեղճ երեխեքին տանջելու են, բայց ոչ մեկն այդ մասին չի մտածում։

Իրենք մտածում են՝ ո՛նց իշխանության գան։ Ասում են՝ օր առաջ Փաշինյանը պետք է իշխանությունից գնա։

Որ գնաց, ի՞նչ է փոխվելու։ Օր առաջ պետք է գերիներին բերեք, հայվաններ։ Եթե իշխանությունից գնաց, իմանամ՝ մի գերի կբերի դրանով, ես կողմ եմ։

Ախպեր, տարածքները իրենց գլխին կպնի, թող առաջնահերթ մեր երեխեքին բերեն։ Ինձ մարդիկ են պետք, որ երջանիկ ապրեն։ Այսօրվա՛ տարածքները պահեք, այն, ինչ ունեք։

Հայաստանով գնում ես այսօր, սաղ երկիրը դատարկ է։ Իրենք 30 տարի ասել են, որ այդ տարածքները պիտի հանձնենք, բայց ժողովրդին չեն պատրաստել, թե ինչո՞ւ պետք է հանձնենք։ 

Մենք կեղտի մեջ ենք ընկել, պետք է փորձենք դուրս գալ։ Բայց ո՛նց դուրս գանք, սուվերենություն չունենք, դրսից ղեկավարվող երկիր ենք։

Հիմա պիտի ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը մեզ վերջնական չտապալի։ Դրա համար պետք է սապոնն առնես ու մտնես… ռուսական դպրոցներ, ռուսական ալիքները բացես։

Դա պետք է անես, որքան էլ քեզ դուր չի գալիս։ Թե չէ թուրքի տակ ես մտնելու, այդ երկուսն են, ուրիշ ելք չունենք։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am