«Ամեն օր խելագարի նման գրում եմ իրեն, որ կռիվը պրծել է, արի՛»․ Հուսիկ Հովակիմյանի հարազատները 42 օր է՝ որևէ լուր չունեն նրանից

Հեղինակ MediaLab

Արցախյան պատերազմի մասնակից, կամավորական Հուսիկ Հովակիմյանի հարազատները նրան գտնելու հույսով առավոտից գիշեր փնտրտուքի մեջ են․ շարունակաբար դիմում են պետական կառույցներ, ադրբեջանական տեսանյութերում են որոնում, Ֆեյսբուքում գրառումներ անում, ծանոթ-անծանոթների դիմում․ Հուսիկից 42 օր է՝ լուր չունեն։

Հարազատները 24-ամյա Հուսիկ Հովակիմյանի հետ վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 21-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 24-րդ օրը։

Հուսիկի անունն ընդգրկվել է անհետ կորածների ցուցակում, երբ հարազատները դիմել են Պաշտպանության նախարարություն՝ հայտնելով, որ որևէ կերպ նրա հետ կապ հաստատել չի ստացվել։

Հուսիկ Հովակիմյանը սեպտեմբերի 28-ին է ներկայացել զինկոմիսարիատ՝ փաստաթղթերով և նույն օրն էլ կամավորագրվել։ Հուսիկը նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներից է եղել: 

«Շատ եմ լսել, որ Ապրիլյանի մասնակիցներին ասել են՝ դեռ սպասի, քո ժամանակը կգա, կասենք: Ես ասում էի՝ համբերիր, բայց չսպասեց, ամսի 28-ին գնացել, պնդել է, որ իրեն տանեն: Տարել են էնտեղ, որտեղ ծառայել է՝ Ջաբրայիլ»,- պատմում է քույրը։

Ջաբրայիլից հետո կռիվը շարունակել են Հադրութում։ Հուսիկի մասին լուր չունենալուց հետո հարազատները մեկ շաբաթ անց կարողացել են կապ հաստատել դիրքապահ ընկերների հետ։ Նրանք հարազատներին պատմել են, որ այնտեղ ընկել են շրջափակման մեջ, ծառայակիցներից մեկն էլ ծանր վիրավորված է եղել, Հուսիկը որոշել է՝ չնայած շրջափակման մասին տեղեկությանը, նրան հասցնել մոտակա հոսպիտալ։

«Ունեցել են ծանր վիրավորումով լեյտենանտ, իրենից մի տարով փոքր, վզից վիրավոր է եղել, խնդրել է, որ իջեցնեն հոսպիտալ։ Ունեցել են շտապօգնության մեքենայի վարորդ, բայց վարորդը ռիսկ չի արել, ասել է՝ չեմ կարող իջնել, քանի որ շրջափակման մեջ ենք: Ինքը չի լսել, գրկել է վիրավոր տղային, շտապօգնության մեքենա տեղափոխել և Հադրութի գլխից իջել են Մարտունու հոսպիտալ, բայց չեն հասել։ 

Վերջին օրերի մեկ-երկու տվյալների համաձայն՝ իմացանք, որ հասել են ինչ-որ կետ, որտեղ մեքենան է փչացել, կապվել են, ասել են, որ այսպիսի խնդիր է, ասել են՝ շուտ փախեք, շրջափակման մեջ եք, բացի դրանից ուրիշ տեղեկություն չունենք։ Չգիտեմ էլ՝ դա իրե՞նց մեքենան է եղել, թե՞ ոչ»,- նշում է քույրը։

‼Հարազատնե՛րս, օգնեք խնդրում եմ…Եղբայրս է՝ Հուսիկ Գրիգորի Հովակիմյանը, ծնված 1996թ., Ապրիլյան պատերազմի մասնակից։…

Posted by Shushan Hovakimyan on Saturday, November 14, 2020

Շուշան Հովակիմյանը օրեր առաջ է Միացյալ նահանգներից վերադարձել, ասում է՝ եկել է, որ եղբորը գտնի: 

«Պիտի գտնեմ, եկել եմ, որ գտնեմ, երազիս էլ եմ տեսել, որ ես եմ գտնելու իրեն»,- այնուհետև սրտնեղած նշում է՝ չգիտի էլ ինչ անի, էլ ում դիմի, եթե կառավարությունը գործուն քայլեր չի իրականացնում։

«Դիմել ենք՝ ուր ասես, էլ Կարմիր խաչ, էլ Ռուսաստանի դեսպանատուն, էլ պաշտպանության նախարարություն, ոչ մի տեղեկություն։ Ոչ մի տեղ չգիտեն, այն զինկոմիսարիատները, որտեղից տարել են, չգիտեն, ինչքան ինֆորմացիա ունենք, փոխանցել ենք։ Չգիտեմ՝ ինչ անել, խելագար վիճակ է։ Հիվանդանոցներ էլ ենք գնացել՝ անգիտակից զինվորներին տեսնելու՝ մտածելով, որ գուցե այնտեղ գտնենք։ Հայրս ԴՆԹ-ի անալիզ է հանձնել, թվում է, թե ինչ պետք է անեինք՝ արվել է։

Կառավարությունը պետք է լինի քո հույսը, բայց երբ հասկանում ես՝ չարժի նրանցից հույս սպասել, դու ոչինչ ես դառնում, երբ տեսնում ես՝ նրանք ոչինչ չեն ձեռնարկում, բազմաթիվ այդպիսի ընտանիքներ, գոնե լուր իմանաս, ինչ է պատահել, տեսնում ես՝ ոչինչ չկա, ոչ մի արձագանք»,- հուզմունքը զսպելով՝ ասում է Շուշան Հովակիմյանը։

Մինչդեռ Հովակիմյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է լիներ անհայտ կորածների ու գերեվարվածների հարցը, քանի որ ամեն վայրկյանը կարող է ճակատագիր արժենալ։

«Պաշտոնական դադարը 20 օր է, բայց ոչինչ չկա։ Ամենամեծ ցավը, կորուստը հայի համար տարածքների կորուստն էր, դրա հետ հաշտվելն էլ է ահավոր դժվար, բայց հիմա նրանք, ովքեր ողջ են, ովքեր կարողացել են էդ հատվածում գոնե պատսպարվել, անմարդկային է անգամ դիակներն այդ տարածքում թողնելը: Մի հույս, որ որևէ մեկը կարողացել է թաքնվել, պաշտպանվել, առաջին պայմանը պետք է լիներ, որ տարածքների հետ այդ երեխեքը փոխանակվեին։ 

Բայց առաջնահերթ տարածքներն են դատարկվում ու հանձնվում, բայց կարելի էր առաջնային խնդիր դնել գերեվարվածների, անհայտ կորածների, որ թույլ տան փոխանակել։ Ո՞նց կարելի է մարդկային ճակատագրերի նկատմամբ էսքան դաժան լինել, ես ոչ մի քայլ չեմ տեսնում»,- ասում է Շուշան Հովակիմյանը։

Նշում է, որ արդեն մեկ շաբաթ է՝ իրեն տեղեկացնում են, որ Կարմիր խաչը, խաղաղապահները կմտնեն Հադրութի այդ հատված, սակայն չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել:

«Հակառակ կողմը չի թողնում, որ Կարմիր խաչն այդ հատվածը մտնի։ Չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել, արդեն չգիտեմ՝ ջանքեր գործադրո՞ւմ են, թե՞ չէ։

Չեմ կարողանում ընկալել էս 20-օրյա դադարը։ Իրենք բնականաբար երջանկանում են, որ ինչքան հայ մորթեն, էնքան լավ, էս կողմը էնքան կկոտրվի, էլ չի կարողանա ուշքի գալ, բայց սա պիտի դարձնեն միջազգային հանրության համար տեսանելի հարց: Ես ու ինձ նման հազարավոր քաղաքացիներ ոչինչ չեն տեսնում, ոչ մի բան չի երևում, ներքին բան գուցե անում են, բայց դա պիտի դառնար առաջնային պայմանը»,- նշում է նա:

Քույրը, թեպետ սրտնեղած, բայց Աստծո հույսով, շարունակում է փնտրել։ Ասում է, որ երբ եղբայրը զանգում էր, ասում էր՝ մինչև պատերազմը չվերջանա, մինչև կռիվը չպրծնի, չի գալու․ «Ամեն օր խելագարի նման գրում եմ իրեն, որ կռիվը պրծել է, արի՛…»- հուզմունքով նշում է Շուշան Հովակիմյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am