«Երբ քաղաքական գործիչ լինելով՝ դիմացինիդ անբարոյական ես համարում, դրանով ֆիքսում ես, որ որպես քաղաքական գործիչ դու անբարոյական ես». Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

– Ընդդիմությունը երեկ հանրահավաքում ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշելով, որ պատրաստ են խմբակցության ղեկավարության հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և արդյոք պե՞տք է «Իմ քայլը» ընդառաջ գնար ընդդիմության պահանջներին:

– Գիտեք, ես միշտ կողմնակից եմ, որ լինի երկխոսություն քաղաքական ուժերի միջև՝ անկախ ամեն ինչից, անկախ ընդդիմադիր կամ իշխանական լինելուց: Բայց ես երբեք կողմ չեմ եղել ցանկացած պայքարի դեպքում փողոցային պահվածքին: Դա բացառապես անընդունելի ու անհասկանալի է ինձ համար, որ կարող է գրագետ, կիրթ մարդը դուրս գալ հարթակ ու գիտակցելով, որ իրեն կարող է հետևել ցանկացած քաղաքացի, կարող է լսել իմ կամ ձեր երեխան, հրապարակում հայհոյանքներով խոսել:

Ես արժեքային մտածողություն հարգող մարդ եմ, և, մասնավորապես, երեկվա հանրահավաքը ակնհայտ ցույց տվեց, որ այնտեղ մարդիկ են հավաքված, որոնք չեն կարող գնահատել արժեքներ, չեն կարող գնահատել այն մտածողությունը, որը ես եմ իմ առաջ դրել, ուր մնաց ազգային գաղափարախոսության կրողներ լինեն: Ազգային գաղափարախոսություն կրող մարդը երբեք չի կարող կանգնել ու կանանց նման բառեր ասել և, առհասարակ, «Իմ քայլի» պատգամավորների հասցեին նման արտահայտություններ թույլ տալ: Էական չէ՝ ում: Խնդիրն այստեղ անձերը չեն, «Իմ քայլը» կամ ԲՀԿ-ն չեն, խնդիրը այն բառամթերքն է, որով խոսվում է:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը, այն պայթյունավտանգ չե՞ք համարում և արդյոք չունե՞ք մտահոգություններ:

– Իհարկե ունեմ մտահոգություններ: Այդուհանդերձ, ես բացառում եմ, որ հանրությունը թույլ կտա նրանց իշխանության գալ: Սա նրանք պետք է ֆիքսեն և աչքի առաջ ունենան: Եթե անգամ հասնեն կամ չհասնեն իշխանափոխության, այն աղբը, որ լցվում է ամբողջական ռեժիմով դաշտում, շատ անհասկանալի և անընդունելի է: Եթե նրանց նպատակներն արդար են, պետք է գնալ ավելի կոռեկտ ճանապարհով: Ես ոչ թե արդարացնում եմ «Իմ քայլին», պարոն Փաշինյանին կամ որևէ մեկին, ինձնից սուր քննադատ չլինեն, բայց ես երբևէ կոռեկտության սահմանը չեմ անցնում, որովհետև գոյություն ունեն արժեքներ, որոնք գիտակցությունիցդ մեկ վայրկյան անգամ չպետք է թողնես: Երբ քաղաքական գործիչ լինելով՝ դիմացինիդ անբարոյական ես համարում, դրանով դու արդեն իսկ ֆիքսում ես, որ դու որպես քաղաքական գործիչ անբարոյական ես:

– Տիկի՛ն Հովսեփյան, երեկ նաև Հանրապետության հրապարակում վրաններ դրվեցին, կարծես օգտագործվում են նախկինում կիրառված բոլոր մեթոդները, բայց կարծեք թե հանրությունը այդպես էլ չի արձագանքում, չի հավաքվում: Ի՞նչն է պատճառը՝ ձեր կարծիքով:

– Քաղաքացին ապրել է բոլոր ժամանակներում, տեսել է խնդիրները և՛ մեր օրոք, և՛ տեսել է աղետալի խնդիրները նախկին ժամանակներում: Հրադադարից ի վեր, 26 տարի քաղաքացին ամենօրյա գրաֆիկով խնդիրներ է տեսնում, ամեն օր, ամեն վայրկյան: Եվ քաղաքացին եթե անգամ այսօր չհաջողված, չհաղթահարված խնդիրների համար պետք է փոփոխության գնա, ապա չպետք է բերի այն մարդկանց, որոնք ավելի են դրել այն պատճառները, որոնց հետևանքով այսօր շատ խնդիրներ չեն լուծվում: Եթե փոփոխություն, ապա պետք է լինի իրական փոփոխություն, ոչ թե ընդամենը դեմքերի փոփոխություն: Ընդ որում՝ այն դեմքերով, որոնք քաղաքացու կողմից ժամանակին մերժվել են:

– Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում: Մի մասը ելք է համարում արտահերթ ընտրությունները, որը սակայն մերժվում է հրապարակում եղած ուժերի կողմից:

– Մերժվում է, որովհետև եթե այսօր նրանք դեռ կան Ազգային ժողովում, արտահերթ ընտրությունների արդյունքում կարող են ընդհանրապես չհայտնվել խորհրդարանում: Հակառակ դեպքում ինչո՞ւ է մերժվում:

– Նրանք հայտարարում են, որ պետք է անցումային կառավարություն ձևավորել, իսկ ընտրություններն անցկացնել մեկ տարի հետո:

– Անցումային կառավարության մասին անընդհատ խոսվել է, այնպես չէ, որ դա նրանց առաջարկն է եղել: Անցումային կառավարության կողմնակից եմ նաև ես, բայց ոչ այն անձանցով, որն իրենք առաջարկում են: Ամբողջ աշխարհով սփռված մեր ազգը այնքան գրագետ, խելացի, որևէ մեկի հետ առնչություն չունեցած, ազգանվեր, գործին նվիրված մարդիկ ունի, որ ես վստահ եմ՝ եթե ուղղակիորեն կոչ արվի, որ հայրենիքը փրկելու անհրաժեշտություն կա, ապա բոլորը կլծվեն այդ գործին և ժամանակավոր անցումային կառավարումը կստեղծեն, մինչև երկիրը նախապատրաստեն խորհրդարանական ընտրությունների: Այդ ժամանակ ով էլ հաղթի, նա էլ կլինի իշխանություն:

– Իշխանությունն այսօր ի՞նչ պետք է անի այս իրավիճակը հանդարտեցնելու համար, դուք որպես պատգամավոր ի՞նչ պետք է անեք:

– Իրավիճակը մի քանի պատճառներով է լարված: Նախ՝ այս պահին շատ կառույցների տոտալ անաշխատունակությունը, որն անմիջականորեն անդրադառնում է քաղաքացիների սոցիալական, հոգեբանական և բարոյական խնդիրներին: Այսինքն՝ այս եղած խնդիրներին մի բան էլ անգործության խնդիրն է գումարվել: Սա պետք է օր առաջ հաղթահարվի: Երկրորդ՝ միանշանակ չպետք է տրվել այն մանիպուլյացիաներին, անընդհատ խայծը կուլ տալ ու հակադարձել: Մենք հիմա չպետք է դրան գնանք, որովհետև վերջը դա կոտրվելու է ժողովրդի գլխին: Երկու կողմն էլ պարտավոր են պատասխանատվություն դրսևորել և երկիրը ցնցումներից հեռու պահել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկիրը դուրս բերենք այս իրավիճակից, այլապես այս մի բուռ Հայաստանն էլ ենք կորցնելու:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փորձում եմ չլսված ու չտեսնված այս խնդիրները անընդհատ բարձրաձայնել, առաջ տանել, գոնե ներկայացնել կառավարություն, պահանջել լուծումներ, առաջարկել ճանապարհներ: Այսինքն՝ այն, ինչը որ պետք է անեմ, բայց ես մի մարդ եմ, իսկ մենք այսօր շատ խնդիրներ ունենք:

Մանե Հարությունյան

MediaLab.am