«Եթե ազգային կառավարության փոխարեն լինում է գաղութային ադմինիստրացիա, անելու են բոլոր այն քայլերը, որոնք կթելադրվեն իրենց». Վարուժան Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի սպա Վարուժան Ավետիսյանը

Պարո՛ն Ավետիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պատճառների վերաբերյալ ծավալուն հոդվածով հանդես եկավ։ Ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականներին, ընդհանրապես այս իրավիճակում վարչապետը պետք է հոդվա՞ծ գրի, թե՞ այլ աշխատանքով զբաղվի։

– Ես վարչապետի հոդվածը չեմ կարդացել, բայց համաձայն եմ, որ իր գործն այսօր հոդված գրելը չպետք է լինի, այլ իրավիճակը ճիշտ գնահատելը և ժամ առաջ հեռանալը։ Եթե նրա մեջ դեռ մնացել են ազգի և պետության մասին մտածելու ինչ-որ մղումներ, ապա պետք է հնարավորինս անցնցում և արդյունավետ կերպով կազմակերպի անցումային կառավարության ձևավորման գործը։

Ոչ թե ինքը պետք է գլխավորի այդ գործընթացը, այլ իր հեռանալուն զուգահեռ պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի այդ ամենն անցնցում և արդյունավետ տեղի ունենա։

Մասնավորապես, կարող է կարճ ժամկետով կառավարման լծակները թողնել իր թիմից համեմատաբար ընդունելի մեկին, որն արդեն քաղաքական կոնսուլտացիաներ կկազմակերպի կամ կապահովի դրանց կայացումը, որպեսզի հնարավոր լինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն։

Այսինքն՝ իր այդ թիմակիցը ոչ թե պետք է դառնա անցումային կառավարության վարչապետը, այլ պարզապես պետք է ապահովի գործընթացը։

– Դրա փոխարեն վարչապետն ինքն է նախաձեռնել քաղաքական խորհրդակցություններ ու խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Սա ճանապարհ չէ՞։

– Մենք մեր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասացինք, որ անընդունելի է նրա այդ մոտեցումը։

Փաստորեն նա հրավիրում է հանդիպման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որպեսզի համոզի նրանց, որ ինքը շարունակի զբաղեցնել այդ պաշտոնը, և իր պատկերացրած ընթացքը տեղի ունենա։

Դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Մարդը պարզապես չի ուզում պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել։

Եթե անդրադառնանք Հայաստանի սահմանների հարցին, այս փուլի գործընթացը ինչպե՞ս եք գնահատում։ Սահմանների, այսպես ասած, ճշգրտման գործընթաց է տեղի ունենում Սյունիքում։ Իշխանություններն ասում են՝ դա ոչ դեմարկացիա է, ոչ դելիմիտացիա, ուղղակի սահմանազատում է։ Ի՞նչ գործընթաց է սա, և ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Նախ պետք է հստակեցնել, թե որոնք են Հայաստանի սահմանները։ Եվ քանի դեռ մենք հավատարիմ ենք, այսպես կոչված, Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին և ՀՀ-ն համարում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդն ու շարունակությունը, ապա մեզ կարող են պարտադրել ամեն ինչ։

Մեզ 30 տարի անհեթեթ ձևով պարտադրեցին Արցախի կեղծ անկախություն, հետո պարտադրեցին այս ձևով պայմանավորված պատերազմ ու պարտություն։ Շարունակվելու է Հայաստանի մարմնի հոշոտումը, և, ի վերջո, մենք կորցնելու ենք պետականությունը, եթե մեզ շարունակենք համարել, այսպես կոչված, Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին հավատարիմ։

Այսպես կոչված Երրորդ հանրապետությունը վերջացող մի պրոյեկտ է, որը Հայաստանի պետականությունը խժռելու համար էր նախատեսված։ Դա դավաճանական, հակահայկական, հակապետական մի պրոյեկտ էր։ Այնպես որ, դրանից պետք է հրաժարվել և որդեգրել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը։

Ըստ այդմ մենք կհասկանանք, թե որոնք են Հայաստանի սահմանները։ Խոսքը վերաբերում է 1920 թվականին Փարիզի վեհաժողովի ժամանակ ընդունված փաստաթղթին՝ Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույցով ընդունված սահմանին, որը հետո իր արտացոլումն ստացավ և՛ Սևրի պայմանագրում, և՛ Վիլսոնի իրավարար վճռում։

Ըստ այդմ՝ Հայաստանի տարածք են համարվում և՛ Արցախը, և՛ Նախիջևանը։ Եվ այս իրավունքը վերաճանաչելով ու վերաորդեգրելով է, որ մենք կարող ենք խուսափել ինչպես հետագա կորուստներից և ստեղծել միջազգային իրավական և քաղաքական հնարավորություններ, բացել ասպարեզներ՝ հետագա կորուստներից խուսափելու և մեր պետականության ապագան երաշխավորելու համար։

Եթե այսպիսի մոտեցում չի որդեգրվում, այն, ինչ տեղի է ունենում, ուղղակի այս սովետական սահմանների գծով, Ադրբեջանի՝ իր համար լավագույն մեկնաբանությամբ ձևավորվող մի վիճակ է, որը, բնականաբար, ապահովվում է մեր շահերի հաշվին։ Եվ Ռուսաստանն էլ էլի մեր շահերի հաշվին հօգուտ Ադրբեջանի «աչառու» արբիտրի դեր է կատարում։

– Արդյոք պարտությունը առի՞թ է, որ Հայաստանի իշխանություններն այսպես հլու-հնազանդ ենթարկվեն ադրբեջանական կամ գուցե ռուս-թուրքական պահանջներին։ Վարչապետը նաև հայտարարեց, որ սահմանների հարցում որոշ պայմանավորվածություններ բանավոր են եղել։ Արդյոք հնարավոր չէ՞ հայկական կողմից էլ պահանջներ ներկայացնել։

 – Եթե ազգային կառավարության փոխարեն լինում է գաղութային ադմինիստրացիա, որի օձիքից բռնած պայմանավորված պատերազմի ամբողջ ընթացքում տարել են դեպի պարտություն, եթե «ա»-ն ասել է, ուրեմն «բ»-ն էլ, այբուբենի մյուս տառերն էլ պետք է ասի։ Հասկանալի է, որ այդ վիճակում հայտնված կառավարությունն ու նրա ղեկավարը անելու են բոլոր այն քայլերը, որոնք կթելադրվեն իրենց։

Եվ ոչ մի դիմադրություն էլ ցույց չեն տալիս։ Բայց արժանապատիվ վիճակի գալու համար անհրաժեշտ է Առաջին հանրապետության իրավահաջորդությանը վերադառնալ։ Հակառակ պարագայում շատ հավանական է, որ միջազգային դատարաններում և ատյաններում նաև հայցեր կհարուցվեն ՀՀ-ի դեմ՝ Ադրբեջանի տարածքների «օկուպացման», նրանց հասցրած վնասների հետ կապված, որոնք ահռելի գումարներ են։

Մինչդեռ իրականում Առաջին հանրապետության իրավահաջորդության համատեքստում նրանք պետք է մեզ փոխհատուցումներ վճարեն։

Լրիվ հակառակ իրավիճակն է ստեղծվելու, եթե մենք որդեգրենք Առաջին հանրապետության իրավահաջորդություն։

Եվ դեպի պետականության փակուղի, ոչնչացում ենք գնալու, եթե մնանք այս ընթացքի մեջ։ Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանն ու Թուրքիան էլ պահպանվեն որպես լուրջ խաղացողներ, ապա կստիպեն ի վերջո ճանաչել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ փաստացի սահմանները։

Եվ, ըստ էության, կլեգիտիմացնեն ռուս-թուրքական՝ 100 տարի առաջ կնքված Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերը, դրանցով ստեղծված տարածքային ու սահմանային բաժանումները։

Այսինքն՝ ըստ էության, մենք մեր ձեռքով մեր մահկանացուն կստորագրենք, եթե այդպես շարունակվի։ Ցավոք սրտի, այս ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեռևս այդ ընթացքի մեջ է։ Մեզ անհրաժեշտ է րոպե առաջ դուրս գալ ռուս-թուրքական փակուղուց։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am