Բերձորում ավտոերթի ժամանակ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների կողմից նախապես կազմակերպված էր. համոզված են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը ասաց, որ այս դեպքը սարսափելի էր, բայց վերջին տարիների ընթացքում քաղաքական ընդդիմադիրների, հասարակական գործիչների և իշխանությունների դեմ գործող երիտասարդների նկատմամբ միշտ բռնություն ու ծեծ է կիրառվում:
«Կոնկրետ այս դեպքում ուժային կառույցների ներկայացուցիչները, հատուկ ջոկատայինները ամեն ինչ կազմակերպել էին նախօրոք, այնտեղ զինված մարդիկ կային: ԼՂՀ Ոստիկանության հայտարարությունից անգամ երևում է, որ նրանք պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Նրանք գործել են ոչ թե իրավապահ մարմիններին հարիր գործելաոճով, այլ ավելի շատ քրեական աշխարհին հարիր գործելաոճով»,-նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները չկարողացան իրականացնել իրենց ավտոերթը դեպի Արցախ, քանի որ մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անհայտ անձիք փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, այնուհետև բռնություն կիրառել շարժման անդամների նկատմամբ:
Այս ամենի հետևանքով ջարդվել էր ավելի քան 15 ավտոմեքենա, առգրավվել 3 տեսախցիկ, ծեծի ենթարկվել և վնասվածքներ ստացել շուրջ 20 մասնակից, որոնց թվում կային նաև լրագրողներ:
«Մեդիա կենտրոնի» քննարկմանը ներկա Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, ով մասնակցել է ավտոերթին և ականատես եղել դեպքին, կարծում է, որ այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունների միջև անջրպետը խորացնելու համար:
«Երբ որ Արցախ արգելում են մտնել արցախյան ազատամարտի կարկառուն հրամանատարներից մեկին՝ Ժիրայր Սեֆիլյանին, և նրան ծեծում են Արցախում, սա նշանակում է, որ մենք Արցախը կորցնում ենք: Սա ռեժիմի կողմից կազմակերպված էր, որ պետք է ծեծվեն մարդիկ, ջարդվեն մեքենաներ, և միամտություն կլինի մտածել, որ ինչ-որ մարդիկ պատժվելու են»,-ասում է Սաֆարյանը:
Քննարկման մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ասում է, որ քրեական գործերը պետք է հարուցվեն Հայաստանում, քանի որ բռնարարքերը եղել են ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Ու ԼՂՀ-ն Հայաստանի իշխանությունների հետ համատեղ պետք է քննություն կատարի: Մենք դատապարտում ենք իրավապահների բացարձակ անընդունելի գործողությունները»,-նշում է Կիրակոսյանը:
Անդրադառնալով նաև ԼՂՀ-ում հասարակության տրամադրվածությանը՝ Կիրակոսյանը նշեց, որ Արցախում իսկապես գոյություն ունի Հայաստանից խիստ տարբերվող հասարակություն:
«Այնտեղ ուրիշ տրամաբանությամբ, ուրիշ ընկալումներով ապրող հասարակություն է և երկու հասարակությունների միջև այդ առումով իսկապես անջրպետ կա: Եվ ավտոերթի մասնակիցներին այդպես դիմավորելը ինչ որ չափով նաև հասարակության իրական ընկալումներն էր արտահայտում»,-նշեց Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ ապրիլի 24-ի հետ կապված անհեթեթ, ոչ խելացի և նույնիսկ տարօրինակ լոզունգներով երթ անելը Արցախի հասարակության մոտ շատ ճակատագրական է ընկալվում և ոչ սովորական ակցիա, ինչպես Հայաստանում:
Հակադարձելով Կիրակոսյանին՝ Սաֆարյանը ընդգծեց, որ Արցախի հասարակությանը ապակողմնորոշել են իրենց ավտոերթի մասին սխալ տեղեկատվություն տրամադրելով:
«Արցախում ռեժիմի կողմից տարածվել էր ինֆորմացիա, որ երթի մասնակիցները եկել են հայաստանաբնակ զինվորներին տանելու Արցախից, կամ Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելու: Սա խաբեություն է, մենք գնացել էինք միավորման կոչերով»,-նշեց Սաֆարյանը և հավելեց, որ իրենք մինչև ապրիլի 24-ը շարունակելու են իրենց պայքարը հեղափոխության հասնելու համար:
«Մեդիա Կենտրոն»