«Մեր ենթակայանն ադրբեջանցիներն իրենց համար սարքել են կազարմա». ինչպե՞ս են Սոթքում ադրբեջանցիները ներխուժել գործարարի տարածք

Լուսանկարը՝ Infocom

Գեղարքունիքի մարզի Գեղամասար (կենտրոնը՝ Սոթք) համայնքում դադարեցվել է «Զոդ ուինդ» ընկերության աշխատանքը, որը քամուց էլեկտրաէներգիա էր արտադրում։ Ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել ընկերության տարածք ու չեն հեռանում։

Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասում է, որ ընկերության տարածքը հայկական է, բայց ադրբեջանական կողմի դիտակետի տակ է գտնվում։ 

«Այնպիսի իրավիճակ է, որ մոտ չենք կարողանում գնալ տարածք, որովհետև դա արդեն չեզոք գոտի է համարվում։ Այդ տարածքի համար պատերազմ չի եղել, որ ասենք՝ ուժով են վերցրել։ Պատերազմից հետո եկել, տեղակայվել են։ Այդ տարածքը կոնկրետ՝ 75 հեկտար, իմ համայնքի վարչական տարածքում է, պայմանագիրը ես եմ կնքել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է Հակոբ Ավետյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պայմաններում այլևս հնարավոր չէ աշխատեցնել այդ հողմակայանները։ 

«Եթե չկրակեն էլ, ամեն դեպքում անվտանգության խնդիր կա։ Իրենք զինված կանգնած են, չես կարող գնալ իրենց աչքի դիմաց ինչ-որ գործ անել։ Կարան նաև բռնեն, գերի տանեն մարդկանց։ Եթե այնտեղ ոսկի էլ ունենաք, եթե իրենք զինված կանգնած են, մենք ո՞նց կարող ենք մոտենալ»,- նշում է համայնքի ղեկավարը։

Այս խնդիրը բարձրաձայնել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ ահազանգ է ստացել գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020 թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ Կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5 մլն դոլարի վնաս:

Ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:

Խոսքը «Զոդ ուինդ» ՓԲԸ-ի մասին է, որի համասեփականատեր Արթուր Հարությունյանը «Մեդիալաբին» ասում է, որ թեպետ փաստաթղթերով իրենց ընկերության տարածքը ՀՀ տարածք է համարվում, սակայն ադրբեջանցիները նստած են հենց այդ տարածքում։ Ոչ թե մոտ են գտնվում, այլ հենց տարածք են մտել, որը փաստաթղթերով հայկական է։

«Հենց մեր տարածքում են իրենք նստած, ոչ թե մոտ են։ Մենք այնտեղ ենթակայան ունենք, այդ ենթակայանը իրենք սարքել են իրենց համար կազարմա։ Դա ՀՀ տարածքն է, իրենք եկել են ու ասել՝ սա մերն է։ Եթե դա նախկինում Արցախի Հանրապետության տարածք լիներ, մեզ ՀՀ վկայական չէին տա»,- ասում է նա։

Ըստ Արթուր Հարությունյանի՝ արդեն երեք տարի է՝ զբաղվում էին այդ գործունեությամբ։ «Մեր ընկերությունը քամուց էլեկտրաէներգիա էր արտադրում։ Տարածքը ՀՀ տարածք է եղել, մեր վկայականը ՀՀ տարածքի վկայական է։ Մեր Կառավարությունը հողի նշանակություն է փոխել, այդ որոշումն էլ կա, լիցենզիան մեզ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է տվել»,- հավելում է Արթուր Հարությունյանը։

Նա նշեց, որ դիմել են Կառավարություն, բայց կառավարությունից պատասխան չեն ստացել։ «Երևի կպատրաստվենք արդեն դիմելու Վարչական դատարան, իսկ հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասում է Արթուր Հարությունյանը։

Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ այս հատվածում սահմանը հսկվում է։ «Մի կողմում իրենք են կանգնած, մյուս կողմում մերոնք են։ Բայց ամեն դեպքում այդ տարածքն արդեն շատ վտանգավոր տարածք է դառնում։ Այդ երաշխիքը չկա, որ իրենց կողմից որևէ քայլ չի լինի։ Պետական մակարդակով պետք է այդ հարցը լուծվի, պետք է պետական մակարդակով այդ երաշխիքըր լինի, որ մարդիկ սահմանի վրա կարողանան իրենց ունեցածն օգտագործել»,- նշում է նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև արձանագրել է, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում իրական սպառնալիքներ են առաջացել Գեղարքունիքի մարզի բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Մի շարք համայնքներում տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով։

Սոթք համայնքի ղեկավարն ասում է՝ մարդիկ չեն կարող այսօր սահմանամերձ համայնքում լիարժեք պաշտպանված լինել, եթե հենց անմիջապես կողքիդ կանգնած է քո թշնամին։ «Եվ միշտ էլ վտանգ կա, որ կարող է նորից պատերազմ կամ փոխհրաձգություն լինի։ Ոնց որ ջունգլիներում առյուծների մեջ եղնիկ է ապրում, ամեն պահի կբռնեն, կուտեն։ Սահմանին անմիջապես ապրող մարդիկ արդեն սահմանապահ ժողովուրդ են դառնում։ Անվտանգության հարցերը երկրի ղեկավարների մակարդակով պետք է լուծվի։ Մեր համայնքում մարդիկ այսօր իրենց տարածքները չեն ուզում լքեն, արտագաղթի մասին դեռ խոսք չկա։ Բոլորս էլ հույս ունենք, որ նորմալ ձևով կլուծվեն անվտանգության աշխատանքները»,- ասում է նա։

Ավետյանը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքի սահմանամերձ դարձած համայնքների սահմանազատման աշխատանքները գարնանն են հիմնականում լինելու։ Գյուղերի արոտավայրերի հետ կապված խնդիրներ ևս առաջացնում են։ «Գարնանը, երբ մարդիկ արդեն արոտավայր են գնում, այդ ժամանակ այդ խնդիրները կզգանք»,- ասում է նա՝ հավելելով, որ սահմանին հանգիստ է, միջադեպեր չկան այս փուլում։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am