«Ճգնաժամից դուրս գալու համար ԵՄ-Հայաստան համաձայնագիրը փրկության կարևորագույն օղակներից է». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս փաստաթուղթը մեզ համար։

– Նախ՝ ուզում եմ հիշեցնել, որ այդ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին։ Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրեց 2018 թվականի ապրիլին։

Եվ այդ պահից, երբ պետությունը վավերացնում է, Եվրամիության խաղի կանոնների համաձայն, համաձայնագրի մոտ 80 տոկոսը կարելի է իրականացնել։

Այդ իմաստով մենք կարող ենք ասել, որ 2018 թվականի ապրիլից սկսվել է այդ պայմանագրի իրականացումը։ Ինչ-որ աշխատանք կատարվել է, այդ թվում՝ պատրաստվել է ճանապարհային քարտեզը։

Այդ թվում՝ առողջապահության համակարգի մասով է աշխատանք տարվել, Covid-ի կանխարգելման աշխատանքները հենց ՍԵՊԱ-ի շրջանակներում են եղել։

Բայց ի՞նչ է նշանակում, երբ Եվրամիության բոլոր պետությունները վավերացնում են, և ԵՄ-ն վերջնական հայտարարում է, որ վավերացրեց։

Դա նշանակում է, որ բոլոր հոդվածներն առանց բացառությամբ կարող են իրականացվել, այսինքն՝ համաձայնագիրը 100 տոկոսով կարող ենք իրականացնել։ Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։

Ես կբաժանեի երկու մասի, այն մասը, որն իրենք ասում են՝ քաղաքական մաս, դա, օրինակ, վերաբերում է դատաիրավական, առողջապահական և այլ ոլորտներում բարեփոխումներին, այստեղ նրանք պատրաստ են մեզ աջակցելու։ 

Բայց պայմանագրում կա մեծ հատված՝ կապված Եվրամիություն-Հայաստան առևտրի հետ։ Կա մաս՝ կապված տուրիզմի, գյուղատնտեսության, այլընտրանքային էներգետիկայի հետ։

Եվ այս տնտեսական հատվածը շատ կարևոր է Հայաստանի համար, հատկապես հետպատերազմյան շրջանում։ Ամբողջ Հայաստանում պատերազմից հետո ու կորոնավիրուսի հետևանքով սոցիալական ծանր վիճակ է։

– Այսինքն՝ տնտեսության զարգացման հնարավորություննե՞ր են լինելու, նոր աշխատատեղե՞ր կստեղծվեն։

– Այո՛, երբ ես թվարկում եմ ոլորտներ՝ կանաչ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, այդ բոլոր ոլորտներում շատ կոնկրետ ծրագրեր են լինելու, դա է կարևորը։

Օրինակ՝ այնտեղ կան ծրագրեր Հայաստանի մի քանի մարզերում ավանդական արդյունաբերությունը վերականգնելու մասին։ Օրինակ՝ Գյումրին հայտնի է տեքստիլ արտադրությամբ։

Շատ կոնկրետ ծրագրեր կան ամեն մարզում փոքր գործարաններ կառուցելու մասին։ Մյուս օրինակն այն է, որ մարզերում արևային էներգետիկան են սկսում զարգացնել։

Նրանք ֆինանսավորում են, Եվրոպայից բերում են սարքավորումներ, գյուղն ստանում է էներգիա, որը կարող է վաճառել պետությանը, աշխատատեղեր են ստեղծվում։

Այդ ծրագրերի մի մասը սկսվել է, բայց գլխավոր մասը հիմա պետք է սկսվի։ Կրկնում եմ, որ այստեղ կարևորն այն է, որ այդ ծրագրերի համար փողը կա, Եվրամիությունը տալիս է ֆինանսական ու փորձագիտական աջակցություն։

Այս իմաստով պատերազմից հետո, կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու համար այդ պայմանագիրն ուղղակի փրկության կարևորագույն օղակներից է։

Մենք գիտենք, որ այդ համաձայնագրում առանձին բաժին կար Արցախի վերաբերյալ, ուժի մե՞ջ են այդ դրույթները։ Եվ ընդհանրապես, անվտանգային առումով ի՞նչ խնդիրներ կարող են լուծվել Հայաստանի համար այս համաձայնագրի շրջանակներում։

– Նրանց մոտ անվտանգությունը լայն իմաստով է։ Օրինակ՝ այնտեղ կան գլուխներ, որոնք նվիրված է էներգետիկ անվտանգության հարցերին, պարենային անվտանգությանը։

Բայց բուն Ղարաբաղի հարցով, այո՛, առանձին դրույթներ կան, որոնցում հստակ գրված է, որ խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, Մինսկի խմբի շրջանակներում, միայն բանակցություններով և այլն։

Պարզ է, որ դա անփոփոխ է։ Պատերազմից հետո թեպետ ստատուս քվոն փոխվեց, բայց այդ կետերն անփոփոխ են։ Ու այդ պայմանագրում հատուկ նշված են տարածքային ամբողջականությունը, հարցի խաղաղ ճանապարհով լուծումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելը։ Այդ բոլոր կետերը նշված են, այսինքն՝ այդ նույն Մադրիդյան սկզբունքներն են թվարկված։

– Այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսելու հնարավորությո՞ւն կա։

– Եվրամիությունն այդ պայմանագրում դա նշում է, իսկ դա նշանակում է, որ Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը դա է՝ բանակցային գործընթացը պետք է ընթանա Մինսկի խմբի շրջանակներում։

Գլխավոր ձևաչափը դա է՝ խաղաղ ճանապարհով՝ հարգելով նաև ժողովուրդների ինքնորոշումը։ Եվրամիությունն այդ լուծման միջնորդ չէ, բայց ԵՄ-ն ասում է՝ մենք հարգում ենք Մինսկի խումբը, դա գլխավոր ֆորմատն է, և այնտեղ պետք է լուծվի հարցը։

– Հայ-ռուսական հարաբերությունների վրա կարո՞ղ է ազդել այս համաձայնագիրը։

-Ես չեմ կարծում, որ այստեղ ընդհանրապես խնդիր կա, քանի որ այս համաձայնագրով չկա ռազմատեխնիկական, ռազմական համագործակցություն։ Այդ հարցերն ընդհանրապես այս համաձայնագրով չեն կարգավորվում։

Այս համաձայնագրով գլխավոր ուղղությունները բարեփոխումներն են և տնտեսական համագործակցության ամրապնդումը։

Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դեմ կլինի։ Եթե ինչ-որ բան չստացվի, դա նշանակում է, որ մերոնք ուղղակի չեն աշխատում, որակներ չկան, կառավարությունը չի կարողանում աշխատել։

Իսկ ես հուսով եմ, որ կառավարությունում հասկանում են, որ դա պետք է աշխատեցնել։ Ես բացառում եմ, որ Ռուսաստանը դեմ կլինի այդ փաստաթղթին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am