«ԱՄՆ-ն Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերը պետք է միացնի՝ ցույց տալու համար, որ վերադառնում է տարածաշրջան»․ Կայծ Մինասյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Կայծ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախի հարցով հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Ըստ նրանց՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Ի՞նչ ուղերձներ է պարունակում այս հայտարարությունը, ի՞նչ կարող է փոխվել սրանից հետո։

– Շատ կարևոր հայտարարություն է սա, որովհետև նշանակում է, որ արևմտյան պետությունների, գլխավորապես ԱՄՆ-ի, հետո՝ Ֆրանսիայի համար Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծված չէ, ինչպես ուզում են Ալիևն ու Թուրքիան։ Եվ մենք ԱՄՆ-ի կողմից տեսնում ենք պատասխան, որ բանակցությունները պետք է շարունակվեն։ Նույնիսկ եթե պայմանները հիմա տարբեր են, բայց Ղարաբաղի կարգավիճակի կետը պետք է ճշտվի։ Եվ դա ուղղակի ապտակ է Ալիևի դիրքորոշմանը։

Երկրորդ՝ սա ապտակ է Թուրքիային, և երրորդ՝ Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանը մարտավարական խաղ է խաղում, որովհետև կարևորություն է տալիս ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որովհետև նոր պայմաններ կան Բայդենի ու Պուտինի միջև։

Ռուսները՝ իմանալով, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև խնդիր կա, ուրեմն ռուսական շահերին չի խանգարի, որ ավելի լարված վիճակ զարգացվի Անկարայի ու Վաշինգտոնի միջև։

Եվ ռուսները, որոնք մի քանի շաբաթ առաջ, տեսնում էինք, որ թուրքերի և ադրբեջանցիների ճնշումների տակ էին աշխատում, կարծես թե հիմա այդ էջը, այդ հանգրվանը փակել են։ Եվ Ռուսաստանը կամաց-կամաց ավելի կարևորություն է տալիս Արևմուտքին և, գլխավորապես, ԱՄՆ-ին։ Եվ վստահաբար այդ պատճառով է, որ Փաշինյանը դուրս ելավ Մոսկվայի հանդիպումից ու ասաց՝ դրական մթնոլորտում ու պայմաններում տեղի ունեցավ այդ հանդիպումը։

Ինչպես գիտեք, շուտով կիմանանք՝ ԱՄՆ-ն կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ։ Կարծես թե նշաններ կան, որ դեպի առաջ են գնալու այս հարցով։ Դա վստահաբար կխանգարի Թուրքիային ու Ադրբեջանին։ Ռուսաստանն այնքան էլ չի ուզում, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը։ Բայց գիտենալով, որ վստահաբար ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև խնդիրներ են ստեղծվելու Ցեղասպանության հարցի շուրջ, ուրեմն ռուսները այնքան դժգոհ չեն, եթե Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի կոշտանան, մթնոլորտն ավելի լարվի։

Այլ հարց էլ կա. դա այն է, որ ԱՄՆ-ն այլևս ավելի կոշտ ձևով պետք է մոտենա բոլոր հարցերին՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Կովկասի, թե՛ Սիրիայի հարցում։ Եվ, վստահաբար, ԱՄՆ-ն այլևս չի թողնի, որ ռուսներն իրենց ուզածն անեն։

Հետևաբար, այս պայմաններում Ռուսաստանն ինչ-որ տեղ փորձում է ցույց տալ, որ ինքը խաղաղության, դիվանագիտության, բանակցությունների կողմնակից է, և կթողնի, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կոշտանան։ Ռուսաստանը կարծում է, որ ինքնաբերաբար կամ անուղղակի ձևով ինքը պետք է շահի այդ հանգրվանում։ Սա է իրականությունը։

– Այսինքն՝ մենք այս հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունների՞ կարող ենք ականատես լինել։

– Ես կարծում եմ, որ այս հարցում պետք է ավելի շատ կարևորություն տալ ԱՄՆ-ին և ոչ Ֆրանսիային։ Անկեղծ ասած, ցավոք, ես Ֆրանսիայից սպասելիք չունեմ։

Միաժամանակ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը նշան է, որ ԱՄՆ-ն վստահաբար ճնշում գործադրեց։ Բայց սա բավարար չէ, ավելի հեռու պետք է գնան։ Եվ ԱՄՆ-ն Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերը պետք է միացնի անուղղակի ձևով՝ ցույց տալու համար, որ Միացյալ Նահանգները վերադառնում է տարածաշրջան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am