«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
– Պարո՛ն Գրիգորյան, Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Ի՞նչ հնարավորություններ է տալիս Հայաստանին այս փաստաթուղթը:
– Իհարկե դրական է, որ մենք Եվրոպայի հետ արդեն ունենք նոր պայմանագիր: Հիմա արդեն պետք է սկսվի այդ համաձայնագրի վավերացման փուլը: Դա մեզ հնարավորություններ է տալիս մի շարք ոլորտներում զարգացում ապահովելու: Դա վերաբերում է և՛ տնտեսության ոլորտին, և՛ դատական օրենսդրության բարելավմանը, և՛ կոռուպցիայի դեմ պայքարին: Դա միտված է բոլոր ոլորտներում բարելավելու մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Այդ համաձայնագիրն ունի մեկ այլ կարևոր ֆունկցիա՝ ինչ-որ չափով վերականգնում է Հայաստանի հնարավորությունը՝ իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն: Պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ դու այլընտրանքներ ունենաս տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, ինչը կազդի նաև սակագների վրա: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ևս մեծ աշխատանք պետք է կատարվի ըստ համաձայնագրի: Բացի դրանից, վիզաների մասով նախատեսվում է շարունակել հեշտացման գործընթացը: Մենք հնարավորություն ունենք անցնելու վիզայի երկխոսության փուլ: Հայաստան-ԵՄ համաձայնագիրի ստրագրումը շատ կարևոր փուլ է վիզաների ազատականացման գործընթացում: Դա ներառում է նաև օրենսդրության փոփոխություններ, սահմանների պաշտպանության ամրապնդում, մարդկանց տվյալների պաշտպանություն: Այսինքն՝ շատ ոլորտներ կան, որոնք կզարգանան այս համաձայնագրով:
– Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Եվրամիությունը Հայաստանի համար կիրառի վիզաների ազատականացման ռեժիմը:
– Ես կարծում եմ՝ խոսքը մի քանի տարիների մասին է: Մենք հիմա մի փուլում ենք, որը կոչվում է վիզաների հեշտացում և ռեադմիսիա: Երկրորդ փուլը վիզաների հարցով երկխոսությունն է, ինչը շատ կարևոր փուլ է: Այդ փուլը մոտ 1,5-2 տարի կտևի, եթե բարեհաջող ավարտվի, հանգիստ կարող ենք անցնել վիզաների ազատականացմանը: Այսինքն՝ ընդհանուր 3-3,5 տարի, ոչ ավելին: Բայց պայմանը մեկն է՝ այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք կան, պետք է կատարել: Օրինակ՝ մարդկանց տվյալների պահպանության ուժեղացում պետք է լինի, սահմանների կառավարման բարելավում, զուգահեռ՝ կոռուպցիայի ու փողերի լվացման դեմ արդյունավետ պայքար: Դրան զուգահեռ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի քանի օրենքներ պետք է ընդունվեն, այդ թվում նաև՝ խտրականության դեմ օրենսդրությունը: Եթե այդ քայլերը կատարենք, ի վերջո, առանց լուրջ խնդիրների մեզ կտան վիզայի ազատականացում:
Բայց, նորից եմ կրկնում, այդ պայմանագրի ամենալավ կողմն այն է, որ այն ուղղված է կոնկրետ մարդկանց հարցերը լուծելուն: Օրինակ՝ այնտեղ կա շատ կարևոր գլուխ, որը նվիրված է փոքր ու միջին բիզնեսին: Մենք գիտենք, որ եթե այդ ոլորտում բարեփոխում լինի, կոնկրետ մարդկանց կյանքը կբարելավվի, հնարավորությունները կուժեղանան: Ուրեմն այստեղ մնում է միայն մեկ խնդիր՝ իրոք լծվել այդ համաձայնագրի իրականացմանը:
– Համաձայնագրի վավերացման փուլը երկար կտևի՞:
– Այդ փուլը կտևի մի քանի ամիս, քանի որ պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր 28 պետություններում ու Հայաստանի խորհրդարանում: Ընդհանուր վավերացման գործընթացը, չեմ կարծում, թե կես տարուց ավելի կտևի: Ավելին, քանի որ այս պայմանագիրը ոչ մի վեճեր ու տարաձայնություններ չի առաջացրել Եվրոպական միության պետությունների մոտ, ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Դուք գիտեք, որ երբ վավերացվում էր Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը, կային երկրներ, որոնք դիտողություններ ունեին, Հոլանդիայում նույնիսկ հանրաքվե անցկացրեցին, ինչի արդյունքում մարդիկ դեմ էին արտահայտվել այդ համաձայնագրի վավերացմանը: Ի վերջո, Հոլանդիայի կառավարությունը կարողացավ իրենց պառլամենտով այդ վավերացումն անցկացնել: Այդ ամբողջ գործընթացը մոտ մեկ տարի տևեց, երկարեց, բայց Հայաստանի դեպքում ոչ մի երկիր որևէ սկզբունքային առարկություն չունի:
– Արդեն իսկ կասկածներ են հնչում, որ գուցե Հայաստանը չկարողանա կատարել այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե նման բան լինի, դա ի՞նչ հետևանք կունենա:
– Այո՛, պայմանավորվածություններ ու ստանձնած պարտավորություններ կան: Այդ համաձայնագիրը կատարելն ու կամք ցուցաբերելը հենց մեր շահերից են բխում: Հնարավոր է՝ մինչ այդ կամքն ավելի թույլ էր, բայց տեսեք, թե ինչ փուլեր անցանք, ինչ մեծ աշխատանք կատարվեց և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ հասարակության, և՛ Եվրամիության կողմից: Ուրեմն կամաց-կամաց ծնվել է նաև կամքը: Եթե նայում ենք՝ այս պայմանագրի շատ դրույթներ ամրագրված են նաև հենց մեր Սահմանադրության մեջ, այսինքն՝ Հայաստանի իշխանությունը շատ բաներ պետք է իրականացնի մեր Սահմանադրության համաձայն: Հիմա ինչո՞ւ չանել դա Եվրամիության աջակցությամբ: Այն նույն աշխատանքները, որոնք իշխանությունը պետք է կատարի մեր Սահմանադրության փոփոխության համաձայն, հիմա պետք է կատարեն նույնը, բայց արդեն Եվրամիության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ: Ես կարծում եմ՝ իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները, պարզապես այստեղ պետք է ակտիվ լինեն նաև հասարակությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Մենք պետք է հետևենք, մոնիթորինգ անենք, թե ինչ են կատարվում, որտեղ խնդիրներ ու հաջողություններ կան: Դա կնպաստի, որ քաղաքական կամքն ավելի ամրապնդվի: Շատ բան մեզանից է կախված, և ես կարծում եմ, որ կա ցանկություն:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am