«Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը ուժեղացրեց մեր դիրքերն Արցախի հարցում, և մի փոքր բարձրացավ մեր անվտանգությունը». Ստեփան Գրիգորյան

«Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը ուժեղացրեց մեր դիրքերն Արցախի հարցում, և մի փոքր բարձրացավ մեր անվտանգությունը». Ստեփան Գրիգորյան
«Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը ուժեղացրեց մեր դիրքերն Արցախի հարցում, և մի փոքր բարձրացավ մեր անվտանգությունը». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

– Պարո՛ն Գրիգորյան, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի համար անվտանգության առումով ի՞նչ փոփոխություններ կլինեն:

– Եթե խոսում ենք պաշտպանության ոլորտում անվտանգության մասին, Հայաստանն այլ ձևաչափերով է դա ապահովում: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ունենք ռուսական ռազմաբազա, ինչ-որ չափով աշխատում ենք ՆԱՏՕ-ի հետ: Իսկ երբ խոսում ենք Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասին, այստեղ ավելի կարևորն այն է, որ այս պայմանագիրը կարող է Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծել տնտեսության, առևտրի ոլորտներում:

Այսինքն՝ եթե խոսում ենք տնտեսական, էներգետիկ անվտանգության մասին, այդ առումով Եվրամիության հետ համաձայնագիրն իրոք կարող է այլընտրանքներ ստեղծել, ուժեղացնել մեր անվտանգությունը: Բայց միակ ու գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ այս ստորագրված փաստաթուղթը պետք է կյանքի կոչել: Բացի տնտեսական ոլորտից, մարդու իրավունքների ոլորտն է այդ փաստաթղթում ուժեղ ներկայացված, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի բարեփոխումները:

Եթե չիրականացնենք այդ փոփոխությունները, կստացվի, որ իրավիճակ փոխելու համար ներուժ կար, բայց մենք դրանից չօգտվեցինք: Հետևաբար, մեր գլխավոր նպատակը հիմա պետք է լինի այս փաստաթղթի դրույթները կյանքի կոչելը, մեր հասարակությունը պետք է ճնշի իշխանություններին, հետևի ու մոնիթորինգ անի, որ իշխանություններն իրականացնեն այն:

– Նկատո՞ւմ եք՝ իշխանությունների կողմից այդ կամքը կա՞:

– Կարծում եմ՝ իշխանությունները մի մասով ուզում են իրականացնել այդ փաստաթուղթը: Քանի որ այնտեղ բազմաթիվ հոդվածներ կան, որոնք կապված են կոնկրետ ծրագրերի, այդ ծրագրերի ֆինանսավորման հետ, պարզ է՝ իշխանությունն ինչո՞ւ պետք է հրաժարվի աջակցությունից:

Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է լուրջ դրամաշնորհների հատկացում, կամ էլ Եվրամիությունը պարտավորություն է ստանձնում մեր մարզերում վերականգնելու արդյունաբերությունը: Իշխանությունն ինչո՞ւ պետք է դեմ լինի: Եվ ես կարծում եմ, որ իշխանությունները լավ էլ ցանկություն ունեն իրականացնելու դա, քանի որ կոնկրետ գումարներ ու տեխնիկական աջակցություն են հատկացվում:

Մեր հասարակության գլխավոր դերն այս հարցում պետք է լինի այն, որ առաջ մղենք այն ոլորտները, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, դատաիրավական համակարգի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Ես համոզված չեմ, որ իշխանություններն այս ոլորտներում մեծ ջանասիրությամբ քայլեր կիրականացնեն, և հենց այս հարցում մեր դերը պետք է մեծ լինի:

– Եթե անդրադառնանք անվտանգության խնդրին, երբ Հայաստանն անդամակցում էր Եվրասիական տնտեսական միությանը, իշխանությունների կողմից դա հիմնավորվում էր նաև անվտանգության բաղադրիչով: Բայց մենք տեսանք, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ու Արցախի համար մարտահրավերներն ավելացան, ապրիլյան պատերազմ եղավ: Եվրամիության հետ այս համաձայնագրի ստորագրումով անվտանգության առումով իրավիճակ փոխվո՞ւմ է, հնարավո՞ր է, որ որոշ մարտահրավերներ չեզոքացվում են:

– Այդ հարցի պատասխանը երկու մասի կբաժանեմ: Առաջինը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին:

Այո՛, Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը ուժեղացրեց մեր դիրքերն Արցախի հարցում, և մի փոքր բարձրացավ մեր անվտանգությունը: Այս փաստաթղթում ամրագրված է մի շատ կարևոր հոդված, ու նաև նախաբանում կա այդ մասին, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Եվ կոնկրետ Ղարաբաղի մասով հստակ ասվում է, որ այս հիմնախնդիրը պետք է լուծվի՝ հիմնվելով երեք հայտնի սկզբունքների վրա, և որ հիմնախնդրի լուծման ձևաչափը Մինսկի խումբն է, վստահության մեխանիզմներ պետք է ստեղծվեն և այլն: Այն թեզերը, որոնք շատ կարևոր են մեզ համար, բոլորն ամրագրվեցին այդ փաստաթղթում: Դա նշանակում է, որ եթե նույնիսկ Ադրբեջանը վաղը Եվրամիության հետ նոր փաստաթուղթ ստորագրի, այդ փաստաթղթում ուրիշ ձևակերպում չի կարող լինել: Այսինքն՝ Եվրամիությունն անմիջականորեն չի զբաղվում Արցախի հիմնախնդրով, բայց այդ պայմանագրում նման արձանագրումները շատ կարևոր են:

Ես նաև դրա հետ եմ կապում այն, որ այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես օրեր անց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Ռուսաստանն ու մյուս երկրները ափալ-թափալ ընդունեցին հայտարարություն, որն ուղղակի կրկնում էր այն, ինչ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրում: Ինչո՞ւ, որովհետև իրենք հասկացան, որ Հայաստանը կորցնում են: Ավելին, եթե այսօր սահմանին ավելի քիչ են կրակում, դա միայն Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք չէ, նաև այս փաստաթղթի արդյունքն է: Ադրբեջանում հասկացան, որ մի քիչ զգույշ պետք է լինեն, սա շատ լուրջ փաստաթուղթ է իր լուրջ հետևանքներով:

Բայց այստեղ մյուս մասն էլ կա՝ առանց կոռուպցիայի դեմ իրական պայքարի ոչ մի երկիր ոտքի չի կանգնել: Սա միակ փաստաթուղթն է, որում այդ մասին հստակ նշվում է: Եթե կարդանք Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, այնտեղ խոսք անգամ չկա կոռուպցիայի մասին: Մինչդեռ առանց կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթաց չի լինի: ԵԱՏՄ-ի անհաջողությունների մասին մենք շատ կարող ենք խոսել, ԵԱՏՄ-ն բացասական զարգացումներ է բերում: ԵՄ-ի հետ համաձայնագրում շատ դրական դրույթներ կան՝ նաև սոցիալական հարցեր լուծող: Եվ ԵՄ-ի հետ այս փաստաթուղթը, այո՛, ինչ-որ չափով կկոմպենսացնի ԵԱՏՄ-ի շրջանակներում բացասական զարգացումները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am