Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական գործողությունների չի գնում՝ կարծելով, որ ճնշումների միջոցով կարող է Հայաստանից զիջումներ կորզել. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովի ժամանակ ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ: Այս հայտարարության մեսիջները որո՞նք են, և Թուրքիան ի՞նչ դերակատարում ունի Ադրբեջանի վերջին գործողություններում:

– Ալիևի հայտարարության մեսիջը չի փոխվել՝ այն է, որ Հայաստանը պետք է լրիվ հանձնվի Ադրբեջանին և ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածք, միայն դրանից հետո Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: 

Սա շարունակությունն է այն քաղաքականության, որն Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի նկատմամբ անցյալ տարվա պատերազմից հետո, այսինքն՝ շարունակել ճնշումը Հայաստանի վրա, գնալով ուժեղացնել այդ ճնշումը և կորզել հնարավորինս շատ զիջումներ Հայաստանից: 

Բազմիցս համոզմունք եմ հայտնել և հիմա էլ համոզված եմ, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը համաձայնեցված է Թուրքիայի հետ: Ըստ էության, Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, որը շարունակում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի նպատակն է, Ադրբեջանի միջոցով, հնարավորինս թուլացնել Հայաստանը և հասնել նրան, ինչպես դեռևս 1920 թվականին հրաման էր տվել Մուստաֆա Քեմալը, որ Հայաստանը վերացվի: 

Այնպես որ, Ալիևի հայտարարությունը Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական քայլն է:

– Միայն ձեր նշած պայմանո՞վ է Ադրբեջանը պատրաստ Հայաստանի հետ հարևանություն անել, հարաբերություններ հաստատել:

– Եթե իսկապես ցանկանար հարևանություն անել, առաջին՝ նման հայտարարություն չէր անի, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածք, երկրորդ՝ հարևանը չի կարող հարևան տարածքում ունենալ 500-600 զինվոր և հայտարարել, որ ինքը պատրաստ է համագործակցելու:

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ալիևի այս հայտարարությունը պայմանավորվա՞ծ է ստորագրվելիք նոր եռակողմ պայմանագրով, թե՞ դրա հետ կապ չունի:

– Կարծում եմ, որ դրանով պայմանավորված չէ: Ալիևի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում, դա շարունակությունն է այն քաղաքականության, որը պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի նկատմամբ՝ Թուրքիայի դրդմամբ: 

Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու ու նոր զիջումներ կորզելու նպատակով էլ Հայաստանի տարածք են մուտք գործել հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: 

Պետք է ավելացնել նաև այն, որ անընդհատ տեղի են ունենում զորավարժություններ Հայաստանի սահմանների երկայնքով, սա ևս ճնշում գործադրելու միջոց է, որն օգտագործում է Ադրբեջանը:

– Ադրբեջանն ու Թուրքիան միտվա՞ծ են նոր ռազմական գործողություններ սկսել, պարո՛ն Սաֆրաստյան:

– Կարծում եմ, որ նրանք պատրաստ են դա անելու, ուղղակի դեռ կարծում են, որ կարող են ճնշման միջոցներով Հայաստանից զիջումներ կորզել, բայց նրանք պատրաստ են նաև ռազմական գործողությունների: Դրա վկայությունն էլ այն է, որ Ադրբեջանը իր զինված ուժերը կուտակում է Հայաստան սահմանների երկայնքով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am