«Քոչարյանը 2003-ին պարտվեց Ստեփան Դեմիրճյանին, հիմա էլ կպարտվի Նիկոլ Փաշինյանին». ՔՊ թեկնածու Գագիկ Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակում 16-րդ համարն եք: Ինչո՞ւ եք որոշել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու հենց գործող իշխանության կազմում ընդգրկվել:

Ազատամարտիկների դաշինքը որոշել է մասնակցել ընտրություններին, որպեսզի մենք կարողանանք մեր խոսքը բարձր ամբիոններից լսելի դարձնել: Մեր հիմնական նպատակն է նպաստել բանակի հզորացմանը, թեկուզ եթե պահանջվի գիշեր-ցերեկ աշխատել՝ կաշխատենք, որպեսզի կարողանանք մեր բանակը ոտքի հանել:

Ինչո՞ւ հենց գործող իշխանության կազմում, որովհետև գործող իշխանությունը նորից ընտրվելու է ժողովրդի կողմից, և մենք այդ ժամանակ կկարողանանք մեր խոսքը ասել:

Վստա՞հ եք, որ հանրությունը կրկին կընտրի գործող իշխանությանը:

– Իհարկե վստահ եմ: Մենք հարցումներ ենք անում ժողովրդից և իմանում ենք:

Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, որ իր քաղաքական թիմն է ընտրվելու, անգամ այս իշխանության պաշտոնավարման հետհաշվարկ են սկսել:

 – Այդ հետհաշվարկն իրենց համար են սկսել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, երբ 2003 թվականին նա գործող նախագահ էր, իշխանական ողջ ռեսուրսներն օգտագործում էր, ու այդ ժամանակ էլ ինքը պարտվեց Ստեփան Դեմիրճյանին:

– Այս անգամ էլ պարտվելու է Նիկոլ Փաշինյանի՞ն:

– Պարտադիր կերպով:

– Իշխանության կողմից առաջարկ եղե՞լ է, որ նրանց թիմում ընդգրկվեք, թե՞ դուք եք դիմել:

– Միշտ էլ համագործակցել ենք իշխանությունների հետ: Հատկապես պատերազմի ժամանակաշրջանում կայացրեցինք այդ որոշումը, որ պիտի կարողանանք ուժեղ բանակ ունենալ, դրա համար էլ ընդգրկվեցինք գործող իշխանության թիմում:

– Պարո՛ն Մելքոնյան, ի վերջո, պատերազմում մեր պարտության պատճառը ո՞րն էր: Գործող իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Երբ 1994 թվականին մենք հաղթանակ տարանք, բոլորն ասում էին՝ մենք հաղթեցինք, երբ հարցնում էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի մեջ դեր ունեցե՞լ է, բոլորն ասում էին՝ չէ՛, նա ինչի՛ց է տեղյակ: Այսինքն՝ հաղթանակը շատ տերեր ուներ, իսկ պարտությունը մնում է անտեր, երբ մնում է անտեր, պետք է մեկի վրա փաթաթեն, իսկ ներկա իշխանություններն ամենահարմարն են դրա համար:

Այդ մեղադրանքներից ի՞նչ ընդունեմ, ես մինչև վերջին օրը կանգնած եմ եղել Օմարում, մեր ենթակայության տակ գտնվող հյուսիսը մնացել է անձեռնմխելի: Իսկ էն, ով ներքևից փախել է, հիմա քննություն է գնում՝ պատճառները պարզելու համար: Իսկ մենք պարտվեցինք, քանի որ մեր բանակը պատրաստ չէր պատերազմի:

– Նշեցիք, որ ձեր հիմնական նպատակը բանակի հզորացումն է, կխնդրեմ մեկ-երկու ծրագրային կետ ասեք, որոնք նպաստելու են դրան ու, ընդհանրապես, անվտանգային համակարգի կայացմանը:

– Մեր ծրագիրը կներկայացնենք, այնտեղ ամեն ինչ կա: Հիմա չեմ ասելու այդ մասին, գաղտնիք է, ամեն ինչ հանում գցում ենք ջրի երես, վերջում ոչինչ չի ստացվում, դրա համար կա ծրագիր, որի հրապարակումից հետո կծանոթանաք այդ կետերին:

– Պարո՛ն Մելքոնյան, իսկ ՀՀ քաղաքացին այսօր անվտա՞նգ է:

– Քանի այսպիսի գզվռտոց կա, Հայաստանի բնակչությունն անվտանգ չէ:

– Գզվռտոց ո՞ւմ միջև:

– Ներքին գզվռտոցը, որ բոլորն ուզում են վարչապետ դառնալ:

– Իսկ որ թշնամին տարբեր կողմերից արդեն երեք շաբաթ է՝ հատել է ու գտնվում է ՀՀ պետական սահմանին, դա բնակչության անվտանգությանը սպառնալիք չէ՞:

– Իհարկե խնդիր է, հենց վտանգը դա է:

– Սահմանին ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կարող է կարգավորվել, պարո՛ն Մելքոնյան:

– Մինչև գերիների վերադարձը, իշխանությունները ոչ մի համաձայնություն, պայմանավորվածություն չպետք է ձեռք բերեն, ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab