Կոկոսի մազիկների վրա աճեցված Արծվանիկի ելակը. «Ասում էին՝ մետաղագործը՝ ուր, ելակ աճեցնելը՝ ուր, բայց որոշեցի ու արեցի»

Մասնագիտությամբ մետաղագործ Ռոման Մարտիրոսյանը մոտ 3 տարի առաջ Ռուսաստանից վերադարձավ Արծվանիկ գյուղ և որոշեց պապական տան տնամերձ այգու փոքր տարածքում ջերմոցային տնտեսություն հիմնել։ Սակայն որոշեց Արծվանիկում ավանդական մշակաբույսերի հետ գլուխ չդնել, այլ Կապանին ոչ բնորոշ հատապտուղ աճեցնել՝ ելակ։ 

Ասում է՝ Արծվանիկում ունեցած հողատարածքը փոքր էր, և մինչև վերադառնալը հետաքրքրվել էր և պարզել, որ նման տարածքում ամենաարդյունավետ մշակաբույսը ելակն է՝ մի քանի շարք-հարկերով հնարավոր է աճեցնել, եկամտաբեր է և սպառման խնդիր չի ունենում։ 

«Երբ եկա և սկսեցի գաղափարս իրագործել, հարազատներս, բարեկամներս, ծանոթներս զարմացան։ Ասում էին՝ մետաղագործը՝ ուր, ելակ աճեցնելը՝ ուր։ Բայց որոշեցի ու արեցի»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Արծվանիկը գտնվում է Սյունիքի մարզում՝ մարզկենտրոն Կապանից շուրջ 14 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Ելակի բիզնեսում իրեն նորեկ համարող Ռոմանը Արծվանիկում նոր տեխնոլոգիաներով հիմնած ջերմոցային տնտեսության պատմությունն է ներկայացնում.

«Փորձնական արված ծրագիր էր, ցանկանում էի տեսնել` ինձ մոտ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Առաջին տարին անփորձության պատճառով անհաջողություններ ունեցա, տարատեսակ հիվանդություններ գլուխ բարձրացրին, որոնց դեմն առնելու միջոցները չգիտեի։ Աստիճանաբար սովորեցի, ինչն էլ դարձավ հաջորդ տարվա հաջողության երաշխիքը»:

Ռոմանի ջերմոցը սովորական չէ, նոր տեխնոլոգիաներ է կիրառել։ Նրա խոսքով՝ կիսահիդրոպոնիկ համակարգով է սարքված։ Այն թույլ է տալիս տնկիները մի քանի հարկ շարել, առավելությունը դա է, բացի դրանից էլ, ջուրն է խնայում։ Արծվանիկում ոռոգման ջուր իսպառ բացակայում է։ Բնակիչները տնամերձները, փոքր այգիները ջրում են խմելու ջրով։ Մինչև եղանակների տաքանալը գյուղն ամեն օր ջուր էր ստանում, հիմա չի բավականացնում։ Երկու օրը մեկ 3 ժամով հազիվ են ջուր ստանում։ 

Ջրասեր ելակը ջերմոցում կարմրին է տալիս, բայց Ռոմանն ասում է՝ հազիվ է հասցնում տնկիների ծարավը հագեցնել։ 

«Ջուրը խնդիր ա, դրա համար մտածեցի այնպես անել, որ չտուժեմ։ Հենց ջրի պատճառով որոշեցի հիդրոպոնիկ եղանակով ստեղծել, կոկոսի մազիկների վրա են տնկիները։ Ինձ համար կարևոր էր, որ ջրի ծախսը քիչ լինի, և ջուրը հնարավորինս տնտեսեմ։ Ձմռանը օրական 100 լիտրը բավարարում է, իսկ ամռանը օրական 300 լիտր ա անհրաժեշտ լինում։ Այս պահին, օրինակ՝ հարևանին ջուրը պետք չի, խնդրել եմ՝ տվել ա ինձ, կուտակում եմ, որ հետո օգտագործեմ»։ 

Ռոմանը նշում է, որ ջուրը նաև ֆիլտրում է, որպեսզի կաթիլային համակարգն անխափան գործի: Իսկ երբ ջրի սղություն է զգացվում, ջերմոցատերը դժվարությունների առաջ է կանգնում՝ տնկիները չորանում են, բերք չի լինում: Սեպտեմբերի կեսից արդեն, երբ այգիների սեզոնն ավարտվում է, ջերմոցի ջուրը բավարարում է, ըստ պահանջի կարողանում է օգտագործել։

Երեք տեսակի ելակ է աճեցնում իր ջերմոցում Ռոմանը՝ «Ալբիոն», «Մալգա» և «Պորտոլ»:

«Տարբեր տեսակներ բերեցի, տեսնեմ՝ ո՛րն ա իրեն արդարացնում մեր տարածաշրջանում: «Մալգան» նուրբ տեսակ ա և շատ բերք է տալիս, բայց ձմռանը ցրտադիմացկուն չի, համարյա բերք չի տալիս: «Ալբիոնը» ցրտադիմացկուն ա, խոնավասեր, «Պորտոլը» դիմացկուն ա: 

Որոշել եմ «Մալգան» քչացնեմ, մյուսներն ավելացնեմ: Նոր սորտերից «Ցարսկայա» է կոչվում, Եկատերինբուրգից պիտի բերեմ: Ծաղիկները վարդագույն են, պտուղները շատ մեծ ա ու ցրտադիմացկուն, ամբողջ տարին էլ բերք ա տալիս: Առաջին իսկ հնարավորության դեպքում պիտի ունենամ էդ տեսակից»,- ասում է ելակի բիզնեսի գաղտնիքները նոր-նոր բացահայտող Ռոմանը: 

Ջերմոցային եղանակով հատապտուղն աճեցնելը շատ խնամք չի պահանջում: Ռոմանը նշում է, որ առավոտյան և երեկոյան` հով ժամերին, մոտ 2 ժամ է անցկացնում այստեղ: Չոր, դեղնած տերևները հեռացնում է, ստուգում ջերմաստիճանը, խոնավությունը: Իհարկե, այս գործում էլ առանց կնոջ հոգատար ձեռքի հնարավոր չէ: Ռոմանին օգնում է մայրը` տիկին Գոհարը:

Գյուղում գազ չկա, սակայն ջերմոցում առկա Խորհրդային Միության ջեռուցման մետաղական մարտկոցները առաջին հայացքից շփոթեցնում են: Ռոմանը, օգտագործելով իր մասնագիտական հմտությունները` օգտագործել է այդ մարտկոցները՝ փայտով ապահովելով ջերմոցի ջեռուցումը: Չնայած ասում է` երկնագույն վառելիքով ավելի արդյունավետ կլիներ: Կախված նրանից, թե ինչպիսի խստաշունչ ձմեռ կանի, մոտ 15 խմ վառելափայտ է անհրաժեշտ լինում:

«Ամբողջն իմ ձեռով եմ հավաքել, մտածված է հենց այս ջերմոցի համար: Ով գալիս ինձնից ելակ ա գնում, խորհուրդ եմ տալիս զբաղվել այս արտադրությամբ, բայց փոքր մասշտաբով չէ, այլ՝ մեծ: Փոքր մասշտաբով ելակը ձեռ չի տալիս, ամենապակասը 1000 հատ թուփ պիտի ունենան:

Ստեղ 1000-ից ավելի ա: Առաջին սածիլները Էջմիածնում մի լավ տղա կա, անունը՝ Արման, իրանից եմ գնել, ինքն էլ հենց օգնեց գործը գլուխ բերելու»,- ասում է: 

Արծվանիկում աճեցված ելակը դեռ Կապանից դուրս չի եկել: Հազիվ տեղի մեկ-երկու խանութի է կարողանում բավարարել: Սպառման խնդիր չկա՝ ասում է Ռոմանը: 

Ինքը որակի, այլ ոչ թե քանակի վրա է աշխատում: Կախված տարվա եղանակից՝ ելակի կիլոգրամը շուկայում տատանվում է 1500-7000 դրամի սահմաններում: Նոր տարվա նախօրեին է հասնում իր պիկին, երբ հնարավոր է 1 կգ ելակը վաճառել 7000 և ավելի դրամով: 

Հեռանկարային ծրագրերում կան թե՛ տարածքի ընդլայնում, թե՛ արտադրության զարգացում: Բայց, ինչպես ասում են`ամեն ինչ հերթով, շարքով, կարգով: 

Ռոման Մարտիրոսյանը, որը Արծվանիկում նոր տեխնոլոգիաներով հիմնած առաջին ջերմոցային տնտեսությունն է ստեղծել, ասում է, որ հատուկ հաշվարկներ չի կատարել, երբ սկսել է։ 3 տարի նախաձեռնությունից անց ասում է՝ լավ եկամուտ և ցանկալի արդյունք ստանալու համար պետք է ջերմոցը մեծ տարածքում կառուցեր։ 

Իր ներկայիս ջերմոցը ընդամենը 120 քմ է։

«Սա հազիվ ինձ ա պահում, այսինքն՝ ես աշխատում եմ, ստացած օգուտը ինձ համար աշխատավարձ ա։ Ամիս ա լինում՝ 150-180 հազար, ամիս ա լինում՝ մինչև 300 հազար դրամի եկամուտ եմ ստանում։ Ես պետք ա ընդլայնվեմ, որ կարողանամ շատ գումար ստանալ։ Մոտավորապես, եթե մի կես հեկտար լինի, ամսական ամենապակասը մոտ 2 մլն գումար կբերի»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Նելլի Միրզախանյան

MediaLab.am