Դագաղից հինգ պակաս ՀՀԿ-ի անիմաստ ցնցումները

Դագաղից հինգ պակաս ՀՀԿ-ի անիմաստ ցնցումները
Դագաղից հինգ պակաս ՀՀԿ-ի անիմաստ ցնցումները

Ինչ-որ մեկը ՀՀԿ-ին չի թողնում իր մահով մեռնի: Ամենավատն այն է, որ կուսակցությունում բոլորը պատրաստ են այդ «մահվանը»: Բայց ինչ-որ մեկն ասում է՝ տղե՛րք, եկեք մորթվենք քոռ դանակով: Այսինքն՝ ինչ-որ մեկը նստում մտածում է, գուցե բանաստեղծում է, թե ի՛նչ անի, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին չլինեն:

Ինչ-որ մեկը չգիտի, որ այստեղ «պոեզիան» չի անցնի, էդ ընտրությունները լինելու են, որովհետև վիճակը գցված է: Պարզ է, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն գիտեն, որ ինչ գույնի ակնոցով էլ նայեն հեղափոխությանը, այն իր ընթացքի մեջ է, ճիշտ է, սխալ է, լավ է թե վատ՝ այն իր ընթացքի մեջ է:

Իր ճանապարհին նա մաքրելու է ամեն ինչ: Սա ցունամի է, որի դեմ նախորդ քսան տարիներին կառուցված բոլոր ամբարտակներում ժողովուրդը որպես շաղախ չկար: Հանրապետականում մեկը չկա, որ հասկանա՝ հեղափոխությունը Նիկոլը չի արել, հեղափոխությունն արել են իրենք, երբ ժողովրդի վզին ամեն օր սեղմում էին պարանը: Հիմա էդ հեղափոխությունը իր ճանապարհին մաքրում է ցանկացած դիմադրության օջախ:

Ինչ-որ մեկն ինչ-որ բարձունքից կարծում է, որ ինքն անմասն է մնալու ցունամիից: Այդպես չի լինում: Որովհետև էստեղ արդեն քաղաքական հաշվարկները չեն աշխատելու. քաղաքական հաշվարկների համար ժամանակին Տեր-Պետրոսյանը Ծառուկյան Գագիկ էր ներգրավում իշխանափոխության մեջ, որպեսզի Հանրապետականը իշխանությունից հեռանար արժանապատվության վերջին փշրանքներով:

Քաղաքական հաշվարկների համար իշխանությանն առաջարկում էին երկխոսություն, որպեսզի Հանրապետականը մի քիչ շոշափեր բալանսից շեղված այն ատելությունը, որը անխուսափելիորեն դառնում է ցունամի: Չուզեցին: Բոլոր լեզուներով ասվեց՝ տղե՛րք, դուք ոչ միայն ամեն ինչ կորցնելու եք անվերադարձ, այլև ինքներդ եք անվերադարձ կորելու: Հիմա ինչո՞ւ է նրանց թվում, թե ապրիլյան իշխանափոխությունից հետո մեջք են շտկել: Իսկ ժողովուրդն ինչո՞վ է զբաղված, կասեք՝ մուլտի՞կ է նայում:

Հենց միայն այն, որ հեղափոխություն տեղի ունեցավ, խոսում է էն մասին, որ ձեր մեջ գոնե մեկ քաղաքական գործիչ չի եղել այս 20 տարիների ընթացքում (ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. դա նշանակում է, որ 20 տարի տասնյակ «նիկոլփաշինյաններ» են ճիշտ եղել, մինչև ի վերջո հասկացաք, որ էլ ճիշտ լինելու տեղ չկա, պիտի հեռանաք):

Հիմա դագաղից հինգ պակաս օրենքներ եք հնարում, որ, դասականի ասած, ի՞նչ անեք: Սարսափելին այն չէ, որ ուզում եք իշխանություն պահել, դա նույնիսկ բնական մղում է, սարսափելին այն է, որ դա ուզում եք անել՝ ձեզ իր բոլոր մղձավանջներում ու հաղթանակներում թաղած ժողովրդի աչքերի մեջ նայելով: Առավել արմատական տրամադրություններ ունեցող որևէ երկրում էսպիսի բաների համար նույնիսկ սեփական գոյությամբ են վճարում:

Ժողովուրդը գիտի, որ դուք հեռանալ չգիտեք, բայց մի բան գոնե կարող եք անել՝ բոլոր անելանելի ու անհասկանալի իրավիճակներում ասեք՝ այո: Ու կտեսնեք՝ ինչքան սահուն կավարտվի ամեն ինչ: Ասեք «այո» դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին, որովհետև դուք Նիկոլի առաջարկին չեք պատասխանում, նա կարող է սխալ բան ասել, դուք պատասխանում եք ժողովրդին, որն արդեն ամենուր է, նույնիսկ ձեր երազներում, ձեր երեխաների ապագայի հույսերի մեջ: Ասեք «այո» որպես թերապիա այն մերժմանը, որը բոլորովին ուրիշ բան կդառնա, եթե հանկարծ ասեք «ոչ»: Սա ժողովուրդն է՝ գիտի՝ ինչ է ուզում, թե չգիտի՝ ինչ է ուզում, ինքը ձևակերպել է իր ապագան առանց ձեզ, դիմադրելն անօգուտ է: Առավելևս, երբ հողը ձեզ վրա է լցվում բոլոր կողմերից:

Մհեր Արշակյան

MediaLab.am