«Եթե Դավիթ Տոնոյանը չի խոսում, դա հերոսություն չէ, դա նրա՝ որպես նախկին պաշտպանության նախարարի պարտավորությունն է». Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են այն բանի համար, որը նա չի կատարել: Պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Ըստ էության՝ սպառնալիքնե՞ր են հնչում։ Առհասարակ, այս գործի հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք այս գործն ամբողջության բացվելո՞ւ է, թե՞ մյուս գործերի նմանությամբ կիսատ է մնալու։

– Ճիշտն ասած, ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ սրանք հերթական կիսատ մնացող կամ երկար ձգձգվող գործերի նման գործեր են լինելու, որոնց վերջակետը, ցավոք, կարող ենք չտեսնել, բայց ինչ էլ լինի, քրեական գործ է հարուցված, և կարծիք հայտնելը մի քիչ բարդ է, քանի որ բոլորովին տեղեկացված չեմ։

Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա այն, որ ասում են, թե տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, բնական է, եղել է պաշտպանության նախարար և, իհարկե, պետք է ունենա տեղեկություններ։ Այդ տեղեկությունները նա ստացել է ի պաշտոնե, և բնական է, որ իրավունք չունի ո՛չ դրանցով մարդկանց շանտաժի ենթարկելու և ո՛չ էլ դրանք հրապարակելու, եթե չլինի համապատասխան թույլտվություն։

Նա ղեկավարել է այնպիսի կառույց, որի գործունեությունն ամբողջությամբ գաղտնի է։ Եվ ելնելով անձնական նկատառումներից՝ սպառնալիքի տակ դնել այդ գաղտնիությունը, իհարկե, դրա իրավունքը չունի։ Եվ եթե Դավիթ Տոնոյանը չի խոսում, դա հերոսություն չէ, դա նրա՝ որպես նախկին պաշտպանության նախարարի պարտավորությունն է։

Այնպես որ, այդ հայտարարության տեքստը գրելիս պետք է մտածեին, որ նա՝ որպես նախարար, պարտավոր է առաջնորդվել հենց պետական շահով, իհարկե, պետք է նաև իրեն պաշտպանել կարողանա, բայց ոչ սպառնալիքներ հնչեցնելով, այլ օրենքի շրջանակներում։

Ի՞նչ ուղերձ ունի այս հայտարարությունը, ո՞ւմ է ուղղված, Նիկոլ Փաշինյանի՞ն…

– Նրանց, ում ուղղված են այսպես կոչված մեսիջները, նրանք թող մտածեն, թե ինչ նամակներ են ուղարկում հեռուներից։ Մարդը պաշտպանության իրավունք ունի, փաստաբաններն իրավունք ունեն օրենքի շրջանակներում ցանկացած գործողություն կատարելու իրենց պաշտպանյալին։

Ընդամենը կցանկանայի, որ և՛ այս կողմից, և՛ այն կողմից հասկանային, որ քրեական գործ է ընթանում, և այդ շրջանակներում պետք է լինեն, և դրանից դուրս որևէ բան անթույլատրելի է և անօրինական, դա կլինի սպառնալիք կամ շանտաժ, կամ գաղտնի տեղեկությունների հրապարակում, կամ կլինի ճնշում նախաքննական մարմնի վրա և այլն։

– Պարտված բանակի պաշտպանության նախարարի նկատմամբ է հարուցվել քրեական գործ, և այդ շղթան շարունակվում է։ 44-օրյա պատերազմի հետ կապված բացահայտման ամբողջական պատկեր ունենալո՞ւ ենք։

– Ամբողջական պատկերը դեռ չկա, և չգիտեմ՝ երբ կունենանք, բայց մաս առ մաս մենք տեղեկություններ ենք ստանում, թե ինչպիսին է եղել այդ 44-օրյա պատերազմը, ինչ կարգի գործողություններ են կատարվել։ Արդեն կամաց-կամաց այլ մասեր նույնպես կունենանք, որտեղից կարելի է եզրակացնել, որ մեր բանակը ոչ միայն պատրաստ չի եղել պատերազմին, այլ նաև այն, որ մեր բանակի ղեկավարությունը, հրամանատարական կազմը չեն կարողացել կազմակերպել ո՛չ պաշտպանություն, ո՛չ նահանջ և ո՛չ էլ հարձակում, այսինքն՝ ըստ էության՝ եղել են անպատրաստ։

Իհարկե, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց վերջին շրջանում մամուլում եղած հրապարակումներից, որոնք աստիճանաբար տարածվում են, թե ինչպես են դեպքերը զարգացել, դրանցից եմ եզրակացնում։

Ես միայն Տոնոյանին նկատի չունեմ, այլ մյուս հրամանատարներին նույնպես, և կարծում եմ, ծիծաղելի է, երբ ջախջախիչ պարտություն կրած բանակի հրամանատարներին, ղեկավարներին այսօր տարբեր պետական տոների կապակցությամբ խրախուսում են, պարգևատրում, սա ծիծաղելի է։

Պետք է ուղղակի հասկանալ՝ ինչ վիճակում է մեր բանակը, ինչ վիճակում են մեր հրամանատարները, ինչ կարգի հրամանատարներ ունենք։ Եվ պետք է այդ ամենից դասեր քաղել, փոխել մոտեցումը բանակի նկատմամբ, որ ապագայում խուսափենք այսպիսի պարտությունից։

– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք ակնկալել այս գործի արդար քննություն։

– Իհարկե ոչ։ Վստահության բացակայությունը ինքնին խոսում է այն մասին, որ կասկածներ միշտ լինելու են։ Ցավոք սրտի, վերջին երեք և ավելի տարիների ընթացքում չարվեցին այն քայլերը, որոնք պետք է արվեին, որպեսզի այդ վստահությունը ձեռք բերեին։

Տարիներ շարունակ չենք ունեցել այդ վստահությունը, տարիներ շարունակ ճչացող կամ հրապարակային, հնչեղություն ունեցող քրեական գործերով եղել է անվստահություն, և, ցավոք, այսօր էլ նույնությամբ շարունակվում է։

Մանե Հարությունյան

MediaLab.am