Չեմ բացառում, որ կան գաղտնի պայմանավորվածություններ, և Փաշինյանը վախենում է Ալիևին կոշտ պատասխանելուց. Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը Ադրբեջանի նախագահը իր ելույթում Հայաստանին մեղադրեց բազմաթիվ հանցագործությունների համար։ Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատասխանը Իլհամ Ալիևին։

– Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չկարողացավ համարժեք պատասխան տալ, նրա պատասխանը շատ խղճուկ էր, թեև շատ բան կարող էր ասել։ Փաշինյանն ուղղակի փորձեց պատճառաբանել, որ դա այն հարթակը չէ, որ նման հարցեր քննարկվեն, մինչդեռ, թեկուզ զուտ քարոզչական տեսանկյունից, դա շատ լուրջ հարթակ էր Ալիևի բոլոր անհիմն մեղադրանքներին հակազդելու և բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչը, չգիտեմ ինչու, Նիկոլ Փաշինյանը չարեց։

– Իսկ Իլհամ Ալիևն ի՞նչ նպատակով նման մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի դեմ, այն էլ այդ հարթակից, որն ինչպես նշեցիք՝ բնավ դրա տեղը չէր։

– Հարթակն էական չէ, դա զուտ քարոզչական նշանակություն ուներ, որովհետև, այո՛, դա բնավ այն հարթակը չէ, որտեղ այդ հարցը պետք է քննարկվեր։ Ուղղակի Ալիևը բոլոր հնարավոր հարթակներով փորձում է այդ նույն մեղադրանքները ներկայացնել ու դրանք ավելի խորացնել, որովհետև Ադրբեջանը կարծես թե միջազգային ատյաններում լուրջ խնդիրների առջև է կանգնում։

Տեսնում ենք՝ Հաագայի դատարանում հարց է քննվում, համանախագահ երկրներն են, այնուամենայնիվ, պնդում, որ արցախյան խնդիրը կարգավորված չէ։ Այսինքն՝ արտաքին ճնշումներ կան Ալիևի վրա, դրա համար էլ նա ցանկացած հարթակ օգտագործում է նման քարոզչական մանիպուլյացիաների համար, և Հայաստանն էլ պետք է դրան համարժեք պատասխան տար, բայց, չգիտեմ ինչու, չի տալիս։ 

-Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Իրանի հասցեին հնչեցվող մեղադրանքներն ի՞նչ նպատակով էին, որովհետև Ալիևը Իրանին մեղադրեց Հայաստանի հետ համատեղ թմրաբիզնեսով զբաղվելու համար։

– Քանի որ Արևմուտքը՝ հանձին Մինսկի խմբի, բարձրացնում է Արցախի կարգավիճակի հարցը, Ալիևը շատ լավ օգտագործում է փաստը, որ Իրանը Արևմուտքի կողմից ընկալվում է որպես թշնամի պետություն կամ սպառնալիք, փորձում է այդպիսի հայտարարություններով ցույց տալ, որ ինքը Իրանի հետ լրջագույն խնդիրներ ունի, հետևաբար, Արևմուտքը, որ Իրանի դեմ է, ճիշտ կանի, եթե սատարի իրեն։

Նպատակը սա է, Ալիևը փորձում է նաև այս խաղաքարտն օգտագործել ու միաժամանակ ցույց տալ, թե քաղաքակիրթ աշխարհը Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառում, իսկ Հայաստանը լավ հարաբերություններ ունի նրա հետ, հետևաբար ձեր վերաբերմունքը պետք է փոխվի նաև Հայաստանի նկատմամբ։ 

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանի պատկան մարմինները Ադրբեջանի մեղադրանքներին պատշաճ չեն արձագանքում։ Չե՞ն կարողանում, թե՞ ցանկություն չկա։

– Կարող է մի քանի պատճառ լինել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական բարդույթը՝ կապված Ալիևի հետ, որպես պարտված երկրի ղեկավար չի կարողանում փաստ ներկայացնել կամ հակազդել Ալիևին։

Երկրորդ՝ չեմ բացառում, որ կան գաղտնի պայմանավորվածություններ, և Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ իր ցանկացած կոշտ պատասխան հակառակ կողմը կարող է ընկալել որպես պայմանավորվածություններից հրաժարում։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Հայաստանի նման վարքագիծը մյուս երկրների մոտ ի՞նչ տպավորություն կթողնի։

– Իհարկե շատ վատ տպավորություն է թողնում, որովհետև եթե Հայաստանը չի ցանկանում պաշտպանել իր շահերը, իրավունքները, ապա որևէ կառույց, այլ երկիր չեն պաշտպանի մեզ, քանի որ ինքներս չենք պաշտպանում մեզ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am