Վահան Քերոբյան․ Մահապաշտը

Մհեր Արշակյան

Անդրադառնալով ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում ապրանքների գնաճին՝ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն հայտարարել է, թե «այնպես ենք արել, որ տոներին մարդիկ շատ չսպառեն»: 

Նախարարը նկատի ունի, որ հունվարի 2-5-ը կառավարությունը դարձրել է աշխատանքային օրեր, որպեսզի մարդիկ տոների վրա շատ փող չծախսեն։ 

Մարդ նույնիսկ չի հասկանում՝ էս մարդը հումո՞ր է անում։ Կարճ ասած, մուրազ է Վահան Քերոբյանը։ Անձամբ ես այդ օրերն աշխատանքային դարձնելու դեմ ոչինչ չունեմ, Անգլիայում նույնիսկ հունվարի 1-ին չեն դադարեցնում Պրեմիեր լիգայի խաղերը։ 

Բայց մեր նախարարի ասածը չափազանց հեռուն տանող միտք է, մարդը ոչ միայն արձանագրում է, թե ինչ են արել, այլ մարգարեանում է, թե էլ ինչը կարող է օգնել, որ տոն օրերին մարդիկ քիչ սպառեն։ Օրինակ՝ նոր պատերազմը։ Վատ գաղափար չէ։ Պատերազմները, ապացուցված բան է, կրճատում են ծախսողների և, ընդհանրապես, ուտող բերանների թիվը։ Հանճարեղ է, չէ՞։

Փորձենք հասկանալ՝ կորոնավիրո՞ւսն էլ է նախարարի ասած «այնպես ենք արել»-ի մեջ մտնում։ Կորոնավիրուսից արձանագրվող մահերի օրական վիճակագրությունը նույնպես խոսում է «այնպես ենք արել, որ տոներին մարդիկ շատ չսպառեն»-ի օգտին։ Մնում է դրանից հետո սպասել, որ Վահան Քերոբյանին, առնվազն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան տան։ Բայց դա չպետք է կանգնեցնի մեր էկոնոմիստին։ Ահագին բան կա անելու։ Դիցուք, աշխատանքային ժամը դարձնել 16-17 ժամ։ Շաբաթ օրը դարձնել աշխատանքային։ Մեր օրերի Անդրոպովը մի երկու տարբերակ էլ անձամբ կարող է ասել։ 

Գործին կարող է շատ օգնել արտագաղթը։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դա պետք էր, որպեսզի երկրում պակասեին հեղափոխության տրամադրվածների թիվը, իսկ նոր իշխանություններին արտագաղթը կօգնի պակասեցնելու ուտող բերանների թիվը։ Իսկ թե առանց շատ ծախսելու ոնց են բյուջե լցնելու, արդեն Նոստրադամուսն ու Վանգան կիմանան, որոնց ձեռագրերում կամ որոնց մասին վկայություններում գուցե սրա պատասխանն էլ լինի։ Համ էլ արտագաղթը լավ է նրանով, որ իշխանությունը կարող է յոլա գնալ առանց զոհերի։ 

Ես, օրինակ, չեմ հասկանում, թե ինչու է իշխանությունն անվտանգության միջոցներ ձեռք առնում կորոնավիրուսի վարակը կանխելու ուղղությամբ։ Դա վատ գաղափար է։ 

Պետք է արգելել ցանկացած տիպի լոքդաուն։ Չեղյալ համարել բոլոր տոները, վերացնել առողջապահությունը։ Ինչպես տեսնում եք՝ կյանքին կյանք չասելու լիքը եղանակներ կան։ 

Սպանությունները խրախուսելու մասին դեռ ոչինչ չեմ ասում, էդտեղ ահագին աշխատանք կա անելու Սահմանադրության ու Քրեադատավարական օրենսգրքի հետ։ Շատ ցինիկ չլինենք, բայց ինքնասպաններին նույնպես պետք է պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ Նրանք կամավոր են «պակասեցնում» իրենց բերանը։ 

Ի՞նչ է նշանակում՝ մարդիկ շատ չսպառեն։ Դու որտե՞ղ ես լուծել «կուշտ փորի» հարցը, որ մարդը չմտածի շատ չսպառելու վրա։ Հետո՝ ո՞վ և ինչպե՞ս է դա որոշում։ Ուզում եք ասել, թե Նոր տարուն ընդառաջ մարդիկ անհարկի ագա՞հ են գնումներ կատարելիս։ 

Այսինքն՝ խնդիրը ծախսեր կատարելու էսթետիկայի՞ մեջ է, թե՞ ուզում եք քիչ գումար ունեցողներին պաշտպանել շատ գումար ունեցողների շռայլ ծախսերը տեսնելուց։ Պետությունն ի՞նչ գործ ունի մարդու գնումների հետ, եթե մարդն իր թալանածը չի ծախսում։ Թե՞ ծախսելն այլևս էկոնոմիկայի ցուցանիշ չէ։ 

Իսկ ճշմարտությունն այն է, որ Վահան Քերոբյանը կիսատ է ձևակերպել իր միտքը։ Նա ուզել է ասել՝ մենք տարբերակներ ենք մտածում, որ ՀՀ քաղաքացին ավելի շատ արտադրի, ավելի շատ տքնի, ավելի շատ իրեն տա հանրային բարեկեցությանը։ Բայց դրա համար պետք է զոհաբերի սեփականը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am