Ինչու՞ Պապիկյանը

Մհեր Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին նշանակել է պաշտպանության նախարար ու չի բացատրում, թե ինչու։ Իսկ ինչո՞ւ չի բացատրում։ Որովհետև հո չի ասի՝ մեր բանակում բարդակ է։ Կամ՝ չեմ հասկանում՝ ի՛նչ է կատարվում մեր բանակում։ Չի բացատրում, որովհետև չպետք է բացատրի։ Պատճառը հպարտ քաղաքացուն ասելու բան չէ։

Ասենք, պետք չէ, չէ՞, մտածել, որ պատճառը Ջերմուկի հատվածում ադրբեջանցիների ներխուժումն ու դիրքավորումն է ՀՀ տարածքում։ Հաստատ չէ։ Ինչ-որ ուրիշ պատճառ կա։ Իսկ այդ պատճառը նույն տիրույթում է, որտեղ Մակունցի նշանակումն էր ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Մակունցն ինչո՞ւ նշանակվեց։ Որովհետև Փաշինյանին անհրաժեշտ էր ԱՄՆ հետ խոսելու անխափան խողովակ։ Պետք էր մեկը, որին կողքից ոչ մի պետություն «մետկա» չի լինի։ Փաշինյանին անհրաժեշտ էր, որ Մակունցը փոխանցի ու հետ բերի որևէ դիրքորոշում, պայմանավորվածություն, մտահղացում։ Մակունցը «հրեշտակ» է, որի դիվանագիտական փորձառությունը ամենևին պարտադիր չէ։ Մակունցն ուղղակի վստահելի էր։ Նրանից չի պահանջվում «որոճալ» դիվանագիտական գաղտնի հաղորդումը, նա իմաստավորող չէ, նա պիտի զուտ փոխանցի ու հետ ուղարկի ամերիկյան պատասխանը։ Ըստ երևույթին խնդիրն այստեղ մեր ԱԳՆ-ի մեջ է, որը գրեթե ռուսական կառույց է։ Գուցե նույնիսկ այդպես է պետք եղել, չգիտեմ։ Բայց Մակունցի նշանակումը դիվանագիտական այդ ամբողջ ռուսիֆիկացիայից դուրս մի բան էր, մի կղզի, մի «Քի Վեսթ», որտեղ Փաշինյանը կարող է առանց ռուսական ականջի խոսել ամերիկացիների հետ։

Վերադառնանք Պապիկյանին։ Իսկապես ինչ-որ բան անհասկանալի է։ Մեր բանակը նույնպես չափազանց ռուսիֆիկացված է։ Եվ այստեղ էլ Փաշինյանը մի հավատարիմ մարդու կարիք ունի, որպեսզի հասկանա, թե ինչու չի հասկանում։ Ո՞վ է կասկածում, որ Պապիկյանը բանակի ղեկավարումից հեռու մարդ է։ Բայց հավանաբար մենք մի իրավիճակում ենք, որ դեռևս կարիք չկա ղեկավարել բանակը, հիմա կարիք կա հասկանալու, թե ովքեր են մեր զինվորականները, ովքեր են մեր գեներալները, ինչպես է բանակը կառավարվում ներսից։ Մինչև հիմա նշանակված պաշտպանության նախարարներն այդ հարցի պատասխանը չեն տվել։ Իսկ այդ հարցի պատասխանը բոլորն ունեին, ներառյալ ռուսները, Փաշինյանից բացի։

Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Պապիկյանը։ Այս մարդը լավ կառավարչի համբավ ունի, հավատարիմ է Փաշինյանին, թիմակից կոտրվածներին կարողանում է «հետ հավաքել», այսինքն՝ համոզել, որ դեռ շուտ են ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից։ Հենց այս տրամաբանությամբ է Փաշինյանը Պապիկյանին գործուղել նաև ԵՊՀ։ Այնտեղ էլ պիտի Պապիկյանը հասկանա, թե ինչպես մաքրել համալսարանը կողքի ազդեցություններից։ Էս մարդուն է հիմա վստահում վարչապետը, ուրիշ էդպիսի մեկին չունի։ Ու էնքան չունի, որ էս մարդուն ուղարկում է նաև բանակ։ Մեր բանակում գրեթե ամեն ինչն է հարցեր առաջացնում։ Այդ ամենից Փաշինյանն ուզում է գլուխ հանել, դիցուք, կազմակերպվածության օրրան բանակում տեղի ունեցող «բարդակը»։ Նա փորձում է հասկանալ, թե մինչև ո՞ւր են հասել ռուսները մեր բանակում։ Գուցե ինքը մտադիր չէ Պապիկյանին երկար պահել այս պաշտոնում, գուցե նրան ոչինչ էլ չհաջողվի հասկանալ կամ փոխել բանակում։ Բայց նա, ըստ իրեն, գտել է ամենահարմար պահը դա հասկանալու։

Պապիկյանը «դանոսչիկ» չէ, այլ՝ чистильщик։ Նա պետք է ինվենտարիզացիայի ենթարկի հայկական բանակի փիլիսոփայությունը ու ներկայացնի Փաշինյանին։ Հիմա երևի սպասենք ռուսների «հուժկու» արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին։

Մհեր Արշակյան

MediaLab.am