«Ասում են՝ խնդրում եմ, բուժքույր ջան, մենակ օդ տուր, օդը չի հերիքում, շունչս չի հերիքում»․ բուժքույրը՝ քովիդ բաժանմունքից

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քովիդի բաժանմունքում ամեն օր պայքարելով մարդկանց կյանքի համար, 43-ամյա բուժքույր Կարինե Դանիելյանն ասում է, որ ամենացավալին մահվան ականատես լինելն է։

«Ասում են՝ խնդրում եմ, բուժքույր ջան, մենակ օդ տուր, շունչս չի հերիքում, օդը չի հերիքում, օդ եմ ուզում, միշտ իրանց խոսքը էդ ա։ 

Ինչքան էլ թվվածնի հոսքը բարձրացնում ենք, ավելացնում ենք, չի հերիքում, ցավոք․․․»- քովիդի բաժանմունքից պատմում է բուժքույրը։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից սկսած բուժքույր Կարինե Դանիելյաննը ներգրավվել է քովիդ բաժանմունքներում՝ համավարակի դեմ պայքարում իր մասնագիտական կարողություններն ի նպաստ դնելու։ Սկզբում աշխատել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, այնուհետև իր գործունեությունը շարունակել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։

Լինելով վերակենդանացման բաժանմունքի բուժքույր՝ Դանիելյանն ասում է՝ ցավալին այն է, որ հենց իրենց աչքերի առաջ են տեղի ունենում մահերը։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխվում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները։

«Միանգամից ծանր թոքաբորբով գալիս են ռեանիմացիա։ Շատ մեծ հոգեբանական սթրես ենք տանում, մարդիկ գալիս են, իրենց հետ զրուցում ես, կարողանում են խոսել, քո հարցերին պատասխանել, բայց կարող ա մինչև առավոտ չկարողանաս էդ մարդու հետ այլևս կոնտակտի մեջ մտնել»,- ցավով նկարագրում է Դանիելյանը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 41 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել:

Բուժքույրն ասում է, որ փորձում է հիվանդների հետ չկապվել, քանի որ մեծ սթրես է անում յուրաքանչյուր հիվանդի կորստից։

«Ես սկզբում շատ մեծ սթրես եմ տարել, որովհետև կապվում ես, մերվում ես, իրանք՝ քեզ, դու ուզում ես, որ քո հիվանդը շուտ լավանա, ուզում ես ամեն ջանք ներդնել ու իրենց համար ամեն ինչ անել, բայց հետո որ չի տացվում, անզոր ես լինում, դու էլ ես կոտրվում»,- ասում է բուժքույրը։

Բուժքրոջ խոսքով՝ եթե նախորդ տարի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվում էին ավելի մեծ տարիքի անձինք, այժմ երիտասարդների թիվն ավելի է։

«Օրեր առաջ էլի երիտասարդ տղա մահացավ։ Ես եղել եմ նաև երգիչ Հայկոյի բուժքույրը։ Հիմա էլ 30 տարեկան տղա կա, որ ծայրահեղ ծանր վիճակում ա։ Բոլորս շատ ցավում ենք յուրաքանչյուր հիվանդի մահը տեսնելիս»,- ասում է բուժքույրը։

Բուժքրոջ խոսքով՝ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդները հնարավոր է՝ ունենան քրոնիկ հիվանդություններ, հնարավոր է՝ ընդհանրապես չեն ունենում հիվանդություններ։

Դանիելյանի խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդների մոտ թոքաբորբը կայծակնային արագությամբ է զարգանում։ 

«Կարող ա հիվանդին ընդունենք 50 տոկոս թոքային ախտահարումով, հաջորդ անգամը, որ գնում եմ հերթապահության, կարող ա իմանամ՝ այդ մարդու մոտ 80-90 ախտահարում է լինում»։

Հիվանդանոցի կյանքը լրիվ ուրիշ աշխարհ է, քովիդի վերակենդանացման բաժանմունքը տարբերվում է մյուս բոլոր վերակենդանացման բաժանմունքներից՝ ասում է բուժքույրը՝ ընդգծելով, որ որևէ մեկը չի կարող պատկերացնել․ «Ռեանիմացիայի ցավալին էն ա, որ քո աչքի առջև մահանում են։ Շատ ծանր աշխատանք է։ Իմ մեջ երևի գերբնական ուժ ա, որ դիմանում եմ։ Պոստում 9 հիվանդ են, 9 հոգի պառկած են, 9-ն էլ ծանր են, 9-ն էլ քեզնից օգնություն են խնդրում, ուզում են, որ դու իրա կողքին լինես, հենց էդ պահին իրանց մոտ լինես։

Բժիշկներն էլ ամենավերջին ջանքերն են գործադրում, որ կարողանան փրկել հիվանդին, հիվանդներն էլ մեծ խնամք են պահանջում, կերակրում են մեր մայրապետները, մայրապետներն էլ ծանր աշխատանք են տանում»,- նկարագրում է բուժքույրը։

Դանիելյանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ծանր վիճակից ելքը միայն տեսնում է կամ պատվաստվելու մեջ, կամ եթե բոլորը հիվանդանան ու լավանան։ 

«Բոլորը կամ պետք ա պատվաստվեն, որ ունենանք իմունիտետ, որ կորոնայի դեմ կարողանանք պայքարել, կամ պետք ա հիվանդանան»,- ասում է նա։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1.004.493 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 682188, երկրորդ դեղաչափ` 322305:

Արփինե Արզումանյան

MediaLab.am