«Սոչիում կայանալիք հանդիպման համաձայնությունը ճնշման հետևանք է, համենայնդեպս՝ Հայաստանի մասով». Էմիլ Օրդուխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը 

– Պարո՛ն Օրդուխանյան, բրյուսելյան այցից առաջ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Ո՞րն է այս հանդիպման պատճառը՝ հաշվի առնելով այն, որ մինչ այդ արդեն պարզ էր, որ Բրյուսելում պետք է հանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Մոսկվան փորձեց առա՞ջ ընկնել։

– Այդպես է ստացվում։ Սոչիում կայանալիք հանդիպման մասին տեղեկացանք այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հանդիպում է լինելու Բրյուսելում։ Ըստ էության, նոյեմբերի սկզբին տեղի ունեցող հանդիպումը, որը չկայացավ ինչ-ինչ պատճառներով, ու դրանից հետո տեղի ունեցավ էսկալացիա, երկու օր առաջ էլ մեկ զոհ ունեցանք, այսինքն՝ Սոչիում կայանալիք հանդիպման որոշումը կայացվել է շատ արագ։

Ես կարծում եմ՝ սա ճնշման տակ կայացված որոշում է Հայաստանի պարագայում, որովհետև, ինչպես երեկ պարզ դարձավ, քննարկման օրակարգում սահմանազատումն ու սահմանագծումն է, որտեղ, ինչպես և վարչապետը նշեց, հարյուր տոկոսով մեր շահերը չեն կարող բավարարվել, քանի որ այդ պարագայում էլ Ադրբեջանի շահերն են անտեսվում, ու, ըստ իս, Մոսկվան ինչ-որ միջին տարբերակ է առաջարկելու կողմերին։

Իհարկե հանդիպմանը մասնակցել պետք է, քանի որ ցանկացած հանդիպում հնարավորություն է: Բայց, կարծում եմ, որևէ փաստաթղթի ստորագրում նպատակահարմար չէ, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը, որը միջազգային գործընթաց է, պետք է ավելի լայն ընդգրկումով լինի, ու կողմերը չսահմանափակվեն միայն Ռուսաստանի միջնորդությամբ։

Մեզ համար օգտակար ու նպատակահարմար կլիներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետությունները ևս որոշակի ներգրավվածություն ունենային այդ գործընթացում։

– Կարծում եք՝ Սոչիում ինչ-որ փաստաթո՞ւղթ է ստորագրվելու։

– Ինչպես նշվեց, դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար հանձնաժողով ձևավորելու մասին հնարավոր է փաստաթուղթ լինի, բայց եթե նման փաստաթուղթ է ստորագրվելու, ինքնին դուրս են թողնվում միջազգային մյուս խաղացողները, որոնց ներգրավումը նպատակահարմար կլինի։

Ճիշտ կլինի հարցը քննարկել, բայց որևէ փաստաթուղթ չստորագրել, բրյուսելյան հանդիպման արդյունքներն էլ ի մի բերել, հետո նոր միայն որոշում կայացնել։ Եթե Սոչիում ստորագրվի ինչ-որ բան, Բրյուսելի հանդիպումը ավելի շատ ֆորմալ բնույթ կկրի ու բովանդակային առումով չի կարող հագեցած լինել։

– Պարո՛ն Օրդուխանյան, եթե սահմանազատման աշխատանքները մեկնարկեն, անկլավների վերադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանը երեկ, կարծես, ակնարկեց անկլավների մասին։

– Վարչապետն, այո՛, նշեց այդ մասին, բայց մեզ համար դրական նրբերանգով, որ նպատակահարմար չէ անկլավների հարցի քննարկումը, որովհետև դրանք շատ ավելի ուշ առաջացած հարցեր են, ու շատ լավ գիտենք, որ Ադրբեջանն այդ անկլավներին հասել է ավելի ուշ, քան մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, ու մեզ համար կարևորվելու է քարտեզների խնդիրը։

Վարչապետն էլ նշեց, որ դա տևական ու բարդ գործընթաց է, այսինքն՝ սա էլ կարող է լինել այն մշուշոտ կողմը, որը կարող է լինել, որովհետև մեկ բան է ստորագրել համաձայնագիր, այլ բան՝ ամբողջական գործընթացը սկսել։

Եթե ինչ-որ բան ստորագրվելու է, ապա այդ փաստաթղթում պետք է լինեն հստակ չափորոշիչներ՝ կապված սահմանագծման հետ, որովհետև հակառակ դեպքում դա վերածվելու է մի նոր բարդ թնջուկի, որտեղ ամեն մեկն իր պատկերացումներն է առաջ տանելու: Իսկ Հայաստանը գտնվելու է այդ սահմանային ճշգրտման քողի տակ, բայց սահմանային վեճերի լրջագույն խնդրի մեջ, ու վարչապետի խոսքում այդ ակնարկը կար, որովհետև նշեց ադրբեջանական կողմի ագրեսիայի մասին: Սա կարևոր շեշտադրում է, բայց երբ ասվում է՝ միջազգային հանրության ուշադրությունը պետք է սևեռել սրա վրա, պետք է նկատի ունենանք, որ մեր կողմից պետք է քայլեր արվեն։

– Իսկ արվո՞ւմ են։

– Ամենաիրավաչափ քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն է, ինչն 90-ականներին արել է Ադրբեջանը՝ Արցախի պարագայում, ստանալով չորս բանաձև, որոնք 27 տարի շարունակ բարձրաձայնում էր։

Եթե մենք չենք անելու նույնը, ապա չենք ունենալու միջազգայնորեն ճանաչված որևէ փաստաթուղթ, որը մեզ հնարավորություն կտա իրողությունը իրավական հիմքով ներկայացնել միջազգային հանրությանը։

– Ձեր խոսքում ասացիք, որ Սոչիում կայանալիք հանդիպումը, համենայնդեպս Հայաստանի մասով, ճնշման հետևանք է, բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումը հայկական կողմն է մերժել՝ առաջարկելով մեկ այլ օր առցանց հանդիպման համար, որը սակայն դարձել է տետատետ հանդիպում ու կայանալու է նոյեմբերի 26-ին։

– Դա դիվանագիտական պատասխան էր, բնականաբար, որևէ կողմ չի ասելու՝ մեզ ճնշել են, դրա համար ենք հանդիպման գնում։ Բայց, հիշում ենք, որ նոյեմբերի սկզբին պաշտոնական Երևանն ասում էր, որ որևէ հանդիպում չի նախատեսվում, այժմյան փաստերը համադրելիս տեսնում ենք, որ սա իրականում ճնշման տակ կատարված որոշում է։

– Պարո՛ն Օրդուխանյան, իսկ արտաքին քաղաքականության մասով, Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած մտքերն ինչպե՞ս եք գնահատում, որովհետև դրանք միանշանակ չընդունվեցին հանրության մի մասի կողմից։

– Ակնհայտ է, որ Հայաստանի վրա արտաքին ճնշումները հսկայական են, ու դրան դիմադրել ստացվում է այնքանով, որքանով։ Հայաստանի իշխանությունները հստակ աշխատելու տեղ ունեն, ու այդ մարտահրավերները մեծ հաշվով վարչապետին չեն ուղղված, դրանք Հայաստանի Հանրապետությանն են ուղղված։

Հետևաբար, եթե մենք չկարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը, այդ ճնշումները վաղ թե ուշ իրենց հետևանքները տալու են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am