«Առավոտ էր, ամուսնուս մորաքույրը դուռը ծեծեց, ասեց՝ մեր տունը քանդվեց, Տիգրանը չկա»․ Նարինեն ասում է՝ որդու զոհվելուց հետո փշրված են

«Առավոտ էր, ամուսնուս մորաքույրը դուռը ծեծեց, ասեց՝ մեր տունը քանդվեց… Իրա թոռնիկից էլ լուր չունեինք, մտածեցի՝ իրա թոռնիկի պահով ա ասում։ Հետո ասեց՝ Տիգրանը չկա, ու էլ ոչ մի բան չեմ հասկացել»,- հուզված պատմում է 41-ամյա Նարինե Նաջարյանը, որի որդին՝ Տիգրան Ղարիբյանը, զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:

20-ամյա Տիգրան Ղարիբյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Խնձորեսկում, պատերազմն սկսվելուն պես՝ սեպտեմբերի 27-ին, տեղափոխվել Ջրական։

Մայրն ասում է՝ որդին միայն հորն է ասել Ջրական գնալու մասին ու խնդրել ընտանիքի մյուս անդամներին չասել, որ չանհանգստանան։

«Ամուսինս մեզ ասեց, բայց ասեց՝ ցույց չտաք, որ գիտեք։ Ես Տիգրանիս խաբեցի, որ չգիտեմ, ինքն էլ՝ ինձ։ Ասում էր՝ լավ եմ, չաստում եմ, անկապ մեր գործերով ենք, բայց, դե, գիտեմ, որ կռիվ են գնում։ Ի՜նչ իմանայինք, որ սենց վատ ավարտ կունենար»,- հուզվում է Նարինեն։

Տիգրան Ղարիբյանը զոհվել է պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։ 

Մեկ օր առաջ Տիգրանը խոսել է ընտանիքի հետ։ Մայրն ասում է՝ կատակներ էր անում, շատ ուրախ էր․ «Ինքը շատ կատակասեր էր, էդտեղից խոսելիս սմայլիկներով էր ներկայանում, ծիծաղացնում էր, որ հանգիստ լինեինք, սկի չէիր մտածի, որ պատերազմի դաշտում է»։

Տիգրանն ընկերոջ հետ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նույնն օրն էլ մարմինը տեղափոխել են Մարտունի, մարմինն ամփոփել են Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ Ղարիբյանների ընտանեկան գերեզմանում։

«Տղես որ զոհվել է, երեխեքն արդեն շրջափակման մեջ են հայտնվել, բայց կամանդիրն ասել ա՝ ինչ ուզում ա լինի, մարմինները պետք ա տեղափոխենք։ Աստծուն փառք եմ տալիս, որ գոնե էդ ձևով տեղ հասցրեցին»,- ասում է ու հուզվում մայրը։

Տիգրան Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, որը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Տիգրանը ցանկանում էր ճարտարապետ դառնալ։ 9-ամյա կրթությունը ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանում գտնվող Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ դիզայն-ճարտարապետություն մասնագիտությամբ։ Մայրն ասում է՝ որդին շատ լավ նկարում էր, գծագրում, կոլաժներ պատրաստում։ «Վերջին կիսամյակն էր մնացել, ուզում էր բանակից գար, ավարտեր ու գործերը Երևանում տար»։

Մայրն ասում է՝ որդու հետ շատ էին կապված, ոչ թե մայր ու որդի էին, այլ ընկերներ։

Նարինեն հուզմունքով հիշում է, որ երբ որդին բարձր տրամադրություն էր ունենում, իրեն «մամուլյա» էր դիմում։ «Շատ ուրիշ մարդ էր, ընկերասեր, հարգված, սիրված»,- նշում է մայրը։

Որդու զոհվելուց հետո Նարինեն ասում է՝ ոչինչ այլևս առաջվանը չէ․

«Ոչ թե կոտրված ենք, այլ փշրված, մասնատված։ Սրտիս մի կողմը սև ա, երբեք չի փոխվի»,- կսկիծով ավելացնում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am