«Եղել են դեպքեր, երբ պետությունը իր սխալ ու հանցավոր գործողությունների հետևանքով գերի է տվել ՀՀ քաղաքացիներին». Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ։ Սպասելի՞ էր, որ Հայաստանի ներկայացրած պահանջների մեծ մասը Հաագայի դատարանը կբավարարեր։

– Այն, որ որոշ պահանջներ բավարարվելու էին, կանխատեսելի էր, ընդ որում՝ երկու պետության մասով էլ: Երբևիցե կանխատեսում չի եղել, որ կբավարարվեն բացառապես հայկական կողմի պահանջներն ու կմերժվեն ադրբեջանական կողմի պահանջները։ Առհասարակ, միջազգայնորեն հավասարություն դնելու մոտեցումը գոյություն ունի՝ անկախ փաստական տվյալներից, ու այս կարծրատիպային վերաբերմունքը կոտրելը բավականին բարդ, սակայն լուծելի խնդիր է։ 

Ի սկզբանե, այո՛, մտավախություն կար, որ հենց գերիների ազատ արձակման մասը չի բավարարվի, դրա մասին էր նաև վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը։ Դատարանն էլ, ըստ էության, ֆիզիկական անձեռնմխելիության, իրավունքների պաշտպանության մասով բավարարեց, բայց մերժեց անմիջականորեն ազատ արձակելու պահանջը, բայց դատարանն ավելի սահմանափակ հնարավորություն ունի, ի տարբերություն ՄԱԿ-ի դատարանի, ու գոնե ակնկալիք կար, որ վերջինս այս խնդրով ավելի պրոակտիվ կգտնվի ու կփորձի միջամտել՝ խափանելով նաև քաղաքական գործընթացներում այս խնդրի անհարկի շահարկումը, բայց, ցավոք սրտի, այս մասով Հայաստանի պահանջները մերժվել են։ 

– Իսկ ի՞նչ ակնկալել այս որոշումից։ Քանի որ սա դատարանի որոշում է, այն ենթակա է պարտադիր կատարման, չէ՞, թե՞ սխալվում եմ։

– Ընդհանուր առմամբ դրական է այն, որ դատարանն այս որոշմամբ ցույց է տվել, որ խնդիրները նույնական չեն, օրինակ՝ երբ խոսել է Ադրբեջանի մասով, ընդգծել է, որ այդ քաղաքականությունն իրականացվում է պետական պաշտոնյաների և հանրային ծառայողների ներգրավվածությամբ, այսինքն՝ այն ունի պետական քաղաքականության տեսք, որը ծրագրվում ու իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ 

Մինչդեռ երբ պահանջն ուղղվել է հայկական կողմին, նպատակն է եղել ապահովել մասնավոր անձանց, կազմակերպությունների կողմից այդ խտրականության դրսևորումները, դրանով իսկ դատարանը վերահաստատել է, որ Հայաստանի պարագայում կարող են առանձին միջադեպեր լինել, որոնք մասնավոր նախաձեռնություններ են, բայց քաղաքականություն, որ պետությունը ծրագրի, իրականացնի ու պատրաստի իր հասարակությանը ատելության, ուղղակի գոյություն չունի։ 

Իրավաբանորեն այս որոշումը պարտադիր կատարման է ենթակա, ու եթե նույնիսկ Ադրբեջանը չի կիսում այնտեղ արտահայտված դիրքորոշումները, միևնույն է՝ այն կատարելու պարտավորությունը կա, իսկ չկատարելու դեպքում կարող են վրա հասնել բացասական հետևանքներ:

Բայց վստահ եմ, որ այս ձևակերպումները նաև ընդհանրական են, մեկնաբանությունների տեղիք են տալիս, ու Ադրբեջանը փորձելու է մեկնաբանելու ճանապարհով հնարավորինս խուսափել այդ պահանջները կատարելուց, բայց, միևնույն է՝ Ադրբեջանը հայտնվել է վատ դրության մեջ, որովհետև արդեն իսկ կան իրավական որոշումներ, որոնք պահանջում են կանխել խտրականությունը, կանխել հայկական մշակութային-կրոնական կոթողների, հուշարձանների ոչնչացումը և այլն։

– Տիկի՛ն Սահակյան, իսկ կա՞ն լծակներ, որոնցով հնարավոր կլինի պարտավորեցնել Ադրբեջանին կատարել դատարանի պահանջները, եթե վերջինս հրաժարվի դրանց կատարումից։

– Այո՛, բնականաբար կան նման միջոցներ։ Վճիռների չկատարման հետ կապված կարող է ներգրավվել ընդհուպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

– Ռազմագերիների անհապաղ արձակման պահանջի բավարարումն իրապե՞ս անհնար էր, թե՞ հնարավոր էր այնպես անել, որ այդ պահանջն էլ բավարարվեր։

– Իհարկե հնարավոր էր, որովհետև եթե իրավական առումով կարող էր այդ պահանջը դրվել, կա նաև բավարարման հնարավորություն։ Բայց այստեղ մի քանի հանգամանքներ կարող են լինել, նաև քաղաքական մասը, քանի որ ակտիվ ընթանում են բանակցություններ, ու սա ամենազգայուն խնդիրներից է, իսկ գանգատի առարկան, ըստ էության, խտրականության վերացումն էր, գերիների վերադարձ և Խտրականության կոնվենցիայի դրույթների կատարում ուղղակի կապի մեջ չեն գտնվում, և դատարանը սահմանափակ է զգում այս գործի շրջանակներում նման պահանջներ բավարարելը։ 

Բայց գործոնները բազմաթիվ են, սա ամենազգայուն և խոցելի տիրույթն էր, որում դրական որոշում ունենալու հավանականությունն այնքան էլ մեծ չէր, և հավանականությունը բարձրացնելու համար պետք է շատ ինտենսիվ համակողմանի ջանքեր գործադրվեին իրավական, դիվանագիտական և այլ համայնքների կողմից, որը Հայաստանում ստեղծված իրավիճակում այնքան էլ իրատեսական չեմ համարում։

– Երեկվանից չեն դադարում քննարկումներն ու քննադատությունները Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ, որում Ալեն Սիմոնյանը խոսում է հայ ռազմագերիների մասին: Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում այդ հայտարարության վերաբերյալ, ու հնարավոր ի՞նչ հետևանքների կհանգեցնի Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը։

– Անկախ նրանից՝ անձը գերի՞ է հանձնվել, գերի՞ է ընկել, թե՞ իրեն գերի են տվել, պետությունը պարտավոր է այդ անձանց հայրենադարձման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ու անգործությունն արդարացնելու լավ ճանապարհ չէ գերիներին հանցագործություն վերագրելը, այս գործելակերպն Ադրբեջանինն էր, ո՛չ հայերինը։

Ադրբեջանցիներն էին, որ սովորական ծառայություն իրականացնելու համար մեր տղաներին հանցագործ էին ներկայացնում, և ես չէի ցանկանա, որ մեզ մոտ գտնվեին պաշտոնյաներ, որոնք կգործեն ադրբեջանական մտածելակերպով ու այս մոտեցումները կբերեն հայկական իրականություն՝ ի վնաս սեփական քաղաքացիների։ 

Առանց դեպքերը հանգամանալից ուսումնասիրելու պետք չէ այդ անձանց անմեղության կանխավարկածը խախտել։ Ես վստահորեն պնդում եմ և հանրային ու ոչ հանրային քննարկումներում կարող եմ ցույց տալ, որ եղել են դեպքեր, երբ պետությունը իր սխալ ու հանցավոր գործողությունների հետևանքով գերի է տվել Հայաստանի քաղաքացիներին։ 

Կան միջադեպեր, երբ արդեն իսկ նախորդ օրը Ադրբեջանը տարածել է տեղեկություն, որ այդ տեղանքը գտնվում է իրենց վերահսկողության տակ, և եղել են լուսանկարներ, տեսանյութեր, որ ադրբեջանցիների ներգրավվածությամբ ելույթներ են լինում, խրախուսվում են հաղթանակ ապահոված ադրբեջանցի զինվորները, բայց այս ակնհայտ փաստերի գոյության պայմաններում մեր տղաների խումբ է մեկնել ու հայտնվել շրջափակման մեջ, որը ինչպես էլ պաշտպանվեր, միևնույն է՝ զրկված էր լինելու շրջափակումից դուրս գալու հնարավորությունից։ Եվ շատերը հենց այս անորոշության ու անակնկալի գալու հետևանքով են հայտնվել գերության մեջ։ 

Ունենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ պետությունը ուղղակի ցուցանակ չտեղադրելու, սահմանային ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով նաև գերի է տվել քաղաքացիական անձանց։

Հիմա այս դեպքերի մասով պաշտոնյաները չեն ձևավորում վերաբերմունք, բայց առանց իրավապահ մարմինների քննության արդյունքների փորձում են հրապարակային դաշտում հանցագործություններ վերագրել գերիներին։

Կա՛մ թող քննեն ու փաստերով հիմնավորեն, որ այդ մարդիկ հանցագործ են, կա՛մ այդ փաստերի բացակայության պարագայում ուղղակի թող լռեն։ Այս հայտարարությունը, մեղմ ասած, ուղղակի ոչ խոհեմ գործելակերպի հետևանք է։

– Թշնամի կողմը այս հայտարարությունը կարո՞ղ է օգտագործել ռազմագերիների դեմ։

– Այո՛, մենք ունենք կասկածներ, որ Ադրբեջանն այս ինֆորմացիայի հիման վրա ճնշելու է ռազմագերիներին, որպեսզի նրանք ոչ թե հայրենադարձվեն, այլ, օրինակ՝ գնան երրորդ երկիր։

Եթե այս քաղաքական հայտարարությունների ֆոնին որոշ գերիների առնչությամբ քրեական գործեր հարուցվեն՝ կամովին գերի ընկնելու հատկանիշով, նրանք այս գործերն օգտագործելու են ու ասեն՝ տեսեք, մեր երկրում ձեզ լավ ենք վերաբերվում, իսկ ձեր երկրում ձեզ դատում են:

Որպեսզի չդատվեք, եկեք ձեզ ուղարկենք այլ երկրներ, այնտեղ ձեզ համար լավ կապրեք, ու նաև կդառնան ադրբեջանական ագենտուրայի մաս ու կսկսեն աշխատել Հայաստանի անվտանգային շահերի դեմ։ Նաև այս տեսանկյունից նրանք չեն հասկանում հարցի լրջությունը ու չեն գիտակցում՝ որտեղ ինչ հայտարարություններ պետք է անել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am