«Ադրբեջանն այսօր չի ընդունի Հայաստանի առաջարկները, որովհետև հասկանում է՝ կա ավելին ստանալու հնարավորություն». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարո՛ն Ղևոնդյան, հայկական կողմը Ադրբեջանին գրավոր առաջարկների փաթեթ է ներկայացրել սահմանագծման աշխատանքների սկսման վերաբերյալ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ առաջարկները վերաբերում են զորքերի հայելային հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով: Ընդդիմությունն այս տարբերակը խնդրահարույց ու անընդունելի է համարում, դուք և՞ս այս առաջարկը խնդրահարույց եք համարում:

– Դա բավականին խնդրահարույց է. նախևառաջ՝ չի կարելի վստահել Ադրբեջանին ու հայելային հետքաշումը իրականացնել միայն փոխադարձ համաձայնության հիման վրա, որովհետև չգիտենք՝ Ադրբեջանը հետ կգնա ու դրանից հետո արդյոք ինչ-որ պատրվակով հետ չի՞ գա: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն, որ Սև լճում նրանք արդեն մեր տարածքում են, նշանակում է, որ հայելային հետքաշման պարագայում մենք ավելի հետ ենք գնալու, իսկ նրանք վերադառնալու են մինչև իրենց տարածքի սահմանագիծը:

Այս տարբերակը խնդիր չէր լինի, եթե վստահ լինեինք, որ սահմանագծման աշխատանքները կսկսվեն, ու այդ սահմանագծումը կիրականացվի գոնե համաձայն այն սահմանների, որի մասին խոսում է մեր իշխանությունը: Բայց այդպիսի վստահություն չկա, անհասկանալի է, թե ինչպես կիրականացվի սահմանագծումը, ու դա որքան կտևի: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ այս իրավիճակը ինչ-որ կետում պետք է հանգուցալուծվի, և եթե Հայաստանը ուժային տարբերակը չի դիտարկում, մնում է այսպիսի քայլեր կատարել:

Եթե ասում եք, որ հայելային հետքաշումը խնդրահարույց է ու նաև վտանգավոր, ապա ինչպե՞ս եք ճիշտ համարում այս գործընթացի մեկնարկը:

– Այսօր սահմանագծման աշխատանք իրականացնելը, չեմ կարծում, որ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Կարելի է այդ գործընթացը հետաձգել, քանի որ Հայաստանն այժմ ուղղակի միջոցներ չունի պարտադրելու թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը, միջնորդել, որ Հայաստանի շահերը հաշվի առնվեն: 

Ես պատահական չխոսեցի ուժային տարբերակի մասին, որպեսզի Հայաստանը մտածեր առաջին հերթին բանակը վերազինելու, ուժերի հավասարակշռությունը վերականգնելու մասին: Ասածս չի վերաբերում միայն ֆիզիկական ուժին, անհրաժեշտ է նաև միջազգային գործընկերության ամրապնդումը, անհրաժեշտ է նաև դիտարկել տարբեր միջազգային ուժային կենտրոններ, որոնց հետ կարելի է գործակցել ու այսպիսով հավասարակշռության վերականգնման գնալ:

Հաշվի առնելով այսօր միջազգային լարված իրավիճակը, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը՝ կարելի է ուղղակի ձգձգել այս գործընթացն ու սպասել ավելի պատեհ առիթի:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ասել է, որ այդ հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք այդ գործընթացի մեկնարկը, ու արդյոք Հայաստանի առաջարկը նախապայմա՞ն է:

– Հասկանալի ու նորմալ նախապայման է Հայաստանի առաջարկը, որովհետև միջազգային պրակտիկայում ընդունված է, որ եթե երկու պետություն պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ որևէ հարց լուծելու համար, ապա պետք է որ այդ երկու երկրի զինվորները չգտնվեն մեկը մյուսի սահմաններում: Այլ հարց է, որ Բաքուն, այն հատվածները, որտեղ իր զորքերն են կանգնած, դիտարկում է ոչ հայկական սուվերեն տարածք:

Լուծումը հետևյալն է. Հայաստանը, ինչպես ասացի, պետք է կարողանա պարտադրանքի միջոցներ ունենալ, որպեսզի ստիպի Բաքվին հարգել այն մոտեցումը, որն ունի Հայաստանը: Այսօր, սակայն, Հայաստանը չունի այդպիսի հնարավորություններ, ու լավ կլինի այդ գործընթացը ձգձգել:

Պարո՛ն Ղևոնդյան, ճնշման միջոցը ռազմական ճանապա՞րհն եք համարում:

– Ոչ միայն ֆիզիկական ռազմական ուժը, այլ նաև միջազգային իրավիճակը, գործընկերների ճնշումը Ադրբեջանի վրա: Այդ ամենի ուղղությամբ պետք է հայկական դիվանագիտությունն աշխատի, բայց, կրկնեմ, որ համաշխարհային իրավիճակն այսօր բավական լարված է, ու անկանխատեսելի է, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունն ուղղակի ժամանակ չունի այս հատվածի վերաբերյալ գործողություններ ծավալելու, մենք պետք է սպասենք, մինչև իրադրությունը փոխվի:

Իսկ այսօր շարունակ պնդել, որ Ադրբեջանը պետք է գնա սահմանագծման, նման է այն իրավիճակին, ինչ անում էին նախկին իշխանությունները, որ ընդունում էին Արցախի հարցի լուծման վերաբերյալ առաջարկներ՝ հույս ունենալով, թե Ադրբեջանն այդ առաջարկները չի ընդունի, ու կստացվի, որ մենք կառուցողական ենք, իսկ իրենք՝ ոչ, բայց մենք տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց:

Ադրբեջանը կընդունի՞ Հայաստանի առաջարկները, թե՞ ոչ:

– Ցավալիորեն պետք է նշել, որ Ադրբեջանի արտաքին դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է աշխատում, ու, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն այսօր դա չի ընդունի, որովհետև հաշվի առնելով Հայաստանի պահվածքն ու վարքագիծը, իշխանությունների վախկոտ նախաձեռնողական դիվանագիտությունը՝ նրանք հասկանում են, որ հնարավոր է ավելին ստանալ, իսկ եթե նման հնարավորություն կա, քչով չեն բավարարվի:

Աշխարհաքաղաքական խառը իրավիճակի մասին ասացիք, ենթադրում եք, որ մինչև իրավիճակը չկարգավորվի, անգամ Ռուսաստանը, որն այս գործընթացի գլխավոր միջնորդն է, չի՞ զբաղվի սահմանագծման հարցերով:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս իրավիճակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներով զբաղվելու ժամանակ ունի, դա այսօր երկրորդական է նրանց համար: Մինչև հանգուցալուծում չլինի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն ինքը կառկախի նման ծրագրերը:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակն Ադրբեջանն օգտագործի ու սահմանային լարումների միջոցով փորձի այս հարցը լուծել, պարո՛ն Ղևոնդյան:

– Ոչ միայն հնարավոր է, այլև, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է: Սահմանային սադրանքները շարունակվելու են, բայց դա չի կապվում սահմանագծման աշխատանքների հետ:

Ես համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ հարցով համաձայնություն ձեռք բերվի, ադրբեջանական սադրանքները, միևնույն է՝ շարունակվելու են, որովհետև Ադրբեջանն ուղղակի փորձով գիտի, որ այդկերպ հնարավոր է Հայաստանում ազդել հասարակական կարծիքի ու Հայաստանի վարքագծի վրա: Օգտագործել ու օգտագործելու է այդ միջոցը՝ որպես ճնշման գործիք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am