«Ադրբեջանին որևէ պայման ձեռնտու չէ, որովհետև ուզում է կրակել, երբ իրեն հարմար է». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

  Պարո՛ն Մեհրաբյան, ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձրել 8 հայ ռազմագերու, ինչի կապակցությամբ էլ Ֆրանսիայի նախագահը «Թվիթերի» իր էջում շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին՝ նշելով, թե շարժվում են առաջ: Գերիներին վերադարձնելու հարցում որքանո՞վ է դերակատարում ունեցել Ֆրանսիան՝ մասնավորապես օրերս տեղի ունեցած տեսակոնֆերանսի շրջանակներում:

– Տպավորություն ունեմ, որ դա ունեցել է վճռորոշ նշանակություն, բացի դրանից՝ այդ ջանքերը, որոնք հանգեցրեցին այս արդյունքին, գործադրվում են Ադրբեջանի համար միջազգային անբարենպաստ ֆոնին, և, այդ իմաստով, շանսերը մեծ էին, որ Ֆրանսիայի ջանքերը հաջողությամբ կպսակվեին:

Լավ հասկանում ենք, որ գերիները զգալի չափով նաև Ռուսաստանի խղճի վրա են, որը որպես երաշխավոր է հանդես եկել ողջ հետպատերազմյան գործընթացում, սակայն շատ հարցեր, հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված դրույթներ չեն կատարվում Ադրբեջանի կողմից, և ռուսները ոչինչ չեն անում կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում անել դրա համար:

Հաշվի առնելով նաև Ադրբեջանի ցանկությունը՝ ներդաշնակեցնել իր հարաբերությունները Եվրամիության հետ, կարող ենք ասել, որ Ֆրանսիայի կողմից պահը ճիշտ էր ընտրված, ու այդ հորդորներն աշխատեցին, և արդյունքում գերիներից 8-ը վերադարձան հայրենիք:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նույն այդ միջնորդ կողմերին չի հաջողվում այնպես անել, որ Ադրբեջանը նաև մյուս հարցերում իր դիրքորոշումը փոխի, մասնավորապես նկատի ունեմ, որ Ադրբեջանը օրերս մերժել է սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկները՝ առանց բացատրության, չառաջարկելով անգամ այլ տարբերակներ:

– Այդ վերբալ թեփի մեջ էականը հետևյալն է. Ադրբեջանն ուզում է մշտապես ունենալ իր համար ցանկալի պահին կրակելու իրավունք և հնարավորություն: Ադրբեջանի մերժումը հենց այս մասին է, նա, փաստորեն ասում է՝ երբ ուզեմ, այն ժամանակ էլ պետք է կրակեմ, այլ պայման ինձ ձեռնտու չէ:

Պարո՛ն Մեհրաբյան, իսկ ո՞ւր մնաց գլխավոր միջնորդն այս հարցում, որ Ադրբեջանը նման կերպ է վարվում:

– Գլխավոր միջնորդը, այսպես ասած, իր բաժինն ունի այդ իրավիճակում, որովհետև գլխավոր միջնորդին էլ ձեռք չի տա, որ Հայաստանը դուրս գա ուժային ներգործության շանտաժի տակից: Նրանց պետք է, որ միշտ այդ շանտաժը լինի, ու այդ շանտաժի փրկությունը լինի միայն Ռուսաստանը: Սա է ողջ խճանկարը:

Ձեր խոսքից ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ազդել Ադրբեջանի որոշումների վրա, ստիպել նրան կատարել համատեղ ձեռք բերված պայմանավորվածությւոնները, բայց չի՞ ցանկանում դա անել:

– Այն, ինչը պետք է Մոսկվային, Ադրբեջանը շատ արագ ու լավ անում է, իսկ եթե Հայաստանին է պետք՝ չի ստիպում: Այս պարագայում ես ի՞նչ պետք է եզրակացնեմ:

Իսկ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի միջնորդությունները կարո՞ղ են իրավիճակում փոփոխություններ մտցնել:

– Ճնշումների այս մակարդակում հնարավոր են այսպիսի ֆրագմենտար լուծումներ, բայց երբ ճնշումները լինեն այլ հարթության վրա, հարցերը շատ արագ կլուծվեն, բայց դրա համար Հայաստանն ինքը պետք է նախաձեռնողականություն դրսևորի, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար դա շատ բարդ խնդիր է, ինչը պայմանավորված է ռուսական գործոնով:

Պարո՛ն Մեհրաբյան, ստեղծված իրավիճակում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկը ե՞րբ հնարավոր կլինի տալ:

– Ինչքան շուտ սկսվի, այնքան լավ, բայց դա սկսելու համար նախևառաջ պետք է պայմանավորվել չկրակել, իսկ Ադրբեջանը դա չի ուզում: Ադրբեջանն ուզում է կրակել միշտ, երբ հարմար կգտնի. սա է նրա դիրքորոշումը:

Այսինքն՝ Ադրբեջանը և՞ս չի ուզում, որ Հայաստանը դուրս գա, ինչպես ասացիք, ուժային ներգործության շանտաժի տակից:

 – Իհա՛րկե, նրա ցանկությունն էլ է դա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am