«Ցավում եմ, բայց Հայաստանը չունի ու չի ստեղծել այն պայմանները, որ իր քաղաքացիները վերադառնան». Տաթևիկ Բեժանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

– Տիկի՛ն Բեժանյան, անցյալ տարվա տվյալներով որքա՞ն է Հայաստանի սահմաններն անվերադարձ  լքած ՀՀ քաղաքացիների թիվը։

– Մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների ընդհանուր շրջանառությունը, որ գրանցվել է միգրացիոն ծառայությունում՝ որպես օրինական, 30 օրից ավելի ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 578 հազար էր, բայց տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, 385 հազարը դուրս էին եկել միգրացիոն հաշվառումից, ինչը նշանակում է, որ նրանց մի մասն առնվազն պետք է լքած լինի ՌԴ տարածքը։

Նրանցից 46 հազարն ու մի քիչ ավելին ստացել էին ՌԴ քաղաքացիություն, և կար մոտավորապես 18 հազար մարդ, որ ժամանակավոր բնակության կացություն էին ստացել, իսկ 24 հազարը՝ կացություն։ Մյուսները, թերևս, շարունակում են գտնվել ՌԴ-ում։

Այս տարվա համար մեր միգրացիոն բացասական սալդոն 4200-ի կարգի է եղել, ինչը սահմանահատումներին չի վերաբերում: Սահմանահատումների մասով, եթե չեմ սխալվում, 73,5 հազար քաղաքացու հաշվով է սալդոն բացասական եղել, բայց քանի որ դրա մեջ մտնում են մեկ օրով դուրս եկողներն ու ներս մտնողները, հետևաբար ես միայն միգրացիոնին կանդրադառնամ, որ 4200-ի կարգի ունենք բացասական սալդո։

– Դա նշանակում է, որ այդքան մարդ լքե՞լ է երկիրը։

– Նրանք երկարաժամկետ միգրանտներն են, այսինքն՝ 2021-ին լքել են երկիրը և նույն թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերադարձած չեն եղել։

ՌԴ միգրացիոն ծառայությունում հաշվառված մարդկանց թվաքանակի 65%-ը կազմում են աշխատանքային միգրանտները, տարեվերջին, եթե չեմ սխալվում՝ մեկնողների 63%-ն է եղել։

– Նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին Հայաստանը լքած քաղաքացիների աճը շա՞տ է եղել։

– 2020 թվականի հետ համեմատելը սխալ կլինի, որովհետև, քովիդով պայմանավորված, մենք միայն վերադարձ ենք ունեցել։ 2019-ի հետ կհամեմատեի՝ շատ մեծ չէ, որովհետև 2019-ին շարժը կար, իսկ 2020 թվականին, քովիդով պայմանավորված, հոսքը դադարեցվեց, և անկախությունից հետո առաջին անգամ մենք ունեցանք ՀՀ քաղաքացիների մասով դրական սալդո, այսինքն՝ վերադարձն ավելին էր, քան մեկնողների թիվը։

Այս տարի, կարծում եմ, էլի կունենանք ակտիվ շարժ դեպի ՌԴ, բայց թե որքան երկար կկարողանան օրինական գտնվել՝ մի քիչ դժվար է ասել, որովհետև օրենսդրության խստացումները բերում են նրան, որ շատ հնարավոր է՝ 3 ամիս անց մենք ունենանք բավականին մեծ թվով անօրինական միգրանտներ, որոնք ուղղակի ժամկետի առումով կամ ՌԴ պետական մարմինների կողմից ոչ լիարժեք իրենց պարտականությունները իրականացնելու հետևանքով մեր քաղաքացիները կհայտնվեն անօրինականի կարգավիճակում։

– Ռուսաստանն օրենսդրական խստացումներն ի՞նչ նպատակով է անում, տիկի՛ն Բեժանյան։

– Մի քանի պատճառներ կան դրա համար․ նա ցանկանում է տոտալ վերահսկողություն սահմանել բոլոր օտարերկրացիների նկատմամբ, այսինքն՝ միայն Հայաստանին ուղղված խնդիր չէ, այս կերպ փորձում են իրենց անվտանգության հարցը լուծել։

Մյուս կողմից՝ փորձում են ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ որոշակի խստացումներ անել, որովհետև այս խստացումները վերաբերում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, թեև ուղղակիորեն հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 96-98-րդ հոդվածների մի քանի կետերին։

Իմ պատկերացմամբ՝ այս կերպ Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի մի քանի կետեր փոփոխել և հասնել նրան, որ կա՛մ ԵԱՏՄ երկրներից աշխատողները միայն կազմակերպված հավաքագրմամբ գնան, ինչը մեծագույն չարիք է, որովհետև դա միանշանակ բերում է տոտալ շահագործման, այսինքն՝ կարելի է ասել, որ դա ուղղակի ստրկություն է, ինչը ոչ մի ձևով չի կարելի թույլ տալ։

Հնարավոր է նաև, որ այս խստացումները ստիպեն, որ Ռուսաստանի համար, այսպես ասած, ցանկալի երկրները փորձեն հնարավորինս շատ ու արագ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել, իսկ 2021-ին, արդեն ասացի, 46 հազարից ավելի ՀՀ քաղաքացի ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն։

– Եթե այդ խստացումների պատճառով ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում հայտնվեն անօրինական կարգավիճակում, ինչ եք կարծում, նրանք կվերադառնա՞ն Հայաստան, թե՞ կնախընտրեն այլ երկրներ։

– Այլընտրանք ուղղակի չունեն, հակառակ դեպքում կգնային, վստահեցնում եմ ձեզ։ Հայաստանը չունի ու չի ստեղծել այն պայմանները, որ իր քաղաքացիները վերադառնան, ցավով եմ դա ասում։ Մի մասը ստիպված կվերադառնա, մի մասն էլ կգերադասի կա՛մ անօրինական կարգավիճակը, կա՛մ ուղղակի կսկսի վճարել այնտեղ իր մնալու համար։

– Հայրենիքը լքելու հիմնական դրդապատճառները որո՞նք են մեր համաքաղաքացիների համար։

– Սովորաբար միայն մեկ գործոն չի լինում, բայց առաջնայինը սոցիալ-տնտեսականն է, մեր դեպքում հիմա գումարվել են և՛ անվտանգայինը, երկրում անհասկանալի քաղաքական իրավիճակը, քաղաքական ղեկավարության առումով եմ ասում, և՛ ապագայի նկատմամբ անորոշությունը։ Սրանք այն հիմնական պատճառներն են, ինչի համար մարդիկ մեկնում են, թեև առաջին տեղում շարունակում է մնալ աշխատանքը։

Այնպես չէ, որ Հայաստանում աշխատանք չկա, ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում այսօր բավականին մեծ թվով և՛ թափուր աշխատատեղեր կան, և՛ գործազուրկներ, որ կարելի է վերապրոֆիլավորել այդ մարդկանց, բայց մեր քաղաքացիներն ասում են, որ չի բավարարում այն աշխատավարձը, որը պետք է ստանան, բայց մյուս կողմից էլ՝ պատրաստ են ցանկացած պայմանով մեկնելու ՌԴ աշխատելու։

– Հայաստանում պետական մակարդակով քայլեր արվո՞ւմ են, որպեսզի ՀՀ քաղաքացիները ցանկանան մնալ իրենց երկրում ու չարտագաղթեն։

– Միգրացիոն հոսքերն անհնար է դադարեցնել ու կարիք էլ չկա դա անել, որովհետև դա մարդու իրավունքների խախտում կլինի, քանի որ ամեն մեկն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, բայց երկրները փորձում են ստեղծել սոցիալ-տնտեսական, քաղաքական բարենպաստ պայմաններ, որ իրենց քաղաքացիները մնան երկրում։

Եթե մարդիկ իրենց երկրում չեն կարողանում ապահովել իրենց բարեկեցիկ կյանքը, նախընտրում են գնալ այլ երկիր։ Նույնիսկ բավականին բարեկեցիկ Գերմանիայից բժիշկները մեկնում են Շվեդիայում աշխատելու, որովհետև այնտեղ ավելի շատ են վճարում, քան Գերմանիայում։

Այսօր մեր պաշտոնատար անձանց կողմից չեմ տեսնում այն քաղաքականությունը, որը ՀՀ քաղաքացուն հիմք կտա մտածելու, որ իր ապրելու լավագույն ու ապահով տեղը իր հայրենիքն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am