«Արցախում տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծ չէր կարող շրջանառվել առանց Ռուսաստանի համաձայնության». Էմիլ Օրդուխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

  Պարո՛ն Օրդուխանյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը շրջանառության մեջ է դրել Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը, ըստ Արցախի Հանրապետության արտգործնախարարի, շատ կարևոր փաստաթուղթ է լինելու: Ի՞նչ է տալու այս նախագիծը, եթե այն ի վերջո խորհրդարանն ընդունի:

– Նախ հաշվի առնենք, որ Արցախն ունի Սահմանադրություն, որի համաձայն իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ես խոսում եմ մինչև պատերազմը եղած իրավիճակի մասին, համարվում էին Արցախի Հանրապետության տարածք, հետևաբար, այս տրամաբանության մեջ, տարածքների օկուպացիայի մասին նախագծի շրջանառումը դրական քայլ է, որովհետև սա նախ մեսիջ է, այդ թվում և՝ Ադրբեջանին, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքները Արցախի կողմից ադրբեջանական չեն ճանաչվում:

Այս նախագիծը Արցախի Հանրապետության խախտված տարածքային ամբողջականության փաստի արձանագրումն է, ինչը դրական է ու, միևնույն ժամանակ, ասեմ՝ նաև սուվերենության հայտ է: Իհարկե սա կարելի էր ավելի շուտ անել, բայց հիմա են անում, քանի որ Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը ու կարծես թե չի էլ պատրաստվում ստորագրելու: Հաշվի առնելով նաև ռուսական ազդեցությունն Արցախում, կարծում եմ, որ այս հարցը նաև համաձայնեցված է ռուսական կողմի հետ:

Ընդունվելու դեպքում այս օրենքը միջազգային հանրությանը, նույն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին, Ադրբեջանին, Թուրքիային ի՞նչ կարող է ասել, շոշափելի արդյունքներ մեզ համար այս օրենքն ապահովելո՞ւ է:

– Այդ շոշափելի արդյունքները, ցավոք սրտի, մենք 30 տարի շարունակ չենք ունեցել, երբ դրա համար ավելի նպաստավոր նախադրյալներ կային: Սա ուղղակի հայտ է հիշեցնելու, որ նախ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը լինել չի կարող, երկրորդ՝ պատերազմից հետո Ալիևի այն պնդումները, թե արցախյան հարցը լուծված է, այդպես չէ, ու, ըստ էության, Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմել չի կարող:

Սա հետագայում կարող է նաև խթան հանդիսանալ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը վերագործարկելու համար, որովհետև առանձին պնդումներ եղան, մասնավորապես, Արևմուտքից, որ Արցախի հարցը լուծված չէ: Այս քայլը դրական է ու մեր հայկականության շահերն է ներառում, իսկ թե հետագայում ինչ կլինի՝ կախված է բազմաթիվ գործոններից:

Պարո՛ն Օրդուխանյան, որպեսզի այս օրենքի ազդեցությունն ավելի մեծ լինի, նաև հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն է մեծ մասամբ Արցախի Հանրապետության ձայնը միջազգային հարթակներում լսելի դարձնում, անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որ նման օրենք նաև ՀՀ խորհրդարանը շրջանառի:

– Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանի պարագայում այդպիսի օրակարգ առաջիկայում չի ձևավորվի հասկանալի պատճառներով, որովհետև կան բազմաթիվ գործոններ՝ ապաշրջափակման օրակարգի, Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված և այլն: Բայց եկեք չմոռանանք, որ Արցախը ևս հայկական պետություն է, ու այդ պարագայում ավելի նպատակահարմար է, որ Արցախը խոսի իր իրավապահանջության մասին:

Սա նաև հնարավորություն է տալիս Արցախի հետ հաշվի նստելու, որովհետև նա սուբյեկտայնության հայտ է ներկայացնում: Օրենքի ընդունումից հետո Ադրբեջանը հաստատ արձագանքելու է դրան, իսկ դա դե ֆակտո հակառակ կողմի սուբյեկտայնությունը, լինելությունն է փաստելու, այսինքն՝ դիվանագիտական առումով էլ այս նախագիծը կարևոր է:

Իսկ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկից հետո ՀՀ խորհրդարանը կկարողանա՞ նման օրենքի նախագիծ շրջանառել:

– Շատ հետաքրքիր բան եք ասում. Հայաստանն ասում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը չեն վերաբերում արցախյան հարցին, Արցախի խնդիրն այս օրակարգի մեջ միասնական ներառված չէ, այն առանձին հարց է, որը պետք է կարգավորվի: Այս օրենքը եթե ընդունվի, կարող է մեզ համար հետագայում խաղաքարտ դառնալ, առաջին հայացքից այն փոքր բան է, բայց կարող է նպաստավոր նախադրյալներ ստեղծել մեզ համար:

Փաստ է, որ Արցախի խնդիրը լուծված չէ, որ Արցախը հայկական է այն իմաստով, որ հայկական իշխանություն է Արցախում: Փաստ է, որ այն դե ֆակտո գոյություն ունի, բայց դե յուրե ճանաչված չէ, հետևաբար այս հանգամանքների հետ բոլորը պետք է հաշվի նստեն, ու, ամենակարևորը՝ որ Մինսկի խմբի առնվազն երկու պետություն բացահայտ հայտարարում է, որ այս խնդիրը լուծված չէ ու քաղաքական, ամբողջական կարգավորման անհրաժեշտություն ունի:

– Պարո՛ն Օրդուխանյան, Այսինքն՝ ստացվում է՝ Արցախի Հանրապետության քաղաքական ուժերը օրենքի այս նախագիծը համաձայնեցրել են Ռուսաստանի Դաշնության հետ, որից շրջանառության մեջ են դրե՞լ:

– Այո՛, եթե Արցախում այդ հարցը շրջանառվում է, դա չէր կարող քննարկված ու համաձայնեցված չլիներ ռուսական գործոնի հետ, որովհետև այսօր Ռուսաստանը քաղաքական լուրջ ազդեցություն ունի նաև Արցախում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am