Աշխարհը գնում է նոր սառը պատերազմի, որը ոչ մի լավ բան չի խոստանում ռեսուրսներ չունեցող փոքր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից, ինչը ենթադրում է ԵԽ կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում: Ռուսաստանի այս որոշումն ի՞նչ է նշանակում:

– Ցավում եմ այդ որոշման համար, որովհետև դա շատ վատ հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար, հասկանալի պատճառով, եթե նկատի ունենանք մեր երկրի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Ցավոք սրտի, հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի հակադրությունը բերեց նոր երկաթե վարագույրի, ու մենք կանխատեսելիորեն հայտնվում ենք երկաթե վարագույրից այս կողմ, այսինքն՝ Ռուսաստանի տոտալ ազդեցության ներքո: 

Սա այն չորս հետևանքներից մեկն է, ինչի մասին ես զգուշացնում էի հակամարտության հենց սկզբից՝ էապես սահմանափակվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրի հնարավորությունը: Ռուսական ավտորիտար քաղաքական մշակույթն ազդելու է նաև Հայաստանի քաղաքական գործընթացների վրա, և մենք զգալի նահանջ ենք ապրելու ժողովրդավարությունից: Ցավոք սրտի, աշխարհը գնում է նոր սառը պատերազմի, նոր բևեռացումների, նոր բարիկադների ճանապարհով, որը ոչ մի լավ բան չի խոստանում ռեսուրսներ չունեցող փոքր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

-Այսինքն՝ ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու որոշումը երկաթե վարագույրի վերականգնման հի՞մք է կամ նախադրյալներից մե՞կն է:

– Իհարկե, որովհետև Եվրախորհուրդը ուղիներից մեկն էր, որի միջոցով ՌԴ-ն շփվում էր Արևմուտքի հետ, չնայած միշտ խնդիրներ էին առաջանում, միշտ կոշտ հռետորաբանություն էր Ստրասբուրգում, բայց, այնուամենայնիվ, դա հարթակ էր, որտեղ Ռուսաստանը համագործակցության ճանապարհ էր պահում Արևմուտքի հետ: Հիմա այդ ճանապարհը չի գործելու, և սա, իսկապես, սառը պատերազմին բնորոշ իրավիճակ է: 

Բայց ես ավելի շատ անհանգստացած եմ Հայաստանի համար. չլինի այնպես, որ Հայաստանը ազդեցության տակ նման որոշում կայացնի կամ Եվրախորհրդի հետ իր հարաբերությունները շատ թուլացնի, որովհետև դա ուղղակիորեն ազդելու է Հայաստանի ներքին ռեֆորմացիայի վրա, իսկ Հայաստանը եթե ներքին ռեֆորմացիա չունեցավ, շատ արագ ռեստավրացվելու են ավտորիտար բոլոր ավանդույթները:

– Պարո՛ն Սուրենյանց, այս պահին ունե՞ք նման մտավախություն, որ Հայաստանը ևս կորոշի դուրս գալ Եվրոպական խորհրդից:

– Առայժմ նման մտավախություն չունեմ, կարծում եմ՝ Հայաստանը կարող է այդ ինքնուրույնությունն իրեն թույլ տալ, բայց ամեն ինչ գնում է նրան, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև տոտալ հակադրությունը խորանում է, իսկ այդ ֆոնին չեմ բացառում, որ Մոսկվայից Հայաստանին «կհորդորեն» ավելի «ճիշտ քաղաքականություն վարել»:

– Բազմաթիվ են կարծիքները, որ եթե այս հակամարտությունն ավելի խորանա, Արևմուտքը մի կողմից, Ռուսաստանը՝ մյուս, կառաջարկեն ընտրություն կատարել: Այդ պարագայում Հայաստանն ընտրության ի՞նչ հնարավորություն ունի:

– Դուք շատ լավատես եք և շատ մեծ նշանակություն եք տալիս Հայաստանի սուբյեկտությանը, բայց, իրականում, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը այդքան մեծ սուբյեկտություն չունի, որ Հայաստանին առաջարկություններ անեն: 

Ավելի ճիշտ կլիներ ասել, որ Հայաստանի վրա ճնշումները երկու բևեռներից էլ ավելանալու են, բայց, անկեղծ լինեմ, չեմ կարծում, թե Արևմուտքի պրոյեկտներում Հայաստանը ինչ-որ շատ կարևոր դերակատարություն ունի: Նրանք 100-տոկոսանոց ճշգրտությամբ գիտեն, որ Հայաստանը ռուսական ազդեցության տակ է, և չեմ էլ կարծում, թե մեծ սպասելիքներ ունեն Հայաստանից, որպեսզի պաշտոնական Երևանի վրա ճնշում բանեցնեն: 

Նիկոլ Փաշինյանի երեկվա այցին էլ շատ մեծ կարևորություն չեմ տալիս, դասական առումով որևէ բովանդակային բաղադրիչ այդ այցի մեջ չկար. Մակրոնը մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը և, Փաշինյանին Փարիզ հրավիրելով, շատ հմտորեն օգտագործում է հայկական գործոնը՝ հայ համայնքի ձայներն առավելագույնս ստանալու նպատակով: Այսինքն՝ Հայաստանի գործող իշխանության պարագայում մի՛ ակնկալեք, որ Հայաստանի վրա Արևմուտքից մեծ ճնշումներ կլինեն:

Ճնշումներ լինում են այն դեպքում, երբ սպասելիքներ կան, իսկ Հայաստանի իշխանությունն ամբողջովին տեղավորված է Կրեմլի գրպանում, և բանը ճնշումների չի էլ հասնի: Հայաստանի իշխանությունը սովորել է պարտաճանաչ աշակերտի պես կատարել այն, ինչ ակնկալում է, որ ուսուցիչը կուզի:

– Պարո՛ն Սուրենյանց, եթե Հայաստանի իշխանությունը, ինչպես դուք եք ասում՝ ամբողջովին տեղավորված է Կրեմլի գրպանում, ապա հնարավո՞ր է, որ այդ պարագայում Ռուսաստանի դեմ կիրառվող տարատեսակ պատժամիջոցներից Արևմուտքը կիրառի նաև Հայաստանի դեմ որոշ ժամանակ անց, կամ ո՞ր դեպքում նման բան կլինի:

– Այսօր նման բան չի լինի, որովհետև Հայաստանը տեսանելիորեն որևէ քայլ չի արել, որ վտանգի տակ դնի իր չեզոքությունը: Այո՛, բոլորը գիտեն, որ մենք ռուսական տոտալ ազդեցության տակ ենք, բայց մյուս կողմից՝ Հայաստանը, ֆորմալ առումով, ոչինչ չի արել իրեն դիրքավորելու համար այս հակամարտության կողմերից մեկի մոտ:

Զուտ ֆորմալ առումով Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու առիթներ գոյություն չունեն, բայց Արևմուտքում պրիմիտիվ մարդիկ չեն ու հասկանում են, որ Ռուսաստանը կարող է փորձել իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այսպես կոչված, ջրել՝ օգտագործելով ԵԱՏՄ երկրները, կոպիտ ասած՝ բիզնեսի մի մասը տեղափոխել ԵԱՏՄ երկրներ, որպեսզի ազատվի պատժամիջոցներից: 

Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում հնարավոր է երկու դեպքում. եթե Արևմուտքում գիտակցեն, որ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցներից խուսափել՝ օգտագործելով Հայաստանը, ինչն այդքան էլ շոշափելի դեպք չէ: Երկրորդ՝ եթե Մոսկվայի կողմից Հայաստանի իշխանության վրա ճնշում բանեցվի, ու վերջիններս իրենց պահեն, ասենք՝ Բելառուսի իշխանության պես, այս դեպքում, այո՛, պատժամիջոցներ կկիրառվեն:

Մնացած դեպքերում չեմ կարծում, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն, մանավանդ որ մեր տնտեսությունն առանձնապես իրենից որևէ բան չի ներկայացնում:

– Ձեր տպավորությամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ երկա՞ր կշարունակվի, թե՞ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով դադարեցնել պատերազմը:

– Ռուս-ուկրաինական պատերազմը երկար չի շարունակվի, որովհետև ռեսուրսների չափազանց մեծ կոնտրաստ կա: Ինչքան էլ արձանագրենք Ուկրաինայի հասարակության ազատատենչությունը կամ նրանց բանակի բավականին լավ պատրաստվածությունը, այնուամենայնիվ, մեծ հաշվով, Ուկրաինան հոգեվարքի մեջ է, ու վաղ թե ուշ, դա կլինի 7 օրից, թե 10 օրից՝ հստակ չեմ կարող ասել, բայց կարճ ժամանակ անց ակնհայտ կլինի, որ Ուկրաինայի դիմադրողական պոտենցիալը սպառված է, ու զուտ ռազմական առումով Ռուսաստանը հաղթանակ կտանի: 

Այլ խնդիր է, որ սա հակամարտության ավարտը չէ, որովհետև դրանից հետո պետք է կարողանալ վերահսկել Ուկրաինան, ինչն այնքան էլ հեշտ չի լինելու Ռուսաստանի համար, եթե չասեմ՝ գրեթե անհնար է լինելու: Հակամարտությունն ունի ավելի գլոբալ շերտ՝ Ռուսաստան-Արևմուտք հակադրություն, որը շատ տևական է լինելու, ու դրա մոտալուտ ավարտին սպասել պետք չէ, դա կարող է նույնիսկ տարիներ ձգվել: Օրինակ՝ Աֆղանստանի պատճառով Սովետական Միության ու Արևմուտքի հակադրությունը 10 տարուց ավելի տևեց:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am