«Որդուս նկարները էնտեղ ենք փակցրել, որ անընդհատ մեր կողքին լինի»․ Բարսեղը զոհվել է երեք ընկերների հետ միասին

50-ամյա Մարինե Եգանյանը հուզվում է՝ հիշելով որդու խոսքը։ Մայրն ասում է՝ տղան միշտ քաղցր բառերով էր իրեն դիմում. «Իր խոսքերն էին՝ մա՛մ ջան, մա՛յր իմ, սուրբ ու բարի, առանց «ջան»-ի ինքը չէր խոսում»։ 

Մարինեն որդուն՝ 19-ամյա Բարսեղ Պողոսյանին, կորցրել է պատերազմի ժամանակ։

Բարսեղ Պողոսյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Սեպտեմբերի 25-ից Բարսեղն արդեն դիրքերում է եղել։ Մարինեն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել են մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին, որդին ասել է՝ «Ամեն ինչ լավ ա, նորմալ ա»։

Այդ օրվանից հետո ծնողները չեն կարողացել որդու հետ կապ հաստատել։ Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց Մարինեն Ֆեյսբուքից է իմացել, որ որդին զոհվել է։ 

«Դեկտեմբերի 11-ին Ֆեյսբուքը թերթում էի, Ջաբրայիլի երեխեքի մասին նորություն էի ման գալիս, նայեմ՝ մի քանի հոգու անուններ են գրված, մեկը իմ Բարսեղի անունն էր։ Գրել էին՝ եթե երեխեքից ինչ-որ մեկը ճանաչում է, արձագանքե՛ք, հետո զանգեցինք, ասեցին՝ երեխեքի դիակները բերում են Երևան»,- հուզմունքով հիշում է մայրը։

Մայրն ասում է՝ որդու զինակից ընկերներից պատմել են, որ Բարսեղը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, արկի հարվածից։

«Առաջին օրը վիրավորվել ա ոտից, ընկերները փորձել են օգնություն ցույց տալ, էդ պահին սնարյադ ա ընկել, երեքն էլ զոհվել են»,- ցավով ասում է Մարինեն։

Մոր խոսքով՝ փետրվարին հաստատվել է որդու ԴՆԹ-ն։ 

Այդ օրվանից Պողոսյանների կյանքը գլխիվայր շրջվել է։ «էնքան որ գոյատևում ենք»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Բարսեղը Պողոսյանների կրտսեր որդին էր՝ երեք քույրերի սիրելի եղբայրը։ Մոր պատմելով՝ որդին հանգիստ, համբերատար բնավորություն ուներ, բոլորին աջակցում էր, օգնության հասնում․ «Եթե ինչ-որ մեկին խոստանում էր, եթե անգամ իր ուժերից վեր էր, ամեն ինչ կաներ, որ հասցներ, լրիվին հասնում էր։ Մեծից փոքր իրան սիրում էին»։

Մայրն ասում է՝ որդին ցանկացել է զինվորական դառնալ, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սակայն Մարինեն դեմ է եղել, քանի որ արդեն մեկ կորուստ ունեցել էր։ 

«Իմ ախպերս էլ զոհվել ա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ես միշտ վախենում էի, դրա համար չէի ուզում զինվորական դառնար։ Բարսեղը որոշել էր բանակից գալ, ԱԻՆ տար գործերը, փրկարար դառնար»,- ասում է մայրը ու հուզմունքով նշում՝ ամեն ինչ կիսատ մնաց։

Մարինեն ասում է՝ ապրում են որդու մասին հուշերով, վերհիշելով նրա խոսքերը, զրուցելով նկարի հետ, սակայն կարոտը անհուն է ու չփարատվող։

«Որդուս նկարները էնտեղ ենք փակցրել, որտեղ նստում ենք, որ անընդհատ մեր կողքին լինի, մեր ամեն ինչին ներկա լինի։ Ամենուր իրա շունչն ա, շատ ենք կարոտել»,- ասում է ու արտասվում մայրը։

Բարսեղ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am