«Ում անվանում եք ընդդիմություն, չեն էլ հասկանում՝ ինչ անեն, ուղղակի դրել մեկը մեկին կապկում են». Էդվարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մշակութային գործիչ, հեղինակային երգի կատարող Էդվարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, այս օրերին ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում, հանրահավաքներ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Դուք՝ որպես մշակութային գործիչ, ինչպե՞ս եք գնահատում այդ ակցիաները, ունե՞ն դրանք հանրային պահանջ: 

– Ի՞նչ են պահանջում:

– Իշխանափոխություն, որ գործող վարչակազմը հեռանա:

-Բայց նրանք չէ՞ որ ժողովրդին պետք է ինչ-որ բան ասեն, որ մարդիկ հասկանան՝ ինչու դուրս գալ փողոց: Մեծ հաշվով հասկանալի չէ՝ ինչո՞ւ պետք է մարդիկ նրանց կողքին կանգնեն: 

– Նրանց ներկայացմամբ՝ որպեսզի «ազգադավ և թրքահպատակ» իշխանությունը հեռանա:

– Բայց մենք էլ չենք ուզում, որ ռուսահպատակ իշխանություն գա:

– Կարծում եք՝ ընդդիմության գործիչները ռուսահպատա՞կ են:

– Վերջին պատերազմին չտեսա՞ք ինչ եղավ: Ասենք՝ Ցեղասպանության ժամանակ չենք իմացել՝ ինչ է եղել, էսօր չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում Ուկրաինայում: Ռազմավարական դաշնակից էր, ինչո՞ւ մեզ չօգնեց: Ընդհանրապես, պետք է հրաժարվենք այդ «ռազմավարական» բառից, երևույթից, որովհետև ահավոր բան է: Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելը ահավոր բան է:

– Կարծում եք՝ այս ակցիաներն ուղղորդվում են Ռուսաստանի՞ց:

– Անկասկած: Բա որտեղի՞ց, Թուրքիայի՞ց: Որտեղի՞ց, Ադրբեջանի՞ց: Ես ուղղակի համոզված եմ: Էլ ո՞վ պետք է ղեկավարեր այդ ամենը, եթե ոչ ԱԱԾ նախկին պետը: Իհարկե Ռուսաստանն է ուղղորդում: Ընդ որում՝ ոչ թե ուղղորդում է, այլ ինչ ասում է, այն էլ անում են: 

Ում անվանում եք ընդդիմություն, չեն էլ հասկանում՝ ինչ անեն: Ուղղակի դրել մեկը մեկին կապկում են: Ռուսաստանից սրանց ասում են՝ ա՛յ դեբիլներ, բա Նիկոլը ո՞նց եկավ իշխանության, սրանք էլ քայլ առ քայլ կրկնում են: Ո՛չ շնորհք ունեն, ո՛չ տաղանդ: Բացի բյուջեն գրպանելուց, ուրիշ շնորհք չունեին: Այսօր էլ ապացուցում են, որ շնորհք չունեն: Միակ երազանքը աթոռ ունենալն է, որ կարողանան մի ստորագրությամբ միլիոններ ստանալ, դղյակներ կառուցել: Երևի մի քանիսի միլիոնները վերջանում են, դղյակ կառուցելը կիսատ է մնացել: 

– Ասում եք՝ ընդդիմությունը կատարում է Ռուսաստանի պահանջները, ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ կատարում: Այսինքն՝ Ռուսաստանն ի դեմս Փաշինյանի չի՞ տեսնում իր դաշնակցի: Ի՞նչ կարծիքի եք:

– Ո՛չ, էս մարդիկ հիմա ձև են, որ փողոցում իբրև թե կա ձևավորված ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած պահի իշխանություն վերցնել, ինչը ես իհարկե բացառում եմ: Նրանք հիմա ուզում են ցույց տալ, որ եթե նույնիսկ կարողացան իշխանություն վերցնել, լինելու են պրոռուսական: Ովքե՞ր են հիմա դրանց մեջ: Քոչարյան Ռոբերտը չի՞, որ ամբողջ Հայաստանը կոպեկով հանձնեց ռուսին՝ բոլոր էներգետիկ ռեսուրսները Ռուսաստանին վաճառելով:

Ես վստահ եմ՝ նրանց աստղը էլ չի բարձրանա, ես բացառում եմ: Նրանք երբեք իշխանության ղեկին չեն մոտենալու:

– Ի՞նչն է ձեզ հիմք տալիս պնդելու, որ նրանք իշխանության չեն գա:

– Ժողովուրդը վերջապես ասեց՝ ոչ: Դե հիմա թող Նիկոլի նման տարիներ շարունակ գլուխները պատին տան, պատը գլխներին և հասկանան՝ այդ քայլելով չէ, փողոց փակելով չէ, որ իշխանություն պետք է վերցնել: Բա դուք ի՞նչ կուսակցություններ եք, շնորհք չունեք, որ զինակիցներ ունենաք: 

– Իրենք ասում են՝ Արցախի մի մասի կորուստը բավարար է գործող վարչապետին հեռացնելու համար: 

– Սահմաններին կոնսերվի բանկեք էին կապած, որ կորուստներ ունեցանք: Էն ժամանակ բոլորը տեսնում ու խոսում էին էդ մասին, ի վերջո, մարդկանց երեխեքը ծառայում էին բանակում, ամեն ինչ հայտնի էր, չէ՞: Թե՞ չգիտեին, որ տանկերի մեջ նավթ, սալյարկա չկար: Մինչ մերոնք դղյակներ էին կառուցում, Ադրբեջանը զինվում էր: 

Հասմիկ համբարձումյան 

MediaLab.am